Իրանում շարունակվում են հակակառավարական բողոքի ցույցերը, կան ձերբակալվածների և տասնյակ մահացածների մասին հաղորդումներ

Իրանում 13-րդ գիշերն անընդմեջ շարունակվել են հակակառավարական բողոքի ցույցերը, որոնք տարածվել են ողջ երկրով մեկ:

Բայց հարևան երկրից ստացվող տեղեկատվությունն այժմ խիստ սահմանափակ է, քանի որ իշխանություններն արդեն երրորդ օրն է՝ անջատել են ինտերնետը: «Ազատության» իրանական ծառայությանը հասանելի դարձած տեսանյութերն ուղարկվել են Ստարլինք արբանյակային համակարգի միջոցով:

Մինչ Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ ինտերնետը անջատելու որոշումը կայացվել է «անվտանգության իրավասու մարմինների կողմից՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված», Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է, որ այս ամենն արվում է Իրանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները թաքցնելու համար:

Երկու շաբաթվա ընթացքում տասնյակ մարդիկ են սպանվել

Ցույցերի 14 օրերի ընթացքում Իրանի դատական և ուժային կառույցները դեռ պաշտոնական տեղեկություն չեն տվել զոհերի, ձերբակալվածների թվի, նրանց պահման վայրերի ու վիճակի մասին: Բայց իրավապաշտպան կառույցները ահազանգում են, որ արդեն 2300-ից ավելի ձերբակալվածներ կան, նրանց թվում պատանիներ, զոհերի թիվը, ըստ Իրանի Մարդու իրավունքների կազմակերպության հասել է 45-ի: Մեկ այլ կազմակերպության՝ Մարդու իրավունքների լրատվական գործակալության տվյալներով՝ 65 մարդ է մահացել: «Ազատության» իրանական ծառայությանը մինչ այս պահը հաջողվել է նույնականացնել 35 զոհի: Նրանցից 5-ը 18 տարեկանից փոքր է եղել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բողոքի ցույցերի ֆոնին՝ Իրանի բանակը խոստանում է պաշտպանել ազգային շահը

Լռելով զոհերի ու ձերբակալությունների մասին՝ Իրանի Իսլամական հեղափոխականների պահապանների կորպուսն է հայտարարությամբ հանդես եկել, թե անվտանգության պահպանումը «կարմիր գիծ» է և բանակը խոստանում է պաշտպանել երկրի ազգային շահը, ռազմավարական ենթակառուցվածքները և հանրային սեփականությունը: Հայտարարությունում նաև կոչ են արել քաղաքացիներին զգոն լինել՝ ինչպես ձևակերպել են՝ «թշնամու դավադրությունները խափանելու համար»:

Ու մինչ Իրանից անկախ աղբյուրներից ստացվող տեղեկությունը խիստ սահմանափակ է դառնում, Միացյալ Նահանգների նախագահը հերթական անգամ զգուշացրել է՝ այդ երկիրը մեծ խնդրի մեջ է ընկել:

«Մենք շատ ուշադիր հետևում ենք իրադրությանը: Ես շատ հստակ եմ հայտարարել, եթե նրանք մարդկանց սպանեն, ինչպես արել են նախկինում, մենք կխառնվենք: Մենք կխփենք նրանց ամենացավոտ կետին: Դա չի նշանակում, թե հենց տեղում ենք լինելու, բայց շատ- շատ ենք ցավեցնելու», - ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակակառավարական ցույցերի ֆոնին՝ Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին X-ի իր էջում այսօր գրել է, թե «Միացյալ Նահանգներն աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խամենեի․ «Թրամփը թող իր երկրի խնդիրներով զբաղվի»

Երեկ Իրանի գերագույն առաջնորդը Դոնալդ Թրամփին կոչ էր արել զբաղվել Ամերիկայի խնդիրներով, հայտարարել, որ Իսլամական Հանրապետությունը չի նահանջի նրանց առաջ, «ովքեր զբաղվում են ավերածություններով», վնասում են հանրային սեփականությունը՝ փորձելով հաճոյանալ ԱՄՆ նախագահին: Խամենեին զգուշացրել է՝ Իրանը չի հանդուրժի նրանց, ովքեր որպես «օտարերկրացիների վարձկաններ» են գործում:

Բողոքի ցույցեր՝ Իրանում

Անցած տարեվերջին ազգային արժույթի կտրուկ արժեզրկման, գնաճի ու վատ կառավարման դեմ սկսված ցույցերում այժմ մարդիկ Խամենեի հեռացումն ու Իրանի հանգուցյալ շահի որդու՝ Ռեզա Փահլավիի վերադարձն են պահանջում:

Ինքը՝ վտարանդի արքայազն Փահլավին ժամեր առաջ սոցցանցում դարձյալ իր աջակցությունն է հայտնել ցուցարարներին՝ ասելով, թե նրանց ազդեցիկ ներկայությունը փողոցներում փշրում է՝ «Իսլամական Հանրապետության կրիմինալ ու դավաճան առաջնորդի սպառանալիքները»:

«Ես վստահ եմ, որ նա տեսել է այդ պատկերներն իր թաքստոցից ու վախից դողացել», - ասել է Ռեզա Փահլավին:

Նա աջակիցներին նաև կոչ է արել նորից վերադառնալ փողոց, տրանսպոտի, նավթի, գազի ու էներգիայի ոլորտների աշխատակիցներին գործադուլ անել: Նա նաև դիմել է երկրի անվտանգության ուժերին՝ հորդորելով խափանել պետության կողմից կիրառվող ճնշումները: Հայտարարել է՝ «Կանգ առեք և խափանեք ճնշման այս մեքենան, որպեսզի կարողանանք մեկընդմիշտ անջատել այն»:

Մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում՝ Թեհրան-Երևան և հակառակ ուղղությամբ

Իրանի հարյուրից ավելի քաղաքներում տարածված ցույցերի ֆոնին «Մեհր» պետական գործակալությունն այսօր հայտնել է մեկ շաբաթում առաջին անհրաժեշտության պարենի կտրուկ թանկացման մասին: Իսկ շարունակվող բողոքի գործողությունների պայմաններում ոչ միայն ինտերնետն է անջատված, այլև մի շարք թռիչքներ են չեղարկվում: Այսօր դրանց շարքում է նաև Թեհրան-Երևան, Երևան - Թեհրան չվերթը, չեղարկման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն չկա: Մինչդեռ, երեկ դեպի Երևան չվերթները, թեև ուշացումով, բայց իրականացան: Հայաստան ժամանող իրանցիները պատմում էին սպանությունների, անջատված ինտերնետի, իրավունքների սահմանափակումների մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Շատ մարդկանց են սպանում», «Հյուսիսային Կորեային է նման». ինչ են պատմում Թեհրանից ժամանողները

Երեկ երեկոյան նաև մի խումբ իրանցիներ էին հավաքվել Երևանում Իրանի դեսպանատան առջև: Անվտանգության նկատառումներով թիկունքից տեսանկարահանված տեսանյութում, որ «Ազատությանն» է տրամադրել ցույցի մասնակիցներից մեկը, իրանցիները վանկարկում են Ռեզա Փահլավիի անունը, պահանջում Խամենեի հրաժարականը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մտահոգ ենք մարդկանց կյանքի համար». ՀՀ-ում բնակվող իրանցին՝ երկրի զարգացումների մասին