Կաթողիկոսի մեղադրանքը հաստատած դատախազը պնդում է՝ համակարգից հեռանալու պատճառը «Վեհափառի գործը չէ»

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու մյուս բարձրաստիճան հոգևորականները դատարանում, Էջմիածին, 7-ը օգոստոսի, 2026թ.

Դատական ակտը չկատարելու հոդվածով դատվող Ամենայն Հայոց կաթողիկոսի մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազն իր իսկ փաստարկները չի ներկայացնի դատարանում, քանի որ լքել է դատախազությունը՝ անցնելով փաստաբանության:

Արդեն նախկին դատախազ Խաչատուր Գալստյանը չցանկացավ ձայնագրվել, բայց և պնդեց, թե աշխատանքը չի թողել այն պատճառով, որ համաձայն չի եղել Գարեգին երկրորդին մեղադրյալ դարձնելու որոշման հետ: Գլխավոր դատախազությունը ևս հարկ էր համարել հատուկ շեշտել, որ նա սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից, և դա ամենևին էլ կապ չունի բարձրաստիճան հոգևորականների գործի հետ:

Գալստյանն, ինչպես և մեղադրական եզրակացությունում, այսօր էլ պնդեց՝ Գարեգին երկրորդի մեղքը հաստատող ապացույցները բավարար են ու հիմնավոր: Ընդգծեց՝ եթե համաձայն չլիներ, չէր ստորագրի մեղադրական փաստաթուղթը:

Վեհափառի փաստաբան Արմինե Ֆանյանը չի բացառում, որ սեփական դիմումով աշխատանքից ազատված դատախազը գործի ավարտական՝ դատական փուլում գուցե տարաձայնություններ է ունեցել վերադասի հետ ու չի ցանկացել այլևս շարունակել այն:

«Մի բան է սեփական աշխատասենյակում պաշտպանների միջնորդությունները մերժելը, պաշտպանների բարենպաստ դատական ակտերը բողոքարկելը, մեկ այլ բան է արդեն հանրային հաշվետվողականության պայմաններում այդ մեղադրանքը դատարանում պաշտպանելը: Այստեղ հոգեբանական շատ լուրջ ամրություն է պետք, որպեսզի գաս ու Ամենայն Հայոց կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ գործով մեղադրանք պաշտպանես», - ասաց փաստաբանը:

Ամիսներ առաջ վեց բարձրաստիճան հոգևորականների հետ միասին Վեհափառը մեղադրյալ դարձավ դատական ակտը չկատարելու համար: Գարեգին երկրորդը պաշտոնանկ էր արել իր պաշտոնանկությունը պահանջող Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան, ավելին՝ հայտարարեց՝ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:

«Հանրային տիրույթում և հրապարակայնորեն այդ մեղադրանքը պնդելուց հրաժարվելն էլ է բարոյական բաղադրիչի մասին խոսում, հետևապես դա էլ բացասական երևույթ չէ, ավելի շուտ դրական կարելի է գնահատել, քան՝ բացասական», - նշեց Արմինե Ֆանյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի վերջո, ո՞վ կդատի Վեհափառին

Մինչդեռ վեհափառի և վեց բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքը հաստատած դատախազն ասաց՝ դեռ դատական նիստերից առաջ է ազատման դիմումը գրել՝ օգոստոսի սկզբին: Եվ հետևաբար օգոստոսի 7-ին մեկնարկած նիստին էլ չէր մասնակցում: Արդեն նախկին դատախազի հաստատած մեղադրանքը դատարանում պաշտպանելու են այլ դատախազներ: Բայց դեռ հարց է՝ թե որ դատարանը կդատի Գարեգին երկրորդին: Գործը ձեռքից ձեռք է փոխանցվում:

Եթե Արմավիրի մարզի դատավոր Հակոբ Մանուկյանը հրաժարվել էր գործից՝ պատճառաբանելով, թե փաստաբանի արտոնագիր ստացել է կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանից, երկրորդ դատավորի հրաժարվելը կապ ուներ ընդդատության հետ: Սերժ Ռուշանյանն էլ պնդել էր, թե ինքը չի խուսափում, բայց կարծում է, որ գործը պետք է քննվի ենթադրյալ հանցանքի կատարման վայրում, իսկ թե որն է այդ հանցանքի վայրը, մեղադրանքում նշված չէ: Այդ էր պատճառը, որ դատավորը գործն ուղարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որի տարածքում գործող քննչականն էր նախաքննությունն իրականացրել:

Վեհափառի փաստաբանները, սակայն, պնդում են՝ գործը ենթակա է Արմավիրի դատարանին, այն պետք է քննի Էջմիածնի դատավորը, ակնհայտ է, որ Գարեգին երկրորդն իր այդ որոշումը կայացրել է Մայր Աթոռում:

«Մենք էլ ենք դիմել վճռաբեկ, կարծում ենք, որ Արմավիրի մարզի դատարանը պետք է քննի գործը», - ասաց Ֆանյանը:

Այս թնջուկը լուծելու համար էլ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմեց վճռաբեկ: Վճռաբեկ դատարանը որոշեց, որ «քրեական վարույթն ընդդատյա է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանին» և հետ ուղարկեց: Բարձրագույն դատական խորհրդից «Ազատությանը» տեղեկացրել են, որ գործը կքննի Սերժ Ռուշանյանը:

Եթե դատարանը հաստատի բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքը, ապա նրանց սպառնում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը կանգնում է դատարանի առաջ:

Գարեգին երկրորդ դեմ իրավական այս գործընթացը հաջորդում է վարչապետի քաղաքական արշավին: Փաշինյանը ամիսներ շարունակ ցանկանում է պաշտոնանկ անել կաթողիկոսին՝ մեկ պնդելով, թե նա խախտել է կուսակրոնության ուխտը, մեկ մեղադրելով այլ երկրի ծառայելու մեջ, մեկ էլ համարելով, որ նա ևս պատերազմ է հրահրում, երբ պատարագների ժամանակ հոգևորականները խորաններից Աստծուն խնդրում են պահպանել Արցախը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազն «իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից»Երրորդ դատավորը ևս չի քննի Վեհափառի գործը. կսպասի Վճռաբեկի որոշմանըՈւմ է երրորդ անգամ մակագրվել Ամենայն Հայոց կաթողիկոսի գործը Դատավորը Կաթողիկոսի և մյուսների գործն ուղարկեց Երևանի դատարանԿաթողիկոսի և մյուսների գործով դատական նիստը դռնփակ անցկացնելու՝ տուժողի միջնորդությունը մերժվեցՓաշինյանը պնդում է՝ կաթողիկոսը խմբեր է ուղարկել տարբեր բնակավայրեր հեղափոխություն սկսելու համար, Մայր Աթոռը հերքում է«Եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանն ընդունի այս օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ». ՓաշինյանԿաթողիկոսի հեռացման ու տեղապահի ընտրության հարցը՝ կառավարության ծրագրում