Հայաստանի իշխանության և Հայ առաքելական եկեղեցու՝ արդեն մեկ տարուց ավելի շարունակվող առճակատման թեման չի շրջանցվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Ստրասբուրգում հարցը բարձրացրել է բրիտանացի պատգամավոր, ԵԽԽՎ-ում պահպանողականների խմբում ընդգրկված Էդուարդ Լեյը՝ մեղադրելով Հայաստանի իշխանություններին կրոնական ինքավարության վրա հարձակման համար: Նրան հակադարձել է ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարության նպատակը եկեղեցին պաշտպանելն է:
Մինչ պատվիրակները քննարկում էին հայաստանյան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ-ի վերջնական զեկույցը, որում ծավալուն անդրարադարձ կար Ռուսաստանի արտաքին միջամտությանը Հայաստանի ներքաղաքական կյանքին, բրիտանացի պատգամավորը միջամտության կոնտեքստում խոսեց Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սեփական կառավարության կողմից «սպառնալիքների», բարձրաստիճան հոգևորականների, այդ թվում Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումների, երկրից դուրս գալու արգելքի մասին:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ գործող վարչակազմը վերացրել է պետության և եկեղեցու միջև եղած ցանկացած սահման և աննախադեպ արշավ է սկսել եկեղեցու ազատության դեմ։ Եվրոպայի խորհուրդը, ամեն ինչից առավել, պետք է մտահոգված լինի մեր եկեղեցիների ազատությամբ։ Այն, ինչին մենք ականատես ենք լինում, սովորական քաղաքական տարաձայնություն չէ. սա հաշվարկված հարձակում է կրոնական ինքնավարության վրա», - հայտարարեց պատգամավորը՝ պնդելով, որ Գարեգին երկրորդը «ահռելի ճնշման տակ է» և հիշատակեց Փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, որում ամրագրվել է նաև կաթողիկոսին գահից հեռացնելու նպատակը:
Բրիտանացի պահպանողական պատգամավորը խոսեց նաև «եկեղեցու ճգնաժամի» վերաբերյալ Հայաստանի կառավարության վերջերս հրարապարակած զեկույցից, որը խիստ քննադատության է արժանացել հայաստանյան մի շարք իրավապաշտպանների կողմից:
Այս զեկույցի հրապարակումը Էդուարդ Լեյը համարեց հարձակում եկեղեցու կանոնական կառուցվածքի վրա՝ «բռնի ուժով» փոխելու եկեղեցու կանոնադրությունը. - «Պետական մեխանիզմների կիրառումը՝ հնագույն եկեղեցական օրենքները նորից գրելու համար, մարդու իրավունքների և կրոնական ազատության կոպիտ խախտում է: Ուրեմն, այս ընտրությունները [նկատի ունի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները] լոկ քաղաքական իշխանության մասին չեն, և կրկնում եմ՝ ես լիովին չեզոք եմ, թե ով է ներկայացնում Հայաստանի կառավարությունը։ Այդ ընտրությունները օգտագործվեցին որպես արհեստականորեն ստեղծված մանդատ՝ նվիրական հաստատությունը պետությանն ամբողջովին հպատակեցնելու համար: Եվ այս մարմինը՝ Եվրոպայի խորհուրդը, ամեն ինչից առավել, պետք է պաշտպանի կրոնական ազատությունը և դատապարտի Հայաստանի կառավարությանը»:
«Եկեղեցին ենք պաշտպանում». ՔՊ-ական պատգամավորի արձագանքը
Բրիտանացի պատգամավորի պնդումներին արձագանքեց ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ նշելով, որ Լեյն իրազեկ չէ. - «Իրականում այն, ինչ անում է Հայաստանի կառավարությունը և հայկական պետությունը, եկեղեցին պաշտպանելն է, իսկ պատճառն այն է, որ այն անձը, ով այս պահին զբաղեցնում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը, անմիջականորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը գործակալ է, միջազգային գործակալ՝ հաստատված ապացույցներով ու փաստաթղթերով, այն երկրի [խմբ. Ռուսաստանի], որը մանիպուլյացիայի է ենթարկել ...»:
Անդրադառնալով բարձրաստիճան հոգևորականների դեմ քրգործերին՝ Գրիգորյանն ընդգծեց. «Եպիսկոպոսները ձերբակալված չեն եպիսկոպոս լինելու համար։ Նրանց դեմ կան քրեական գործեր։ Մենք չէ, որ պետք է որոշենք, այլ դատարանը պետք է կայացնի վերջնական որոշումը։ Այնուամենայնիվ, այս քրեական գործերը վերաբերում են Հայաստանի ժողովրդի դեմ ենթադրյալ ահաբեկչական գործողություններին»։
Իշխանական պատգամավորը նկատի ուներ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ ահաբեկչության փորձի հոդվածով հարուցված գործը, որի քննությունը դեռ ընթանում է դատարանում ու վերջնական վճիռ չկա: 2024-ի գարնանը վարչապետի հրաժարականի պահանջով շարժում առաջնորդած Գալստանյանը կալանավորվեց անցած տարի, այժմ տնային կալանքի տակ է, մեղադրանքը հերքում է:
Էդուարդ Լեյը մի անգամ էլ վարչապետ Փաշինյանին էր զայրացրել
Անցած տարի՝ դարձյալ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում վարչապետ Փաշինյանին զայրացրել էր այն, որ Էդուարդ Լեյը Հայաստանի հարավով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP նախագծից խոսելիս կիրառել էր Բաքվի կողմից օգտագործվող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը:
Նիկոլ Փաշինյանը բրիտանացուն կոչ էր արել մինչև հրապարակային ելույթներ ունենալը կարդալ 2025 թվականին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը:
«Որտեղի՞ց այդ արտահայտությունը Ձեզ, որտե՞ղ եք կարդացել էդ արտահայտության մասին: Նման արտահայտություն չկա, չի եղել, և համոզված եղեք՝ չի լինի Հայաստան - Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում», - ասել էր Նիկոլ Փաշինյանը: