Կոշիկները հանելու շուրջ սուր բանավեճի առիթը ապօրինի գույքի բռնագանձման գործընթացն էր, որի շրջանակներում վարույթներ կան կալանավորված 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի բոլոր անդամների, ինչպես նաև նախկին այլ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ:
Վարչապետ Փաշինյանը երեկ ևս մեկ անգամ խորհրդարանի ամբիոնից պնդեց՝ անհնար է առանց թալանելու պաշտոնավարելուց հետո մի քանի հարյուր միլիոն դոլարի գույք կուտակել. «Ես 8 տարի է՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ: Այսինքն՝ դուք խելոք եք, մենք՝ ոչ էնքա՞ն: Ասում է՝ հա... հեսա կտենանք ով է խելոքը»:
«Թալանչի եք, թե ոչ, կպարզվի, երբ պաշտոն չզբաղեցնեք: Կարող է թալանելու կարիք չունենք, Հայկ Սարգսյանը բացահայտել է, որ ամենաբարձր մակարդակով օնլայն կազինոները վայելում են իշխանության հովանավորչությունը», - ասաց «Հայաստան» խմբակցությանից Ագնեսա Խամոյանը:
Փաշինյանը նախօրեին վերահաստատեց իր մտադրությունը՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքում փոփոխություններ են կատարելու՝ վերացնելով հաշտության հնարավորությունը:
Դեռևս 2020 թվականին ընդունված օրենքով, անձը, ում նկատմամբ ապօրինի գույքի գործով վարույթ է հարուցված, կարող է հաշտության համաձայնություն կնքել, եթե պարտավորվում է պետությանը փոխանցել ապօրինի գնահատված գույքի արժեքի 75 տոկոսը։
Վարչապետը կարծում է, որ այդ գործերով անցնող նախկին պաշտոնյաները մինչև օրս բավարար ժամանակ ունեցել են, իր բնորոշմամբ, պետությունից գողացածը ետ վերադարձնելու համար, և հիմա եկել է այդ գույքերը 100 տոկոսով բռնագանձելու ժամանակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Աղիողորմ մռնչյունները՝ դաս թալանողների համար». Փաշինյանը մտադիր է 2 մլրդ դոլար վերադարձնելԱպօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը Արդարադատության նախարարությունն արդեն մշակել է, առաջիկայում այն նախատեսվում է դնել հանրային քննարկման։
Հաշտության մեխանիզմն, ըստ փաստաբանի, չհաշված մի քանի բացառություններ, պարզապես չի գործում
Արդյոք մինչև օրենքի փոփոխությունը այս վարույթներով անցնող անձինք կշտապե՞ն օգտվել գործող հաշտության ընթացակարգից, այսինքն, գույքի 75 տոկոսը տալ, մնացածը պահել:
Շուրջ մեկ տասնյակ ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով պաշտպանական գործունեություն իրականացնող Արամ Օրեբլյանն ասում է, որ նախ օրենքի փոփոխության կարիք չկա, քանի որ այսօր էլ դատախազությունը կարող է ուղղակի մերժել հաշտության կնքումը:
Ինչ վերաբերում է հաշտության մեխանիզմին, ապա փաստաբանի պնդմամբ, չհաշված մի քանի բացառություններ, այն պարզապես չի գործում: Ըստ Օրբելյանի, դատախազությունը բռնագանձման չհիմնավորված այնպիսի չափեր է սահմանում, որ տվյալ անձը դրանք պետությանը վերադարձնելու համար ստիպված պետք է լինի ոչ միայն իր բոլոր գույքերը տալ, այլ մի բան էլ պարտք անել: Դրա համար վարույթով անցնող անձինք շահագրգռված չեն օգտվել այդ մեխանիզմից:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից մինչև օրս, այսինքն, անցած 6 տարիների ընթացքում, հաջողվել է կնքել ընդամենը 11 հաշտության համաձայնություն։ Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցել են, որ այս ընթացակարգով բռնագանձվել է 8 անշարժ և 2 շարժական գույք: Հաշտության համաձայնությունների դրամական արժեքը շուրջ 15 միլիոն դոլար է։
Ընդորում, ըստ գլխավոր դատախազի ներկայացրած տվյալների, ընդհանուր վերադարձված ապօրինի գույքի արժեքը կազմում է շուրջ 16 միլիոն դոլար:
Վարչապետ Փաշինյանը, սակայն, մտադիր է մինչև 2031 թվականը 2 միլիարդ դոլարի գույք վերադարձնել: Չնայած թերհավատներին, վարչապետը սա իրատեսական է համարում: Առյուծի բաժինը Փաշինյանի հաշվարկներով հնարավոր կլինի ստանալ նախկին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանից:
«Հրապարակվեց ֆինանսների նախկին նախարարի ապօրինի գույքի ցանկը՝ մի միլիարդ դոլարից ավելի էր, այսինքն, եթե արդարադատություն իրականացվի, մի գործով էդ վերադարձը կապահովենք», - նշեց Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Ապօրինի ձեռք բերված կոշիկն էլ վերցնելու ենք». Փաշինյանը փոխում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգըՓաստաբան Արամ Օրբելյանը, սակայն, հիշեցնում է՝ դատախազության տարածած հաղորդագրության մեջ Գագիկ Խաչատրյանին վերագրվող 1.5 միլիարդ դոլարի պարտատոմսերի առկայության մասին տեղեկությունը կեղծ էր, այդ հրապարակումից հետո դատախազությունը, իհարկե, ուղղեց վրիպակը: Խոսքը ոչ թե 1,5 միլիարդի, այլ 1.5 միլիոն դոլարի մասին է: Սակայն այդ կոպիտ սխալի համար, ըստ փաստաբանի, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց: Պարզ չէ՝ երբ վարչապետը խոսում էր Խաչատրյանին վերագրվող 1.5 մլրդ դոլարի մասին, արդյոք դատախազության վրիպակով հաղորդագրությա՞նն էր հղում անում, թե՞ այլ տեղեկություններ ունի:
Արդյոք ապօրինի գույքի բռնագանձման վարույթներով առաջիկա 5 տարում 2 միլիարդ դոլարի գույքի բռնագանձումը իրատեսակա՞ն է: Փաստաբան Արամ Օրբելյանն ասում է՝ այո, իրատեսական է, եթե այն տեղի է ունենալու դիկտատուրային բնորոշ գործիքակազմով, երբ մի մարդու քմահաճույքով գործարարները զրկվում են իրենց ունեցվածքից:
Ի դեպ, Փաշինյանը երեկ պատասխանելով այս թեմայով ընդդիմադիր պատգամավորների հարցերին, զգուշացրեց՝ նաև նրանց շահերից է բխում, որ դատարանները արդարադատություն իրականացնեն, հակառակ դեպքում գործի է անցնելու ժողովուրդը: