«Բոլոր մտահոգությունները կիսում ենք, առաջարկները կդիտարկենք». Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

Բոլոր մտահոգությունները կիսում ենք, առաջարկները կդիտարկենք, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով օրերս հայաստանյան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԵԽԽՎ-ն իր ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»: Այդ ընտրատեղամասերի արդյունքների չեղարկման հետևանքով խորհրդարանից դուրս մնաց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը», իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» վճռորոշ քվեարկությունների համար հավելյալ մանդատներ ստացավ`կազմելով խորհրդարանը 3/5-ը: Ըստ ԵԽԽՎ դիտորդների՝ ԿՀԸ-ի այս որոշումը ազդել է ընդհանուր արդյունքի և խորհրդարանի ներկայացուցչականության վրա։

Եվրոպացի դիտորդները այլ խնդիրներ ևս առանձնացրել են, մասնավորապես, ընտրակաշառքը, որը վերագրվում է ընդդիմությանը, իշխանության կողմից քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահումը և խախտումների համար արդյունավետ, ժամանակին դատական պաշտպանության լուրջ թերությունները:

«Այս պահին վերլուծում ենք առաջարկները: Կարծում ենք՝ Եվրոպական խորհրդարանն այն կառույցներից է, որի առաջարկների իրականացումը երբեք վնաս չի բերի: Բայց որպեսզի փորձագիտական մակարդակով մենք այդ հարցին անդրադառնանք, թույլ տվեք դա փորձագիտական մակարդակով քննարկել», - ասաց վարչապետը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԲՀԿ-ն ողջունում է, ՔՊ-ականները շրջանցում նշված խնդիրները․ արձագանքներ ԵԽԽՎ զեկույցին«Նպատակը հնագույն եկեղեցու հպատակեցնումն է». Իշխանություն-Մայր աթոռ առճակատումը նաև ԵԽԽՎ-ում քննարկվեց