Մատչելիության հղումներ

Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է, «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից։

Խաչատրյանի նկատմամբ երեկ նոր քրեական հետապնդում էր հարուցվել՝ կաշառք ստանալու, գումարներ վատնելու, գույքն ապօրինի օտարելու և գումարի հանցավոր ծագումը քողարկելու հոդվածներով։ Դրանից հետո Քննչական կոմիտեն դիմել էր դատարան՝ նախկին պաշտոնյային կալանավորելու միջնորդությամբ։


71-ամյա Խաչատրյանի փաստաբանները պնդում են, որ նրա առողջական վիճակը թույլ չի տալիս մասնակցել քննչական գործողություններին։ Նրանք ավելի վաղ նկարահանված տեսանյութեր էին հրապարակել, որոնցից մեկում ԱԱԾ աշխատողները Խաչատրյանին անկողնուց պատգարակի վրա են տեղափոխում, մյուսում նա պատգարակով, ենթադրաբար, դատարանում է։

Գլխավոր դատախազությունը, սակայն, հակառակն է պնդում։ Ըստ գերատեսչության՝ հանձնաժողովային փորձաքննությամբ Խաչատրյանի մոտ այնպիսի առողջական խնդիրներ չեն արձանագրվել, որոնք կխոչընդոտեին քրեական վարույթի շրջանակում գործողություններին նրա մասնակցությանը։

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան և նրա ընտանիքի անդամները նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով են անցնում։


XS
SM
MD
LG