Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական քարոզարշավին օրենքի խախտմամբ դասի ժամին ուսուցիչների և աշակերտների մասնակցության դեպքերով դպրոցների և ոչ մի պաշտոնատար անձ աշխատանքից չի ազատվել:
Մայիսի 13-ին Արագածոտնի մարզում իշխող կուսակցության քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման ահազանգերն առավոտից հեղեղեցին լրահոսը: Դպրոցահասակ երեխաներն ու նրանց ուսուցիչները մի քանի գյուղերում դաս անելու փոխարեն եկել էին Նիկոլ Փաշինյանին ու մյուսներին դիմավորելու՝ չթաքցնելով, որ վարչապետի թեկնածուին տեսնելու համար դասերը շուտ են ավարտել ու այդպիսով խախտել հանրակրթության մասին օրենքը:
Հենց այդ օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանց անուններ տալու հիշեցրեց՝ վարչական ռեսուրսի օգտագործումն արգելվում է, կրթության նախարարությունն էլ մի հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, թե քննություն կանցկացնեն:
Անձամբ վարչապետի հանձնարարությամբ իրականացրած ծառայողական քննության ավարտից հետո, այդ իրադարձություններից ավելի քան երեք ամիս անց «Ազատության» հարցմանն ի պատասխան Կրթության փոխնախարար Արաքսիա Սվաջյանը հայտնել է՝ դպրոցների տնօրենների նկատմամբ կարգապահական տույժեր են կիրառել՝ խիստ նկատողություններ տալով: Կրթության նախարարությունը թեև ընդունում է՝ Արագածոտնի մարզի մի քանի գյուղերի դպրոցների աշակերտներն ու ուսուցիչներն աշխատանքային ժամին՝ դասապրոցեսի ժամանակ, քաղաքական քարոզարշավի են մասնակցել, սակայն, փաստորեն, վարչապետի անոնսած ծառայողական քննությունը զուտ կարգապահական տույժի է հանգեցրել, չնայած ինքը տնօրեններին առաջարկել էր ազատման դիմումներ գրել:
Խիստ նկատողության արժանացած տնօրեններից մեկը՝ Քուչակ գյուղի դպրոցի արդեն նախկին ղեկավար Սասուն Աշուղյանը, տեղի ունեցածի պատճառով օրերս որոշել է իր կամքով ազատման դիմում գրել:
Արագածի և Բերքառատի դպրոցների տնօրենները շարունակում են պաշտոնավարել և սեպտեմբերի մեկին կընդունեն աշակերտներին: Նրանք պատմեցին, որ ընդամենը մի քանի օր առաջ իրենց Հակակոռուպցիոն կոմիտե են հրավիրել ու հարցեր տվել:
«Ազատությունը» դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ հետաքրքրվելով, թե ինչ գործի շրջանակում են տնօրեններին հրավիրել, պատասխան դեռ չենք ստացել:
Արագածի միջնակարգ դպրոցի տնօրեն Անուշ Բեյբությանը, թեև նույնպես խիստ նկատողություն է ստացել, սակայն, մինչ այս պահը չի ընդունում, որ կազմակերպված են մասնակցել «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավին: Տնօրենի խոսքով. «Մեր աշխատողներից մեկը հիվանդանոցից եկել էր, ընտրարշավի ժամանակ այնտեղ խցանում էր եղել, մտել, մասնակցել էր: Երկու հավաքարարներ, որոնք գնացել էին աղբը թափելու, իրենք գնացել են տեսնելու, ոչ մեկին չեն զգուշացրել, այ իրենց տրվել է նկատողություն»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը քարոզարշավի գրեթե բոլոր կանգառներում երեխաների էր տեսնում, պնդում էր, թե ինքն «ատում է վարչական ռեսուրսը, իրենք նման հրահանգներ չեն տվել»:
Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.