Մատչելիության հղումներ

70 հատոր, 60 քննիչ Ռոբերտ Քոչարյանի գործում. ինչպե՞ս է նախագահի ընտանիքը ձեռք բերել տասնյակ գույքեր

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր առաջնորդած «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր առաջնորդած «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.

Հակակոռուպցիոն կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան նախօրեին Հանրայինի եթերում ամեն կերպ վստահեցնում էր՝ վարչապետի ցուցումով չէ, որ կոմիտեն կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին ու նրա որդուն, և խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի զգուշացումները ոչ մի կապ չունեն իրենց վարույթի հետ:

«Վարչապետի էդ օրվա հայտարարությունը լիներ, չլիներ, էս գործընթացը... », - սրան Հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Դավիթ Կոստանդյանն արձագանքեց. - «Ձեր ասած հանգամանքը եթե նույնիսկ չլիներ, մենք 25-ին մեր գործողություններն անելու էինք: Լիներ՝ անելու էինք, չլիներ՝ անելու էինք, այսինքն՝ որևէ կապ չկա»:

Փաշինյանը, խորհրդարանում դիմելով Հայաստանի երկրորդ նախագահի որդուն՝ Լևոն Քոչարյանին, մասնավորապես հայտարարել էր. - «Ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեք ձեր երեխաների՞ն, ձեր երեխաներն էլ՝ իրենց երեխաների՞ն: Ես ձեզ, կներեք, ուղիղ ասում եմ, որ չի լինելու էդ բանը»:

Ցույց տալու համար, որ այս գործը քաղաքական չէ, ինչպես պնդում են ընդդիմադիրները, Դավիթ Կոստանդյանը պնդում էր, թե Քոչարյաններին վերագրվող քրեական վարույթի վրա սկսել են աշխատել դեռ 2024-ից:

Ընդ որում, 70 հատորից բաղկացած բազմադրվագ այս գործի վրա միանգամից 60 քննիչ է աշխատում. քննության առարկա են «մի քանի տասնյակ անշարժ գույքերի մասնավորեցման գործընթացում թույլ տրված չարաշահումներ, միլիարդավոր դրամների փոխանցումներ»:

Ինչ վերաբերում է օգոստոսի 25-ին Քոչարյանների հետ փոխկապակցված 35-ից ավելի հասցեներում իրականացված խուզարկություններին, ապա, ըստ Կոստանդյանի, դրա վերաբերյալ միջնորդությունը դատարան էին ներկայացրել դեռ օգոստոսի 21-ին, մինչդեռ Փաշինյանի ելույթը օգոստոսի 24-ին էր:

Քոչարյանին ներկայացված մեղադրանքի շուրջ՝ հակասական պնդումներ

«Ռոբերտ Քոչարյանի հանրային քրեական հետանդումը ոչ թե օգոստոսի 25-ին է հարուցվել, նա ապրիլ ամսին արդեն իսկ այս գործով որպես մեղադրյալ է ներգրավված եղել: Այո, մեկ այլ դրվագով՝ ընդամենը մի դրվագով մեղադրյալ ,է ներգրավված եղել, և ընտրվել է խափանման միջոցը՝ բացակայելու արգելք», - ասում էր Կոստանդյանը:

Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, մինչդեռ, հակադարձում է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյայի պնդումները սուտ են, Քոչարյանին «Օրանժ Ֆիթնես»-ի գործով մեղադրանք էր ներկայացվել հունիսին 17-ին:

Ընդ որում, հունիսի 14-ին, երբ ըստ փաստաբանի երկրից բացակայելու որևէ արգելանք չկար, Քոչարյանին օդանավայականում անակնկալ թույլ չտվեցին մեկնել Հայաստանից, և դրանից օրեր անց միայն նոր մեղադրանք ներկայացվեց նախկին նախագահին:

Հանրայինի եթերում Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան երեկ կոնկրետ օրինակներով էր ներկայացնում, թե ինչպես են պետական գույքերը մասնավորեցվել ինչ-որ ընկերությունների կողմից, բայց հետո փոխանցվել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ այժմ կալանավորված Սեդրակ Քոչարյանին:

19-ամյա աղջիկը, «Կապուտակ Սևան»-ն ու նվիրատվությունը

Կոստանդյանը պատմում էր, օրինակ, «Կապուտակ Սևան» հանգստավայրի մասին, որը ժամանակին վաճառվել մի ընկերության, որի տնօրենը 19-ամյա աղջիկ էր, հետո այդ աղջիկն իր ընկերության 50 տոկոսը փոխանցել է Սեդրակ Քոչարյանին:

Հարցին՝ ինչո՞ւ, պաշտոնյան արձագանքեց.- «Որովհետև, վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ, ի սկզբանե այդ գույքի հենց փաստացի սեփականատերը եղել են այսօր քրեական վարույթով որպես մեղադրյալ ներգրավված անձինք, այսինքն՝ երկրորդ նախագահը և նրա հետ... Մեր գնահատմամբ՝ ի սկզբանե է եղել նման պայմանավորվածություն, այսինքն՝ էդ գործարքները ձևական է եղել»:

Նույն սխեմայով, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, արդեն նույն երիտասարդ աղջկա քույրը ձեռք է բերում այժմյան «Փլեյ Սիթի»-ի 4 հեկտար տարածքը, բայց հետագայում այն կրկին փոխանցում է Սեդրակ Քոչարյանին. - «Մի քանի տարի հետո նորից էլի 50 տոկոսը փոխանցվում է Սեդրակ Քոչարյանին՝ նվիրատվությամբ»:

«Փորձում են ճնշում գործադրել դատավորների վրա»

Քոչարյանների փաստաբան Արամ Օրբելյանը, սակայն, մանիպուլյացիա է որակում այս մեղադրանքները: Կոնկրետ «Փլեյ Սիթի»-ի դեպքում պնդում է, որ այդ ընկերության 50 տոկոսի նվիրատվությունը եղել է այն ժամանակ, երբ ընկերությունը դեռ որևէ գույք չի ունեցել:

Իսկ ինչպե՞ս էր ստացվել, որ տարբեր գործարքներում ընդգրկված, ապա իրենց գույքը Սեդրակ Քոչարյանին փոխանցողները միևնույն ընտանիքի անդամներ են եղել:

«Բայց էդտեղ ոչ մի կասկածելի բան չկա, դժվար է՞, որ պարոն Քոչարյանը՝ Սեդրակ Քոչարյանը, ունենա բիզնես գործընկեր կոնկրետ պրոյեկտներից մեկով, կամ երկուսով», - ասաց Օրբելյանը:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, թե հենց Ռոբերտ Քոչարյանն է վավերացրել կառավարության որոշումները, որոնցով պետական գույքը սեփականացվել ու հետագայում փոխանցվել է իր որդուն, ապա փաստաբանը նշում է, թե 95 թվականի Սահմանադրությամբ կառավարության բոլոր որոշումները վավերացնում էր հենց նախագահը, և այդ հազարավոր որոշումները ստուգելու լիազորություն նա չի ունեցել:

Նույն կերպ, ըստ Արամ Օրբելյանի, Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում սեփականաշնորհված բոլոր գույքերը կարելի է վերագրել երկրորդ նախագահին: Փաստաբանի պնդմամբ՝ այժմ իշխանության թելադրանքով փորձում են ամեն կերպ ցույց տալ, թե՝ «տեսե՛ք, թալանել են», մինչդեռ առկա են բոլոր գույքերի ձեռքբերման տվյալները, թե կոնկրետ ինչ դրամական միջոցներով և ինչպես են դրանք գնվել:

Փաստաբանի խոսքով՝ քանի որ գործը իրավական առումով որևէ հիմք չունի, իշխանությունը փորձում է քաղաքական հայտարարություններով ճնշում գործադրել դատարանների վրա՝ իր համար ցանկալի արդյունք ապահովելու նպատակով:

Ի՞նչ հանք է վաճառվել 6 միլիոնով

Ի դեպ, Հակակոռուպցիոն կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան երեկ մեկ այլ դրվագով ընթացող քննության մասին էլ փակագծեր բացեց՝ պնդելով, թե Սեդրակ Քոչարյանը, չունենալով հանք,Հայաստանում հանքի վաճառքից 6 միլիոն դոլար է ստացել, և այժմ փորձում են պարզել՝ ինչպե՞ս է դա տեղի ունեցել:

«Սեդրակ Քոչարյանը Հայաստանում հանքի ունի՞: Պիտի պարզենք, էլի, մենք էլ չգիտենք», - ասաց Կոստանդյանը՝ հավելելով. - «Դե պիտի ունենար, որ ծախեր, կամ էլ, չգիտեմ, ո՞նց է նշվել, որ հանք է վաճառվել 6 միլիոնով»:

Փաստաբան Արամ Օրբելյանն ասաց, թե այս մասով տեղեկատվության չի տիրապետում, հանքի վերաբերյալ ոչ քրեական վարույթում և ոչ էլ ապօրինի գույքի բռնագանձման վարույթներում որևէ տեղեկություն չկա:

Կալանավորված Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալու հոդվածներով: Քոչարյանները մեղադրանքը չեն ընդունում: Այս գործով անցնում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նրան արգելեվել է հեռանալ երկրից:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG