Մատչելիության հղումներ

Քաղաքական պատվեր/գողություն. ընդդիմությունն ու իշխանությունը արձագանքում են Քոչարյանների ձերբակալությանը

«Հիմա եթե ասում են՝ դա քաղաքական պատվեր է, ավելի վատ քաղաքական պատվեր էլ եկեք ես տամ», - Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելուն, ինչպես նաև Քոչարյանների տներում, ընտանիքին պատկանող ընկերություններում խուզարկություններին հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:

«Ազատության» դիտարկմանը, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից քաղաքական պատվեր են որակում խուզարկություններն ու Ռուբերտ և Սեդրակ Քոչարյանների ձերբակալությունը, Վահագն Ալեքսանյանն արձագանքեց. «Օրինակ իրենք հերքո՞ւմ են, որ Սեդրակ Քոչարյանը ստացել է Play City ընկերության 50 տոկոսը, որը դրանից մի տարի առաջ Ավանում 8.3 հեկտար հողը ձեռք է բերել 44 միլիոնով:100 հազար դոլարով Երևանում 8.3 հեկտար հող։ Հերքո՞ւմ են դա։ Հիմա եթե ասում են դա քաղաքական պատվեր է, հիմա ավելի վատ քաղաքական պատվեր էլ եկեք ես տամ՝ ցանկացած մեկը, ով Հայաստանի Հանրապետության բյուջեից փող է գողացել, ով կոռուպցիայով է զբաղվել, ով Հայաստանի Հանրապետության պետական գույքը ջրի գնով մասնավորեցրել է, դրել է իր ընտանիքի գրպանը, հարգելի իրավապահ մարմիններ, կոչ եմ անում տվեք ասֆալտին, տարեք փակեք։ Սա էլ է քաղաքական պատվեր է համարվում»։

Հարցին՝ այսինքն հերքո՞ւմ եք, Ալեքսանյանը պատասխանեց. «Չեմ հերքում, ասում եմ՝ ես հիմա, եթե, եթե ըստ ձեզ իմ ասածը քաղաքական պատվեր ա, ես հազար ներողություն էս բանի համար կրկնապատկում եմ էդ քաղաքական պատվերը»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելուն, ինչպես նաև Քոչարյանների տներում, ընտանիքին պատկանող ընկերություններում խուզարկություններին, ասել, թե «իշխանության կողմից քաղաքական պատվեր է»:

Լրագրողների դիտարկմանը, որ այսօր Քոչարյանի տուն ներխուժումը եղել է անչափահաս երեխաների ներկայությամբ, նրանք նույն տարածքում են եղել, Ալեքսանյանը պատասխանեց. «Ռոբերտ Քոչարյանի տունը, որ նայում ես, այս Ազգային ժողովի շենքից մեծ է, հազար ներողություն էլի, այնտեղ, որ մտնեն մի սենյակում Քոչարյանին բռնեն, երեխաները ամենայն հավանականությամբ կլինեն ուղիղ երևի մի երկու կիլոմետր հեռավորության վրա նույն տան մեջ։ Ամեն անգամ խնդրում եմ երեխաներին մեջ մի բերեք, երեխաները, բոլորի երեխաներին Աստված թող առողջություն տա ու բոլորի երեխաները պետք է զերծ մնան ցանկացած բացասական բանից, դա ընդունում եմ շատ լավ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչո՞վ է մեղավոր», - ասաց Ալեքսանյանը։

Այսօր ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել: Ռոբերտ Քոչարյանին և որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Այսօրվա ձերբակալություններին ու խուզարկություններին նախորդել էր երեկ Լևոն Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի սուր բանավեճը: Քոչարյանն ասել էր. «Ժողովուրդը մեզ ասում է՝ «Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մինչև հիմա մնում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով Լևոն Քոչարյանին, ասաց.

«Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր: Էդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ: Դուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեն ձեր երեխաները, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին... Ես ձեզ ուղիղ ասում եմ, որ չի լինելու դա: Սա ոչ թե անձնավորված հարց է, այլ քաղաքական խնդիր է: Հատիկ-հատիկ ամեն ինչը պիտի վերադարձվի ՀՀ-ին»:

Քոչարյանն ի պատասխան ասաց.- «Թե ինչը ում պետք է վերադարձվի, պիտի որոշի դատարանը, ոչ թե երկրի առաջին դեմքը»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG