Մատչելիության հղումներ

Կալանավորումից հետո Քոչարյանն առաջին անգամ դատարանում է՝ Մարտի 1-ի գործով

Երևանի դատարանում այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք բարձրաստիճան ենթակաների՝ Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի ու Յուրի Խաչատուրովի դատավարությունը։

Երկրորդ նախագահը դատարան է բերվել կալանավայրից՝ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ։ Սա «Մարտի 1-ի» ՝ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած արյունալի իրադարձությունների և տասը մարդկանց սպանության գործով Քոչարյանի առաջին նիստն է։ Այդ ժամանակ պաշտոնավարումն ավարտող երկրորդ նախագահն ու նրա ենթակաները մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու և ազդեցությունը չարաշահելու համար։

Մինչ այդ՝ օգոստոսի վերջին, Քոչարյանը երկու ամսով կալանավորվել էր մեկ այլ քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և կաշառք ստանալու համար։ Այս գործով կալանավորված է նաև նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։, երկուսն էլ մեղադրանքը չեն ընդունում։

Այսօր դատարանի բակում տեսնելով աջակիցներին՝ նախկին նախագահը կատակեց՝ «Ես ոնց-որ ձեզանից լավ եմ»։ Լրագրողների հարցերին, սակայն, չպատասխանեց։

Քոչարյանն առաջին անգամը չէ դատարանի առջև կանգնում Մարտի 1-ի գործով։ 2018-ի հեղափոխությունից հետո երկրորդ նախագահն ու նրա երեք ենթակաների դեմ մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար։ 2021-ին, սակայն, Սահմանադրական դատարանն այդ մեղադրանքի հիմքում դրված հոդվածը հակասահմանադրական ճանաչեց, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։ Հետագայում գործը վերաբացվեց այլ մեղադրանքներով։

2008-ի Մարտի 1-ին Երևանում ցուցարարների և ոստիկանության բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց։ Նրանց մահվան համար մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG