Մայամիում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցություններից երկու օր անց ռուսական զորքը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի շրջանների էներգետիկ և ռազմական ենթակառուցվածքներին՝ կիրառելով 600-ից ավելի անօդաչու և մոտ 40 հրթիռ: Կա առնվազն երեք զոհ, այդ թվում՝ չորսամյա երեխա, կան նաև վիրավորներ:
Ուկրաինայի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի լայնամասշտաբ անջատումներ են եղել, այդ թվում՝ Օդեսայում, որտեղ նաև վնասվել են նավահանգստի ենթակառուցվածքը և քաղաքացիական նավ: Ռուսական զորքի թիրախում են եղել նաև Խարկովը, Չեռնիգովը, Ժիտոմիրը, Կիևը, այլ շրջաններ: Կիևում առնվազն հինգ մարդ է տուժել, վնասվել են բնակարաններ:
Օդեսայի վրա հարձակման հետևանքները, դեկտեմբեր, 2025թ.
«Տեսա, թե ինչպես է «Շահեդ» անօդաչուն թռչում գլխիս վրայով: Հետո … այն պայթեց: Վազեցի բնակարան և տեսա, որ բնակարանը ներսից ավերվել էր։ Ամբողջ կահույքը վնասվել էր։ Երեք երեխա ունենք … Չգիտեմ՝ ինչ եմ անելու հետո։ Դեռ ոչինչ չեմ հասկանում», «Հասկացանք, որ անօդաչուն գալիս էր մեր ուղղությամբ։ Առաջին անգամ էի լսում դրա ձայնը։ Նույնիսկ ժամանակ չունեինք հասկանալու, թե ինչ էր կատարվում: Հարվածն այնքան ուժեղ էր, որ ամեն ինչ քանդվեց», «Պայթյունի ժամանակ ես և ամուսինս միջանցքում էինք։ Հավանաբար դա մեզ փրկեց», - պատմում են Կիևի բնակիչները:
Ուկրաինայի էներգետիկայի նախարարի պաշտոնակատարը հայտնել է, որ հրետակոծության պատճառով երկրի ատոմակայանները կրճատել են արտադրական հզորությունները։ Արտյոմ Նեկրասովն ասել է, որ հզորությունների ավելացումը տեղի կունենա աստիճանաբար, երբ վերականգնվեն ռուսական հարվածներից վնասված ցանցերը: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարն էլ զսպվածության կոչ է արել՝ միջուկային վթարները կանխելու համար։
Ուկրաինայի հարևան Լեհաստանն ռուսական զինուժի հարվածների ֆոնին կործանիչներ է օդ բարձրացրել և բարձր պատրաստվածության բերել հակաօդային պաշտպանության համակարգերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկի․ «Մայամիի բանակցությունները դրական եմ գնահատում»Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է ռուսական թիրախներին, այդ թվում՝ Ստավրոպոլում գտնվող նավթաքիմիական գործարանի, որտեղ հրդեհ է բռնկվել:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ռուսական հարվածները հստակ ազդակ են հղում Մոսկվայի առաջնահերթությունների մասին։
Վլադիմիր Զելենսկին նաև արդյունավետ է որակել Մայամիի բանակցությունները, որոնց արդյունքների մասին իրեն այսօր մանրամասն զեկուցել են Ուկրաինայի բանագնացները:
Ըստ նրա՝ պատրաստվել են մի քանի փաստաթղթերի նախագծեր, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների, Ուկրաինայի վերակառուցման և պատերազմը դադարեցնելու շրջանակային համաձայնգրի: Զելենսկիի խոսքով՝ երաշխիքների դրույթները սահմանվել են այնպես, որ համապատասխանեն պատերազմն իրականում ավարտելու նպատակին և ռուսական հնարավոր ներխուժումը կանխելու անհրաժեշտությանը։
«Բանակցությունների և հանդիպումների յուրաքանչյուր փուլ ամրապնդում է Ուկրաինայի շահերը, և հենց այսպես էլ մենք կառուցողաբար կշարունակենք այս աշխատանքը»,- սոցցանցում գրել է Զելենսկին։
Մինչ այդ էլ Ուկրաինայի նախագահն ասել էր, թե պատերազմը դադարեցնելու հիմնական փաստաթղթերը մոտ 90 տոկոսով պատրաստ են, թեև դեռ կան կետեր, որոնց հետ կողմերից որևէ մեկը համաձայն չէ։ Այնուամենայնիվ, 20 կետանոց խաղաղության ամերիկյան ծրագիրը, ըստ նրա, կա և կազմում է բանակցությունների հիմքը։ Ըստ Զելենսկիի՝ կողմերը շատ մոտ են իրական արդյունքի հասնելուն:
«Կարևոր է, որ սա և՛ մեր, և՛ ԱՄՆ-ի աշխատանքն է։ Սա ենթադրում է, որ մենք շատ մոտ ենք իրական արդյունքի [...] Սկզբունքորեն, բոլոր փաստաթղթերի հիմնական բլոկն, իմ կարծիքով, պատրաստ է», - ասել է նա։
ԱՄՆ նախագահն իր հերթին հայտարարել է, որ Մայամիում հանգստյան օրերին կայացած բանակցությունները լավ են ընթացել՝ առանց մանրամասներ հայտնելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուիթքոֆը արդյունավետ և կառուցողական է գնահատել Մայամիում տեղի ունեցած հանդիպումներըՊեսկով․ Դա զուտ աշխատանքային գործընթաց է
Չնայած Վաշինգտոնի ու Կիևի լավատեսությանը՝ Մոսկվայում չեն կարծում, որ Մայամիի հանդիպումները կարող են առաջընթաց համարվել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ դա զուտ աշխատանքային գործընթաց է, և Մոսկվան բազմիցս է ասել, որ խաղաղության համաձայնագիր կնքելուց առաջ պետք է փորձագիտական մակարդակով մանրակրկիտ աշխատանք տարվի։
«Ամենակարևորը ամերիկացիներից տեղեկատվություն ստանալն էր եվրոպացիների և ուկրաինացիների հետ իրենց աշխատանքի արդյունքների մասին։ Եվ դրա հիման վրա կարող ենք որոշել, թե որքանով են այս զարգացումները համապատասխանում Անքորիջի պայմանավորվածություններին», - նշել է Պեսկովը:
Բրիտանական Financial Times-ը, երկու անանուն պաշտոնյայի հղումով, գրում է, թե Վլադիմիր Պուտինը հավատում է, որ կարող է Ուկրաինային լիակատար պարտության մատնել՝ չնայած Ռուսաստանի տնտեսությունում աճող խնդիրներին: Ըստ թերթի՝ այս վստահությունը մեծապես հիմնված է զինվորականների և անվտանգության ծառայությունների զեկույցների վրա, որոնք հաճախ մոլորեցնող են և չեն ներկայացնում մարտի դաշտում տիրող իրական պատկերը: Բրիտանական պարբերականը նշում է, որ հենց այդ զեկույցներին վստահելով էլ Պուտինը հրաժարվում է զիջումների գնալ: