Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և վեց եպիսկոպոսներին առնչվող քրեական գործը ուղարկվել է հետ՝ Արմավիրի մարզի դատարան:
Վճռաբեկ դատարանը մասնավորապես որոշել է, որ «քրեական վարույթն ընդդատյա է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանին»:
«Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով, դատարանը դրսևորել է բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրաից ածանցվող իրավունքների խախտման վտանգ», - ասված է հայտարարությունում:
Բարձրագույն դատական խորհրդից «Ազատությանը» տեղեկացրել են, որ գործը կքննի Սերժ Ռուշանյանը, որը մեկ անգամ գործն ուղարկել էր Երևան:
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էր դիմել Վճռաբեկ դատարան՝ վարույթի տարածքային ընդդատության հարցը վճռելու համար:
Գարեգին Երկրորդն ու վեց բարձրաստիճան հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, իսկ դատարանը պարտավորեցրել էր վերականգնել հոգևորականին իր պաշտոնում: Մայր Աթոռը, սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը: