Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը բողոքում է, որ վարչական ռեսուրսի առերևույթ չարաշահման դեպքերի վերաբերյալ իրավապահներին դիմումներն անարձագանք են մնում:
«Երևի մի տաս օր առաջ կլինի՝ հաղորդում ենք ներկայացրել Արթիկ համայնքի վերաբերյալ, որտեղ զեկույցի տեսքով, շատ հստակ համայնքի պաշտոնատար անձանց դեմքերը ֆիքսելով, իրենց համայնքի կայքից նույնականացումով, նկարներով, քարոզարշավին մասնակցելու վերաբերյալ հաղորդում տվել ենք՝ և՛ ԿԸՀ, և՛ Հակակոռուպցիոն կոմիտե: ԿԸՀ-ն տեղեկացրել է, որ նույն բանը հասցեագրել է Դատախազություն, 24 ժամում ես պետք է ստանամ արձանագրություն վարույթ նախաձեռնելու մասին՝ օրենքը դա է պահանջում, թող լինի 48 ժամ: Մենք տվյալ չունենք, որ էդ գործով ընդհանրապես ինչ-որ ընթացք է տվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ շարունակելով. - «Նույնը այսօր հրապարակելու ենք Մարտունի քաղաքում վարչական ռեսուրսի մասին: Չի կարող էնպես լինել, որ 30-40 անձ միաժամանակ գտնվի արձակուրդում, դեռ իրավապահները պետք է սա գնահատման ենթարկեն»:
Բազմաթիվ ահազանգեր ու զրո քրեական գործ: Չնայած Խուդոյանի այս պնդմանը, Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին՝ հարկադրաբար քարոզարշավի տանելու դեպքերով քրեական վարույթները իրենց տիրույթում չեն: Քննչական կոմիտեից ասացին՝ քարոզարշավի ընթացքում չեն ստացել վարչական ռեսուրսի չարաշահման մասին հաղորդում: Պնդում են՝ առանց հաղորդման, ինքնուրույն նման քննություն չեն կարող սկսել:
Թե՛ Հակակոռուպցիոնից, թե՛ Քննչական կոմիտեից «Ազատություն»-ը հետաքրքրվել էր՝ վարչական ռեսուրսի ենթադրյալ կամ առերևույթ չարաշահման քանի՞ հաղորդում են ստացել, քանիսի՞ մասով կա գործ, ու արդյո՞ք կան մեղադրյալներ:
«Ազատություն»-ը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ընտրարշավի ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման մի շարք դեպքեր էր արձանագրել՝ տարբեր օրերի ու տարբեր բնակավայերում. Օրինակ՝ Սպիտակում պետական հիմնարկների աշխատողներն աշխատանքային ժամին սպասում էին Փաշինյանին՝ համայնքապետից, իր ենթականերից մինչև «Հայփոստ»:
Գեղարքունիքում քարոզարշավի ընթացքում երեխաների դհոլի զարկերը անձամբ համայնքապետարանի աշխատակիցն ու դպրոցներից մեկի տնօրենն էին համակարգում:
Չորս տնօրեններ ազատման դիմումներ գրեցին՝ Արագածոտնում՝ դասի ժամին ուսուցիչների ու աշակերտների կազմակերպված մասնակցության ահազանգերից հետո: Այդ դեպքում ինչպես իրավական գործընթացի մասին չհայտարարվեց, այնպես էլ վարչապետի անոնսած ծառայողական քննության արդյունքների:
Փաշինյանն ասել էր՝ տնօրենների դիմումները չեն մակագրվի, քանի դեռ ընթանում է ծառայողական քննություն:
Այսօր «Իշխանություն» լրատվականն է տեղեկացրել, որ Սիսիանի կոմունալ բաժնի պետը՝ Դավիթ Մարգարյանը իր ենթակայության տակ աշխատող չորս տասնյակից ավելի աշխատակցի ընտրական ընտրատեղամասը տեղափոխել է տվել Լոր գյուղի միջնակարգ դպրոց, որտեղ նա հանձնաժողովի նախագահ է: Լրատվամիջոցը ենթադրել է՝ «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկությունը վերահսկելի դարձնելու համար: Ըստ ԿԸՀ կայքի՝ ՔՊ-ի կողմից նշանակված Մարգարյանը դեռ հանձնաժողովի նախագահ է, չնայած ինքն անձամբ մեկ հաստատում, մեկ հերքում էր:
Իշխանության վարքն անարձագանք է մնում, փոխարենը, ըստ ընդդիմադիրների, իրավապահները շատ օպերատիվ արձագանքում են իշխանության ընդդիմախոսներին:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը վարչապետի ու նրա հետ բանավեճից ժամեր անց անազատության մեջ հայտնված արցախցի Արթուր Օսիպյանի օրինակն էր բերում: Թեև գոռգոռացողն ու վիրավորողը վարչապետ Փաշինյանն էր, բայց քրեական հետապնդում հենց երիտասարդ ակտիվիստի նկատմամբ հարուցվեց:
Վարչական ռեսուրսի չարաշահում գումարած իրավապահների անմիջական մասնակցություն. ըստ Խուդոյանի՝ ազդեցությունն ընտրության վրա արդեն իսկ միանշանակ է. - «Ընդամենը մի նեղ հարցի շուրջ մենք կարող ենք էսօր վստահաբար պնդում կատարել, որ 2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա Հակակոռուպցիոն և Քննչական կոմիտեների շնորհքն է»:
«Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ այս գնահատականը միայն իշխանական ՔՊ-ի՞, թե՞ ընդդիմության հաղթանակի դեպքում էլ է ուժի մեջ:
«Կարող ենք էդ տերմինը փոխարինել՝ ընտրությունների լեգիտիմության խաթարում, այսինքն՝ էս պահի դրությամբ հօգուտ իշխանության բոլոր էս գործողությունները հօգուտ իշխանության դելեգիտիմացրել են ընտրությունները», - ասաց Խուդոյանը: