Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և մյուսների գործը Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանն այսօր ուղարկեց Երևանի դատարան:
Դատավորը պնդեց, որ չի խուսափում այս գործը քննելուց, բայց կարծում է՝ ընդդատության խնդիր կա: Խնդիրն այն է, որ գործը պետք է քննվի ենթադրյալ հանցանքի կատարման վայրում, նշեց նա:
Մեղադրանքում նշված չէ, թե հատկապես որտեղ է Կաթողիկոսը որոշել կարգալույծ անել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին:
«Մենք համաձայն չենք դատարանի որոշման հետ, որովհետև մենք կարծում ենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությունը քանի որ Էջմիածին քաղաքում է ընդունվել, ապա գործը պետք է քննվեր այս դատարանում։ Դատավորը այդ կարծիքը չուներ», - լրագրողների հետ զրույցում ասաց Կաթողիկոսի պաշտպանական թիմից Արա Զոհրաբյանը՝ շարունակելով. - «Մի կողմից՝ սա խոսում է նաև նրա մասին, որ դատավորները, բոլոր դեպքերում, հասկանում են, որ սա խնդրահարույց գործ է. մի կողմից՝ իրենց խիղճն է, ի վերջո, արդարությունը, ճշմարտությունը, մյուս կողմից՝ քաղաքական ճնշումը, և այս առումով երևի թե այս ճանապարհն են փնտրել և գտել»։
Փաստաբանը խնդրահարույց որակեց գործի տեղափոխումը Երևան. - «Դուք հիշում եք՝ Միքայել արքեպիսկոպոս Աճապարանի գործով, էդպես էլի ստիպողաբար Երևանում քննեցին, վերջում պարզվեց, որ ընդդատության կանոնի խախտում կար, և բեկանվեց։ Այսինքն՝ այս ժամանակահատվածը իրենք ջուրը լցրեցին։ Եվ հիմա Երևան քաղաքում քննելը նույն ռիսկերով է բնականաբար հղի: Եվ մի կարևոր մտահոգություն էլ՝ այս գործը կարող է մակագրվել այնպիսի դատավորների, որոնց հանրությունը չի վստահում, օրինակ՝ Մասիս Մելքոնյանին, Կարեն Ֆարխոյանին, Արմինե Մելիքսեթյանին և այլոց, որոնց դեպքում, բնականաբար, մենք արդարադատության սպասելու առումով խնդիր ենք ունենալու։
«Հիմա տեսնենք, թող մակագրվի Երևան քաղաքի քրեական դատարանի որևէ դատավորի, մենք, բնականաբար, մեր դիրքորոշումը կներկայացնենք, հաջորդիվ տեսնենք ինչ կլինի: Երևանից էլ երևի էստեղ կուղարկեն, պասով էստեղ կուղարկեն, տեսնենք», - ասաց Զոհրաբյանը:
«Բոլոր դեպքերում, տեսնում եմ, որ դատավորները ինչ-որ առումով խնդիր են տեսնում իրենց էս գործը քննելու հարցում։ Սա մի կողմից դրական է, մյուս կողմից՝ բացասական, որ եթե այդ գիտակցությունը կա, ապա կարելի էր ուղղակի արդար դատական ակտ կայացնել, որովհետև [...] մենք օրինակ էս փուլում նախատեսել ենք միջնորդություն, որ էս փուլում կարճվի գործը։ Մեր հաջորդ քայլը դա է լինելու, որովհետև էս գործը նույնիսկ ապացույցների հետազոտման ճանապարհ չպետք է անցնի, այս գործը հենց այս փուլում պետք է կարճվի», - հայտարարեց փաստաբանը:
Զոհրաբյանը նշեց նաև, որ «Ազգային ժողովի ամբիոնից հնչող հայտարարությունները, սպառնալիքները դատական համակարգի, իրավապահ մարմինների, պաշտոնատար անձանց նկատմամբ, բնականաբար, սա նաև ահաբեկում է դատավորներին» :
«Դատավորը նստած է, տեսնում է՝ նախկին նախագահ են կալանավորում, որևէ պաշտոնյա են կալանավորում, ինչ ուզում անում են, բնականաբար՝ սա ուղիղ, իր համար սա հաղորդագրություն է եւ անհանգստացնող հաղորդագրություն է», - նաև ընդգծեց փաստաբանը:
Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:
Եթե դատարանը հաստատի բարձրաստիճան հոգևորականների մեղադրանքը, ապա նրանց սպառնում է առավելագույնը երկու տարվա ազատազրկում: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը կանգնում է դատարանի առաջ: