Մատչելիության հղումներ

Իրանում ցույցերը շարունակվում են, Թրամփը կրկին զգուշացնում է Թեհրանին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ անցյալ շաբաթ զգուշացրել էր Թեհրանին, որ ԱՄՆ-ն կարող է օգնության հասնել ցուցարարներին, նախօրեին ևս մեկ անգամ նախազգուշացրեց. «Ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև մենք էլ կսկսենք կրակել»։

«Ես պարզապես հույս ունեմ, որ Իրանում ցուցարարները անվտանգ կլինեն, քանի որ դա այժմ շատ վտանգավոր վայր է», - Reuters-ի փոխանցմամբ ասել է Թրամփը, ընդգծել.- «Մենք շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Ես շատ հստակ հայտարարություն եմ արել, որ եթե նրանք սկսեն մարդկանց սպանել, ինչպես անցյալում, մենք կմիջամտենք։

Իրանի գերագույն առաջնորդը Թրամփին կոչ է արել զբաղվել ԱՄՆ ներքին խնդիրներով, «եթե կարող է»: Երեկ հեռարձակված ելույթում այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը չի նահանջի նրանց առաջ, «ովքեր զբաղվում են ավերածություններով», վնասում են հանրային սեփականությունը՝ փորձելով հաճոյանալ ԱՄՆ նախագահին: Խամենեին զգուշացրել է՝ Իրանը չի հանդուրժի նրանց, ովքեր որպես «օտարերկրացիների վարձկաններ» են գործում:

Թեհրանում և Իրանի բազմաթիվ այլ քաղաքներում հակակառավարական զանգվածային ցույցերը շարունակվում են: Երկրում անջատվել է ինտերնետը: Դա հաստատել է նաև ինտերնետի ազատության հարցերով զբաղվող Netblocks խումբը: Ինտերնետի բացակայության պատճառով՝ Իրանից տեղեկատվության ստացումը նվազել է: Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել է, որ ինտերնետը անջատելու որոշումը կայացվել է «իրավասու անվտանգության մարմինների կողմից՝ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված»։

Երկու շաբաթվա ընթացքում տասնյակ մարդիկ են սպանվել

Դեպի Թեհրան և այլ քաղաքներ մի շարք չվերթներ են չեղարկվել, այդ թվում՝ Դուբայից և Ստամբուլից: Իրանի իրավապաշտպան HRANA խումբը նախօրեին հայտարարել է, որ դեկտեմբերի 28-ին սկսված ցույցերից ի վեր գրանցվել է առնվազն 62 մահվան դեպք, այդ թվում՝ 14 անվտանգության աշխատակից և 48 ցուցարար։

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները ուրբաթ օրը համատեղ հայտարարություն են տարածել, որում դատապարտել են ցուցարարների սպանությունը և կոչ են արել Իրանի իշխանություններին զերծ մնալ բռնությունից։

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Միավորված Ազգերի Կազմակերպությունը խիստ անհանգստացած է մարդկային կորուստների կապակցությամբ։

«Աշխարհի ցանկացած վայրում մարդիկ իրավունք ունեն խաղաղ ցույցեր անցկացնել, և կառավարությունները պարտավոր են պաշտպանել այդ իրավունքը և ապահովել, որ այդ իրավունքը հարգվի», - ասել է կազմակերպության խոսնակը:

Պետական հեռուստատեսության կողմից հրապարակված լուսանկարներում երևում են, ինչպես նշվում է, այրվող ավտոբուսներ, մեքենաներ և մոտոցիկլետներ, ինչպես նաև հրդեհներ մետրոյի կայարաններում և բանկերում։

Բողոքի ցույցերի ֆոնին Իրանի բանակը խոստանում է պաշտպանել ազգային շահը

Իրանում հակակառավարական լայնածավալ բողոքի ցույցերի ֆոնին՝ Իրանի բանակը խոստացել է պաշտպանել երկրի ազգային շահը, ռազմավարական ենթակառուցվածքները և հանրային սեփականությունը: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զգուշացրել է, որ անվտանգության պահպանումը «կարմիր գիծ» է:

Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի բանակը հայտարարությունում կոչ է արել քաղաքացիներին զգոն լինել՝ ինչպես ձևակերպել են՝ «թշնամու դավադրությունները խափանելու համար»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG