Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով 10 զոհերից և ոչ մեկի սպանությունը դեռ բացահայտված չէ


Երևանի կենտրոնում ուղիղ 14 տարի առաջ հետընտրական արյունալի իրադարձությունների հետևանքով մահացած 10 զոհերից և ոչ մեկի սպանությունը դեռ բացահայտված չէ։

Հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարեց, թե գործը բացահայտված է, միայն մեկ նախկին բարձրաստիճան ոստիկանի՝ 2008-ին ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար։ Միակ մեղադրյալը 2,5 տարի առաջ կալանքից ազատ արձակվեց, իրավապահները այդպես էլ չպարզաբանեցին, թե ինչ հիմքով նրա խափանման միջոցը փոխվեց։

Դրանից հետո դադարեցին ոչ միայն սպանությունների գործերի, այլև ապացույցներ կեղծելու, հանցագործություն պարտակելու համար մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դրվագների մասին հրապարակային հայտարարությունները։ 2,5 տարի շարունակ նախաքննական մարմինը առանց որևէ հստակության միայն հայտարարում է, թե նախաքննություն է ընթանում։

«18 թվականի հունիսից մեկնարկած թափով քննությունը բոլորովին նորմալ է, որ այսպիսի խոչընդոտների արդյունքում շատ դանդաղ ընթանա, շատ դեպքերում նաև ձախողի», - ասաց իրավապաշտպան Տիգրան Եգորյանը:

Մայրաքաղաքի կենտրոնում բողոքի ակցիաների մասնակցած զոհերի հարազատները դժգոհ են նախաքննությունից, տարիներ առաջ են կանչվել հարցաքննության և տեղյակ չեն հետագա զարգացումներից։ Նրանց փաստաբան Տիգրան Եգորյանը, մինչդեռ, օբյեկտիվ է որակում ստեղծված իրավիճակը։ Եգորյանը հաղորդակցվում է գործի քննությանը, բայց փաստեր չի ներկայացնում՝ նախաքննության շահերից ելնելով։

«Խոչընդոտներ ու խնդիրներ կան, որոնք ներդրվել և հարուցվել են գործի նախորդ էննության ընթացքում. կեղծված ապացույցներ, սուտ ցուցմունքներ, իրար հակասող տեղեկություններ, պայմանավորված գործողություններ ու ցուցմունքներ», - նշեց նա:

Փաստաբանը կարծում է, որ նախաքննական մարմինը բացահայտելու կամք ունի, բայց կա օբյեկտիվ իրականությունը՝ կեղծված, ոչնչացված ապացույցներով, ինչի համար մեղադրվում են գործը նախկինում քննած ՀՔԾ նախկին պետ Վահագն Հարությունյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

Մինչև սեպտեմբեր այս գործը քննում էր Հատուկ քննչական ծառայությունը, որի լուծարումից հետո այն փոխանցվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեին։ Եգորյանը հիշեցնում է, որ հենց ՀՔԾ-ն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործն ուղարկեց դատարան։ Բայց, ըստ նրա, ամեն ինչ ձախողվեց Սահմանադրական դատարանի ձեռամբ, երբ բարձր ատյանը հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանին և մյուսներին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, իսկ դրանից հետո դատարանն արդարացրեց ամբաստանյալներին։

«Ի պաշտոնե գործող անձանց էր վերաբերում այս մեղադրանքը, որոնց այդ գործողությունների կամ անգործության հետևանքով սպանվել են մարդիկ: Առավել էական դերակատարումը ոչ թե հարձակվող առյուծի գործողություններն են, այլ նրանց հարձակման մղած տերերի: Տվյալ դեպքում այն խումբը, որ Քոչարյանի գլխավորությամբ մեղադրվում, այնուհետև դատարանում ամբաստանվում էր սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով, դրանք են, որ պատասխանատու են նաև սպանությունների համար», - ընդգծեց փաստաբանը:

14 տարի առաջ մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում սպանված 9 զոհերի իրավահաջորդների փաստաբանը անցած սեպտեմբերին գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան։ Հայցում նա գրել է, որ Քոչարյանի և մյուսների արդարացման հետևանքով խախտվել են տուժողների իրավունքները։ Դատարանը գործն ընդունել է և կցել դեռ 2009-ին Ստրասբուրգ ուղարկված զոհերի հարազատների հիմնական գործին։ Փաստաբանը վկայակոչում է պետության այն գործողությունները, որոնք ձախողել են արդյունավետ քննությունը։

«Մեր ակնկալած Եվրոպական դատարանի վճռով պետք է փաստվի, որ Հայաստանի Հանրապետությունը ձախողել է կյանքի իրավունքի խախտման գործով արդյունավետ քննության իրավունքի պաշտպանությունն ու ապահովումը և ձախողել է կոնվենցիայի 13-րդ հոդվածով սահմանված իրավունքի ապահովումը, պաշտպանության միջոցի իրավունքը», - ասաց Եգորյանը:

2008-ի արյունահեղությունը չբացահայտելը իրավապաշտպան Վարդան Հարությունյանը երկրորդ մարտի 1 է որակում։ Հարությունյանը կարծում է, որ բացահայտման խոստում տված վարչապետ Փաշինյանն իրեն չի ընկալում այդ դեպքերի հասցեատերը։

«Իրեն պետք էր ուղղակի անձնական հաջողություններ գրանցել կամ գուցե իշխանության գալ, չեմ ցանկանում այդ ուղղությամբ խորանալ, նույնիսկ չէի ցանկանա լուրջ գնահատականներ տալ այդ դատավարական իրավաբանական ընթացքին Մարտի 1-ի», - նշեց իրավապաշտպանը:

Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին արդարացնելու որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ Գլխավոր դատախազությունը այն բողոքարկել է վճռաբեկ ատյանում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG