Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան մասին կցկտուր տեղեկատվություն. ինչու են իրավապահները լռում


Հերթական ողբերգական դեպքը զինված ուժերում: Պաշտպանության նախարարությունն առանց մանրամասնելու երեկ հայտնեց, թե ժամը 16-ի սահմաններում զինծառայող Սմբատ Կիրակոսյանի դին են հայտնաբերել՝ հրազենային վնասվածքով: Գերատեսչության գրությունն այսքանով սահմանափկվում է, միայն հավելել են, որ հանգամանքներն ամբողջովին պարզելու համար քննություն է ընթանում:

Այսօր առավոտյան էլ ավելի շատ հարցեր առաջացնող մի գրություն Քննչական կոմիտեի խոսնակը տարածեց՝ քրեական վարույթ է նախաձեռնվել, ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողն ինքնասպան է եղել, իրեն ամրակցված զենքով կրակել է գլխին:

Ի՞նչ հոդվածներով է քննվում վարույթը, կա՞ն կասկածյալներ, մեղադրյալներ, քանի՞ մարդ է հարցաքննվել, ովքե՞ր են վկաները, ի՞նչ հանգամանքներում է տեղի ունեցել այս ողբերգությունը. այս հարցերին պատասխաններ չկան: Ընդամենը երեք նախադասություն պարունակող գրառումից հետո Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանի հեռախոսն անջատված է, «Ազատությունն» ամբողջ օրը նրա հետ կապ հաստատել չկարողացավ:

Ոչ էլ հայտնի է, թե որ զորամասում էր ծառայում Սմբատ Կիրակոսյանն ու որ բնակավայրից էր:

«Կարծես թե իրականում էս վարքագծով վերադարձ է նախկինում այդ հայտնի մոտեցմանը...պաշտպանական գերատեսչության, քննչական մարմինների դեպքի մասին չհայտնելու, կոծկելու, այնքան ժամանակ, քանի դեռ այդ մասին լրատվամիջոցներով, հասարակական կազմակերպությունների տվյալներով հրապարակում չի իրականացվում», - ասում է Զինված ուժերի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Նազելի Մովսեսյանը:
Նրա գնահատմամբ՝ զինծառայողի մահվան մասին այսքան կցկտուր տեղեկատվության տրամադրումը հիշեցնում է նախկին պրակտիկան, մինչդեռ, վերջին տարիներին պետական կառույցները համեմատաբար ավելի բաց էին աշխատում: Սմբատ Կիրակոսյանի մահվան մասին հրապարակումները հետքայլի մասին են վկայում. «Միայն նշվում է, որ զինծառայողը ինքն իրեն ամրակցված զենքից է հրազենային վիրավորում ստացել և մահացել, ինչը վկայում է որոշակի թաքուն պահելու և գաղտնի պահելու տեղեկատվությունը»,- շեշտում է Նազելի Մովսեսյանը:

Ամռանը, երբ սահմանապահ զորքերի ծառայող 18 տարեկան Մովսես Պողոսյանին էին մահացած գտել, Քննչականը գոնե հայտնել էր, որ գործը հարուցվել է զինծառայողին անզգուշությամբ մահվան հասցնելու հոդվածով, այս անգամ նույնիսկ հոդվածը չեն մատնանշել, իրավապաշտպանի խոսքով. - «Դա արդեն որոշակի կասկածների և մտահոգության տեղիք է տալիս հերթական անգամ պաշտպանական գերատեսչության նկատմամբ հասարակության վստահության տեսանկյունից»:

Իրավապաշտպանի տվյալներով այս տարվա ընթացքում 4 զինվոր է ինքնասպանություն գործել, ընդգծում է՝ բանակում պետք է սպա հոգեբաններ լինեն: Դեպքերը փաստում են, որ զինծառողների միջև խնդիրները հատկապես սուր են այն զորամասերում, որտեղ այդպիսի պատրաստվածություն ունեցող սպաներ չկան. «Հիմնականում այն զորամասերը, որտեղ չկան սպա հոգեբաններ, այնտեղ ավելի շատ են միջանձնային հարաբերությունների խնդիրները և հետևաբար, նաև ինքնասպանության փորձերի և ինքնասպանության խնդիրները»,- շեշտում է իրավապաշտպանը:

Այս տարվա ընթացքում, ըստ իրավապաշտպանների, Սմբատ Կիրակոսյանի մահը 17-րդն էր Զինված ուժերում: Բոլորն էլ խաղաղ պայմաններում են մահացել: Նրանցից 4-ն ինքնասպանություն է գործել, 2-ին սպանել են, մյուսները մահացել են առողջական խնդիրների ու դժբախտ պատահարների հետևանքով, որոշ պատահարներ գրանցվել են զինծառայության հետ չկապված հանգամանքներում:

XS
SM
MD
LG