Մատչելիության հղումներ

Այս տարի մահվան երկրորդ դեպքը բանակում

Լրացված
Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

22-ամյա զինծառայող Դավիթ Մանուկյանը ինքնասպա՞ն է եղել, թե՞ նրան սպանել են. երեք օր առաջ քրեական գործ հարուցած իրավապահները դեռ չեն պատասխանում այս հարցին: Քննչական կոմիտեից միայն փոխանցում են՝ վարույթ են նախաձեռնել, թե ինչ հոդվածով, դեռ չեն մանրամասնում: «Ազատության» տեղեկություններով՝ քննիչների հիմնական վարկածն ինքնասպանությունն է:

Պայմանագրային զինծառայողը Բագրատաշեն գյուղից էր: Վարչական ղեկավար Սարգիս Անտոնյանն «Ազատությանը» փոխանցեց՝ երիտասարդը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում, վերջերս էր ծառայությունից տուն եկել, պատմել, որ ամեն ինչ լավ է բանակում:

«Պաշտպան հայրենյաց» ծրագրով հինգ տարով պայմանագիրը կապել էր, երեք տարուց ավել ինքը արդեն ծառայության մեջ էր: Արդեն աշխատավարձով, ինքը ատեստացիան անցել էր, բարձր աշխատավարձ էր ստանում», - ասաց Բագրատաշենի վարչական ղեկավարը:

Դավիթը իրենից փոքր քույր ունի: Գյուղում բոլորն են շոկի մեջ:

«Իրենց հրամանատարներն էլ, բոլորն էլ ասել են, որ ինքը շատ լավ ծառայող, շատ լավ երեխա էր: Այստեղ էլ են՝ գյուղում իրեն ճանաչում են որպես խելոք, համեստ երեխա: Ծնողները նորմալ մարդիկ են, նորմալ իրենց համար ապրող ընտանիք են, աշխատող», - նշեց վարչական ղեկավարը:

Դավիթ Մանուկյանն այս տարվա ընթացքում բանակում մահացած արդեն երկրորդ զինծառայողն է։ Ընդհանուր առմամբ, վերջին երեք ամիսների ընթացքում Զինված ուժերում մահվան երեք դեպք է գրանցվել։ Երկուսը ինքնասպանության հասցնել է որակվել: Քննությունից շատ մանրամասներ հայտնի չեն, մեղադրյալները զինվորների ծառայակիցներն են:

«Խաղաղություն բերեք բանակին». իրավապաշտպան

«Խաղաղությունից են ամբողջ օրը խոսում, խաղաղություն բերեք ձեր բանակին», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Այդ մարդիկ գնում են հայրենիքի համար ծառայության, դուք ի՞նչ եք անում: Որպեսզի ցույց տաք, որ ցածր թվեր կա՞ն: Այս ամեն մի մահը մի կյանք է մի ընտանիքի», - ընդգծեց իրավապաշտպանը՝ շարունակելով. - «Ի՞նչ է անում պաշտպանության նախարարը: Որևէ ծնող, որևէ ընտանիք չի կարողանում հանդիպի նրա հետ ու հարցնի, թե «ինչո՞ւ եք սպանում իմ զավակին»:

Արդեն երկու տասնամյակ բանակի հարցերով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը բարեփոխումներ չի տեսնում. - «Պատասխանատվությունը կրում է փակ համակարգի ղեկավարությունը, անձամբ նախարարը, թե ինչ եք անում դուք, որ էդ ինքնասպանությունները նշանակում է՝ կա մթնոլորտ, որը զինվորին տանում է դեպի ինքնասպանությունը: Այ սա է ամբողջ հարցը»:

Իրավապաշտպանի գնահատմամբ՝ բանակի ղեկավարությունն արդյունավետ քայլեր չի անում՝ վերացնելու փակ համակարգում տիրող փողոցային բարքերը: Դրա մասին խոսում են հենց մահվան դեպքերը:

«Էդ խոսքերով չի, էդ գործերով է, և ոչինչ չի արվում բանակի ներսում էդ մթնոլորտը փոխելու համար», - պնդում է Ալեքսանյանը:

Մինչդեռ ռազմական գերատեսչության պատասխանատուները գոհ են իրենց աշխատանքից: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էր վերջերս հայտարարել «կարգապահության բարձրացման» մասին, ընդգծել՝ անցած տարի բանակում մահվան վեց դեպք է գրանցվել, որոնցից երկուսը ինքնասպանություն է որակվել, իսկ սպանության դեպք չի եղել:

«Կարգապահության բարձրացման ուղղությամբ նույնպես էական աշխատանքներ են կատարվել այս տարիների ընթացքում, և ես պիտի կարևորեմ 2025 թվականը, որովհետև 2025 թվականին մենք ունենք շոշափելի արդյունքներ», - ասել էր նախարարը:

Պաշտպանության նախարարության պաշտոնական «Զինուժ» հաղորդումն էլ այսօր տարածած տեսանյութում ընդգծում է, որ զորամասերում կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումներն ընթանում են ամենօրյա ռեժիմով. - «Շոշափելի ձեռքբերումներ են արձանագրվել օրինապահության և կանոնադրային հարաբերությունների ամրապնդման գործում: Սրա խոսուն վկայությունն այն փաստն է, որ 2025 թվականի ընթացքում բանակում ծառայության հետ կապված հանգամանքներում սպանության ոչ մի դեպք չի արձանագրվել»:

Իրավապաշտպան Ալեքսանյանը, սակայն, հակադարձում է՝ ի՞նչ է նշանակում ծառայության հետ կապ չունեցող մահեր փակ համակարգում: «Ինքնասպանության յուրաքանչյուր դեպքի պատասխանատուն էլ եք դուք», - ասում է նա:

«Կարգուկանոնի մասին խոսելով չի: Եվ ծառայության հետ կապ ունեցող կամ չունեցող՝ հորինված, մոգոնված այդ տեսակետները, որ ծառայության հետ կապ ունի և կապ չունի էդ մահերը, նրանք ուղղակի չեն մտածում էդ զինվորների մասին, որոնք էդպես սպանվում են բանակում», - նշում է Ժաննա Ալեքսանյանը:

«2026-ը՝ բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի»

Նախարար Պապիկյանն, ի դեպ, այս տարին հռչակել է բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի:

«Եվ մեր ջանքերն ուղղելու ենք բանակում բիրտ, արատավոր և քրեածին բարքերը բացառելու, կանոնադրային հարաբերությունները, օրենքի առաջ բոլոր հավասարության սկզբունքն ու պատժի անխուսափելիության գաղափարն ամրապնդելու նպատակի իրագործմանը», - հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Իրավապաշտպանը, սակայն, թերահավատ է՝ իշխանությունը փակել է բանակը, պառակտվել է քաղաքացիական հասարակությունը, և մի քանի քննադատի խոսքը տեղ չի հասնում:

22-ամյա Դավիթ Մանուկյանի ողբերգական մահվան հանգամանքները պարզելուց բացի, իրավապահներն այս օրերին մեկ այլ քննություն են անցկացնում` պարզելու, թե ով կամ ովքեր են Նուբարաշենի զորամասի մոտ դաժան ծեծել պայմանագրային զինծառայող Ավետիք Մկրտչյանին: Նրա վիճակը ծանր է: Քննչականը միայն փոխանցում է՝ վարույթը նախաձեռնվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով: Իրավապաշտպանի կարծիքով՝ սա ևս Զինված ուժերում տարածված բռնության մթնոլորտի հետևանքն է, որը երբեմն դուրս է գալիս զորամասի պատերից։

XS
SM
MD
LG