«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը դիտարկել էր հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, օրերս հրապարակած իր ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումն ու կրկնակի քվեարկություն չնշանակելը»:

Այդ ընտրատեղամասերի արդյունքների չեղարկման հետևանքով խորհրդարանից դուրս մնաց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանը», իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» վճռորոշ քվեարկությունների համար հավելյալ մանդատներ ստացավ`կազմելով խորհրդարանը 3/5-ը:

Ըստ ԵԽԽՎ դիտորդների՝ ԿՀԸ-ի այս որոշումը ազդել է ընդհանուր արդյունքի և խորհրդարանի ներկայացուցչականության վրա։ Հետևաբար, Հայաստանի իշխանություններին հորդորել են փոփոխել Ընտրական օրենսգիրքը, որպեսզի հստակ կարգավորվի կրկնակի քվեարկության անցկացումը:

Նոր քվեարկություն չնշանակելու որոշումը ԿՀԸ նախագահն այսպես էր պարզաբանել. եթե հիմնական ընտրություններին մարդիկ քվեարկում էին առանց արդյունքներն իմանալու, ապա վերաքվեարկության դեպքում տեսնում են, թե ում քանի ձայն է պակասում։ Սա, Վահագն Հովակիմյանի մեկնաբանությամբ, կհանգեցներ հաշվարկված քվեարկության, երբ քաղաքացին քվեարկում է վերջնական արդյունքը միտումնավոր փոխելու համար։

Վարչական ռեսուրս և ընտրակաշառք

Եվրոպացի դիտորդները այլ խնդիրներ ևս առանձնացրել են, մասնավորապես, ընտրակաշառքը, որը վերագրվում է ընդդիմությանը, իշխանության կողմից քարոզարշավում վարչական ռեսուրսի չարաշահումը և խախտումների համար արդյունավետ, ժամանակին դատական պաշտպանության լուրջ թերությունները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՔՊ-ի քարոզարշավին ուսուցիչների և աշակերտների մասնակցության դեպքերով պաշտոնանկություններ չկան

«Քարոզարշավը խիստ առճակատային էր՝ պառակտիչ հռետորաբանությամբ, և ուղեկցվում էր ընտրակաշառքի ու ընտրական այլ խախտումների վերաբերյալ մեղադրանքներով, որոնք հանգեցրին ընդդիմադիր թեկնածուների և ակտիվիստների դեմ բազմաթիվ քրեական վարույթների, ինչի հետևանքով ընդդիմության բազմաթիվ աջակիցներ ձեռնպահ մնացին քարոզարշավին ակտիվորեն մասնակցելուց։ Սա, ինչպես նաև հանրային հատվածի աշխատողների վրա իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելու համար գործադրվող ճնշումների և վերջերս ներդրված սոցիալ-տնտեսական միջոցառումների հետ մեկտեղ, մտահոգություններ առաջացրեց քարոզարշավ անցկացնելու հավասար հնարավորությունների վերաբերյալ», - գրում են զեկույցի հեղինակները:

Նշվում է, որ դիտարկված տեղամասերի մոտ 44%-ում տեղի է ունեցել ընտրարշավի հետ կապված առնվազն մեկ խախտում: Ամենատարածված խնդիրներն են եղել քվեարկության նկատմամբ վերահսկողությունը, քվեարկության գաղտնիության խախտումները և վստահված անձանց կամ թեկնածուների ներկայացուցիչների չարտոնված ներկայությունը:

Ռուսաստանի գործոնը

Զեկույցում բավականին ծավալուն անդրադարձ կա Ռուսաստանին, դիտորդները նշում են, որ «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունում Մոսկվայի միջամտությունը և արտաքին տեղեկատվական գործողությունները հասել են աննախադեպ ծավալների». - «Նախընտրական քարոզարշավի ընթացքում նկատվել է արտերկրից ուղղակի ճնշում՝ առևտրային սահմանափակումների ավելացման և անվտանգության սպառնալիքների տեսքով, որոնք նպատակ ունեին անհարկի ազդեցություն գործել ընտրողների վրա՝ հօգուտ ընդդիմադիր ուժերի»։

ԵԽԽՎ-ն նաև եզրակացրել է՝ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդն ընտրել է եվրոպամետ ուղին։

«Հասարակությունը ցուցադրել է իր ժողովրդավարական դիմակայունությունը՝ չնայած արձանագրված թերություններին և աննախադեպ ծավալների արտաքին ճնշումներին։ Նորընտիր իշխանություններն այսպիսով ժողովրդից ստացել են հստակ մանդատ, որը նրանք այժմ պետք է հարգեն»:

Զեկույցում նաև լրատվամիջոցներին անդրադարձ կա, ԵԽԽՎ-ն Հայաստանի իշխանություններին հորդորում է ապահովել Հանրային հեռարձակողի անկողմնակալությունը և մասնավոր մեդիայի սեփականատերերի ավելի մեծ թափանցիկությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը ցանկանում է, որ Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը մասնակցեն ընտրություններին. Պուտին Մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան. Փաշինյանը՝ Պուտինին