Մատչելիության հղումներ

«Եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանն ընդունի այս օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ». Փաշինյան

Եկեղեցու շուրջ երեկվա թեժ քննարկումներից հետո վարչապետ Փաշինյանն այսօր առաջարկով էր եկել խորհրդարան, անգամ նախընտրեց գործածել կաթողիկոսի եկեղեցական անունը՝ այս անգամ էլ իր թիմակիցների՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների բողոքին արժանանալով:

«Եթե Գարեգին Բ-ն կամ Կտրիճ Ներսիսյանը ընդունի այս [բարենորոգման-խմբ.] օրակարգը, ես այս ամբիոնից հանդիսավոր ասում եմ, որ ես կնստեմ և իր հետ կքննարկեմ ամենայն հարգանքով այդ օրակարգը», - հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը կաթողիկոսի հետ հանդիպման այս առաջարկը հնչեցրեց ի պատասխան ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի երեկվա քննադատությանը, թե ինչպե՞ս է Փաշինյանը մտադիր նորոգել եկեղեցին:

«Հաշվի առնելով, որ ձեր հոգևորականի իդեալը Նավասարդ Կճոյանն է, ես ուրիշ ոչ մի անդրադարձ այս պահին չեմ ուզում անել Ամենայն Հայոց կաթողիկոսին վերաբերելի ձեր պնդումների մեջ, որովհետև դուք Նավասարդ Կճոյաններով եք մտադիր, այսպես կոչված, ձեր բարեփոխումներն իրականացնել», - ասել է Գրիգորյանը:

«Ես երբեք չեմ ասել, որ կան մերոնքականներ ու կան ոչ մերոնքականներ, որոնց մի մասը կարող է բարեվարքության կանոնները պահի, մյուս մասը՝ չպահի: Ես ավելին՝ աշխատանքային մակարդակով ասել եմ, որ, այո, կարծում եմ, որ նաև պետությունը կարող է ելքի որոշակի ճանապարհ ապահովել նման բոլոր հոգևորականների համար», - ընդգծեց Փաշինյանը:

Ավելի հեռուն գնալով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց նաև, որ առաջիկայում եկեղեցուն առնչվող օրենսդրական փոփոխություններ էլ կլինեն՝ չմանրամասնելով, թե ինչ է նախաձեռնել. «Հիմա կառավարությունը ամենաուշը մի ամսվա ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին զեկույց կհրապարակի, և ես առաջարկելու եմ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել ու արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ»:

Երկու օր է՝ Մայր Աթոռը չի արձագանքում Փաշինյանի հայտարարություններին: Կառավարության ծրագրի երկօրյա քննարկումների մյուս թեման դարձան անկլավները, վարչապետը օրերս կրկին հայտարարել էր, թե այդ հարցը պետք է լուծվի, այդ թվում՝ գուցե տարածքների փոխանակման ճանապարհով:

Կառավարության ծրագիրն ի վերջո ընդունվեց միայն «Քաղաքացիական պայմանագրի» ձայներով, «կողմ» 63, «դեմ» 24 հարաբերակցությամբ:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG