Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրավապահների պնդմամբ ապօրինի գույքի բռնագանձման գործին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց, թե չկա տեսական հնարավորություն, որ մարդը տասը տարի երկրի ղեկավար լինի և միլիոնատեր դառնա:
Փաշինյանը հարցրեց՝ ինքը արդեն ութ տարի է վարչապետ է, ինչո՞ւ ինքն էլ միլիոնատեր չէ. - «Այսինքն՝ դուք խելոք եք, մենք ոչ էնքա՞ն»:
Ենթադրաբար տեղից ընդդիմադիր պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն ասաց՝ «այո», ինչը զայրացրեց Փաշինյանին:
«Ասում է «հա», հեսա կտենանք ով է խելոքը, այդ տենց տմբտմբացրեք գլուխներդ, վերջին կոշիկն էլ ձեռներիցդ առնելու ենք, տենց խելոք եք», - հայտարարեց վարչապետը:
Ենթադրաբար Լևոն Քոչարյանը պատասխանեց, թե կուղարկի կոշիկը վարչապետին, ինչին Փաշինյանն այսպես արձագանքեց. - «Մի ուղարկի, հագիցդ հանելու ենք, կախած վիճակում»:
72-ամյա Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով կալանավորվել է նաև նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
Քոչարյանները գործը քաղաքական հետապնդում են համարում, վարչապետ Փաշինյանն ասում է՝ նրանք պետք է արդարադատության առաջ կանգնեն ապօրինի հարստանալու համար: