Զինծառայող Վահան Պետրոսյանի մահից միայն երկու օր անց իրավապահները հայտնեցին՝ նրան անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով մեկ անձ ձերբակալվել է, և նրան կալանավորելու միջնորդություն են ներկայացրել դատարան:
Պաշտպանության նախարարությունը հունվարի 14-ին հայտնեց ողբերգական լուրը՝ հայտնաբերել են զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով: Ուղիղ մեկ օր առաջ նախարար Սուրեն Պապիկյանը բանակում նման ողբերգությունների նվազման ու կարգուկանոնի հաստատման ուղղությամբ շոշափելի արդյունքների մասին էր խոսում:
«2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ այս ուղղությամբ, և սա վերաբերում է հիմնականում կանոնադրային հարաբերությունների խախտմանը և դրա հետևանքով սպանությունների դեպքերին», - ասում էր նախարարը:
Վահան Պետրոսյանի մահից հետո այլ մանրամասներ ոչ Պաշտպանության նախարարությունը, ոչ էլ Քննչական կոմիտեն երկու օր շարունակ չէին հայտնում, անգամ չէին մատնանշում էին քրեական գործի հոդվածը: Մինչ այս պահը չեն տեղեկացրել, թե ով է ձերբակալված անձը՝ նրա ծառայակի՞ցն է, թե՞ գուցե վերադասն է:
«Մենք տեսնում ենք տոտալ վերահսկողություն՝ ինֆորմացիան աղավաղելու, ինֆորմացիա չտալու: Ես երբ որ կարդում եմ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, ես տեսնում եմ, թե դրանք ինչ խղճուկ հաղորդագրություններ են, կամ Քննչական կոմիտեի», - «Ազատության» հետ զրույցում ասաց բանակի խնդիրներով երկար տարիներ զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Իրավապաշտպանը պնդում է՝ պատկան մարմինները փորձում են ամեն կերպ կոծկել տեղեկատվությունը, ասում է՝ նախկինում հաղորդագրությունները գոնե պատշաճ էին:
«Երևի սպասում էին ինչ-որ հրահանգի, թե ինչպես որակեն հանցագործության դեպքը, ու և հիմնականում, ինչպես գիտեք, ինքնասպանություն են որակում, և էդ ինքնասպանությունները, որը մեր կազմակերպությունը բազմաթիվ այդպիսի դեպքեր է ուսումնասիրել, ներգրավված եղել մեր փաստաբանը, դրանք սպանություններ են», - պնդեց Ալեքսանյանը:
Մեկ ամիս առաջ էլ Պաշտպանության նախարարությունը զինծառայող Սմբատ Կիրակոսյանի մահվան մասին հայտնեց՝ կցկտուր ձևակերպումներով, Քննչականն էլ ողբերգությունն ինքնասպանություն որակեց:
«Դե իրենք էդպես որոշում են, էլի, նախարարը նաև երևի Քննչականի վրա ունի իր ազդեցությունը, այսինքն՝ միշտ էլ կապի մեջ են, դա էլ մահվան դեպքերով իրար հետ են որոշում՝ ինքնասպանություն որակել, ինքնասպանություն չորակել, կապ չունի, թե, ասենք, սպանություն է տեղի ունեցել: Մենք հենց հիմա մի գործ ունենք քրեական՝ երկու կրակոցով՝ մենահատային կրակոցներով, գլխին, ինքնասպանություն որակված, յոթ տարի է դատարաններում էստեղից էնտեղ են տանում», - նշեց իրավապաշտպանը:
Օրերս բանակում կարգուկանոնի մասին խոսելիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ոչ մի բառ չասաց ինքնասպանությունների մասին՝ պնդելով, թե անցած տարի սպանություն չի եղել, միայն ավելի ուշ՝ լրագրողի հարցին ի պատասխան, խմբագրեց իր հայտարարությունն ու անդրադարձավ նաև ինքնասպանությունների դեպքերին:
«Ի՞նչ իրավունքով է նախարարը քննության տակ գտնվող գործերով եզրահանգումներ անում, որ ինքնասպանություններ են և վերջ», - շեշտեց Ժաննա Ալեքսանյանը:
2007-ին ծնված Վահան Պետրոսյանը Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան էր, 6 տարեկանից հենց այնտեղ է սկսել ֆուտբոլ խաղալ ու մինչ նախորդ ամռանը բանակ զորակաչվելը մի քանի անգամ խաղացել է «Ուրարտու»-ի երկրորդ թիմի կազմում: