Այս տարվա 4 ամիսներին 5-րդ մահվան դեպքն է գրանցվել բանակում՝ խաղաղ պայմաններում: Այս անգամ նույնպես նախ Shamshyan.com-ը առաջինը հայտնեց լուրը՝ տեղեկացնելով, որ մահացել է 19-ամյա Նարեկ Հակոբյանը, ՊՆ-ն միայն ժամեր անց հաստատեց տեղեկությունը:
Shamshyan.com-ի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 16:00-ի սահմաններում․ զինծառայողը մահացել է զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հոսպիտալ է տեղափոխվել Նուբարաշենի կրակարաններից (պոլիգոնից)՝ հրազենային վնասվածքով։ «Ազատության» տեղեկություններով՝ զինծայառողը Երևանից էր:
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: Այլ մանրամասներ չեն փոխանցում, պարզ չէ՝ արդյոք գործով ձերբակալվածներ ու կասկածյալներ կան:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ասում է՝ բանակում մահվան դեպքերի մասին իրենց վիճակագրությունն այլ է. «Մեր տվյալներով այս պահի դրությամբ 12 զինծառայողի մահացության դեպք է արձանագրվել 2026 թվականին։ Ասեմ, որ դեպքերի մի մասը հրապարակային չի եղել, այսինքն՝ մենք իմացել ենք դատախազությունից և հիմնականում դրանք այն դեպքերն են, որոնք զինվորական ծառայության հետ չկապված են դասակարգվել»,- ասաց Նազելի Մովսեսյանը։
Բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպանի խոսքով՝ 2017-ից հետո իրավապահները զինծառայողների մահվան դեպքերը բաժանում են երկու խմբի՝ ծառայության հետ կապված և չկապված։ Մովսեսյանն ասում է՝ սովորաբար զորամասից դուրս տեղի ունեցած դեպքերը՝ վթարներ, արձակուրդում մահերը կամ առողջական խնդիրներից մահերը, դասակարգվում են որպես ծառայության հետ չկապված։ Սակայն իրավապաշտպանի գնահատմամբ՝ այս մոտեցումը միշտ չէ, որ ճիշտ է, քանի որ որոշ դեպքեր կարող են պատճառահետևանքային կապ ունենալ հենց զինծառայության հետ:
Մինչդեռ ավելի վաղ, ԱԺ-ում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զայրացել էր, թե ինչո՞ւ են բանակին վերագրվում նաև այն դեպքերը, որոնք ծառայության ընթացքում չեն եղել: Ըստ նախարարի՝ 2025-ի ընթացքում բանակում մահվան 30 դեպք է արձանագրվել, որից միայն 6-ն է զինծառայության հետ կապված եղել, իսկ 24-ի մահվան դեպքերը ծառայության հետ կապ չունեն: Պատճառները, ըստ գերատեսչության ղեկավարի, տարբեր են՝ ավտովթարներից մինչև հիվանդություններ:
«Էս ամենը գումարում են իրար էդ 30 դեպքը ներկայացնում են, որ ամբողջ օրը բանակում ավտոմատն առած ժամկետային զինծառայողներն իրար կոտորում են կամ իրար նվաստացնում են, որ ինքնասպան լինեն։ Մենք չենք հերքում, որ բանակում կան խնդիրներ, մենք չենք հերքում, որ բանակում կան ոչ կանոնադրային հարաբերություններ, մենք դրա մասին ինքներս ենք բարձրաձայնում, բայց էս կերպ փորձել անընդհատ ահաբեկել ու ցավեցնել մեր հասարակությանը, սա մի բանի մասին է՝ էս բոլոր հավաքական խմբերը, նորից եմ ասում, նաև արտախորհրդարանական նոր ձևավորվող նորելուկ կուսակցությունները, նրանք բոլորը մահվան և պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են, սիրելի հայրենակիցներ»,- հայտարարել էր պաշտպանության նախարարը։
Ըստ իրավապաշտպան Նազելի Մովսեսյանի՝ վիճելի են նաև հարուցվող հոդվածերը: Երեկ մահացած 19-ամյա Նարեկ Հակոբյանի մահվան դեպքով Քննչական կոմիտեն ինքնասպանության հասցնելու հոդվածով է քրեական գործ հարուցել: Իրավապաշտպանը կարծում է, որ այդ հոդվածն ընտրվում է նաև մեծ աղմուկից խուսափելու համար:
«Սա չի նշանակում, որ ինքնասպանության դեպքերի մասին աղմուկ չի բարձրանալու, որովհետև ինքնասպանության դեպքերն ինքնին արդեն մտահոգիչ են այն իմաստով, որ դա վկայում է, որ զինված ուժերում միջանձնային հարաբերությունների խնդիրներ կան, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի խնդիրներ կան, և ինչպես գիտենք, քրեական բարքերի առկայությունը զինված ուժերում դեռևս կա, այսինքն՝ նախնական հոդվածը դնելով որպես ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հոդված, դեպքը ավելի քիչ ուշադրություն դարձնող չի դառնում, հակառակը»,- շեշտում է իրավապաշտպանը։
Պաշտապանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն չեն մանրամասնում, թե ո՞ր զորամասում է դեպքը եղել, կամ արդյո՞ք Shamshyan.com-ի նշած Նուբարաշենի պոլիգոնում է ժամկետային զինծառայողը մահացու վիրավորվել, արդյո՞ք հրազենային վնասվածքից է մահը վրա հասել:
Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը, որ պնդում է՝ բանակում դեռ լուրջ խնդիր է ոչ կանոնադրային հարաբերությունը, նաև նշում է. «Դեպքերը չեն նվազել, ուղղակի, անցած տարվա օրինակով ասեմ, որ 34 մահացության դեպք է արձանագրվել, չնայած զինվորական ծառայության հետ կապված դեպքերը պաշտպանության նախարարի կողմից նշվեց 6-ն են, ամեն դեպքում նեղ նայել դեպքերի պատճառներին, սխալ է, որովհետև շատ դեպքերում, եթե նույնիսկ դեպքը չի արձանագրվում զորամասի ներսում այն կարող է ուղղակիորեն կապ ունենալ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ։ Հիշենք, այս տարվա դեպքերից մեկը, երբ սպանություն էր տեղի ունեցել, այն պատճառով, որ տեղի էր ունեցել վեճ, որի ընթացքում զինծառայողներից մեկը հայհոյանք էր հնչեցրել, այսինքն՝ այս մտածելակերպը դեռևս զինված ուժերում շարունակում է դրսևորվել»։
Այս տարվա ընթացքում գրանցված մյուս չորս դեպքերը հարուցվել են մահվան պատճառ դարձած զինվորական անփութության, ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու հոդվածներով: