«60 տոննա ձուկ՝ Հայաստանից ԱՄԷ»․ ձկնաբույծները կասկածում են, թե այն հայկական է, ՍԱՏՄ-ից արձագանքում են

Ձկնաբուծարան Հայաստանում, սեպտեմբեր, 2026թ.

ննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն (ՍԱՏՄ) օրերս հայտարարել էր, որ Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ է արտահանվել 60 տոննա հայկական ձուկ և ձկնամթերք։ Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Գոռ Գրիգորյանը կասկածում է, թե դա հայկական ձուկ է։

«Նախարարությանը արդեն իսկ տեղեկացրել ենք, որ էդ ձուկը չունի հայկական ծագում: Ներմուծված ձուկ է, ենթադրում ենք, որ նորվեգական, հայկականի անվան տակ արտահանվել է։ Իմ կարծիքով՝ գնի հետ կապված, ավելի էժան, ցածրորակ ձուկ են դրել, էստեղ ինքնարժեքը մի քիչ ավելի բարձր է»,- «Ազատությանն» ասաց Գրիգորյանը:

Էկոնոմիկայի նախարարությունից ասացին՝ ձկնամթերքի արտահանման և ներմուծման լիազոր մարմինը Սննդի անվտանգության տեսչական մարմինն է, նախարարությունը չի ուսումնասիրել փաստաթղթերի շրջանառությունը, իսկ ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանն «Ազատությանն» ասաց՝ Ձկնաբույծների միության նախագահը հավանաբար ինչ-որ բան շփոթում է։

«Ամենայն հավանականությամբ, Ձկնաբույծների միության նախագահը ինչ-որ բան խառնում է, որովհետև այդ արտահանողը ունի նաև այլ արտադրատեսակներ, որոնք նաև ներկրված հումքով կարող են պատրաստված լինել, ասենք՝ ապխտած ձուկ կամ պահածոյացված ձուկ, ինչը նա նույնպես արտահանում է», - նշեց ՍԱՏՄ խոսնակը:

ՍԱՏՄ-ն նաև հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում հայկական ձկան մեծ պահանջարկ կա: Ըստ գերատեսչության՝ եթե որևէ ընկերություն ունի անվտանգության պահանջներին համապատասխանող առնվազն 4 կգ քաշով իշխան և պահանջվող ծավալի խմբաքանակ, ապա իրենք կօգնեն, որ ԱՄԷ արտահանող այդ կազմակերպության հետ համագործակցեն։

Ոլորտի խոշորագույն ընկերություններից «Մաքս Ֆիշ»-ի սեփականատեր Արմեն Կարապետյանը պնդում է՝ իր ընկերությունն ունի նման չափի ձուկ և ինքնուրույն պայմանավորվածություններ գնորդների հետ, սակայն սպասում է ՍԱՏՄ-ի համապատասխան կոդին: Բայց 4 կգ քաշով ձկան պահանջն իրատեսական չի համարում մյուս տնտեսությունների համար, հարցնում է՝ պահանջվող ծավալը մյուս ընկերություններն ինչպե՞ս են ապահովելու։

«Էս ձուկը հիմա 6 կգ է՝ փորը թափած արդեն: Հիմա մարդիկ ուզում են 4+ , ես 6+-ն էլ ունեմ, 5+-ն էլ ունեմ, բայց էդ որ ասում են 60 տոննա արտահանել ենք, ես չգիտեմ երկրորդ մարդուն, [որ դա ունենա], որովհետև մի քանի օր առաջ մեզ մոտ ժողով էր` ձկնաբույծների ՀԿ-ով, և ես բոլորին խնդրեցի՝ եթե մեծ ձուկ կա, խնդրում եմ՝ ասեք, գումարենք ծավալները, հասկանանք՝ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ ունենք, ի՞նչ է գալու, և ոչ մեկ 5 տոննա ինձ ձուկ չի առաջարկել: Էդ նշանակում է՝ ոչ մեկ չունի», - «Ազատությանը» ասաց Կարապետյանը:

«Մաքս Ֆիշ»-ի սեփականատիրոջ հետ զրույցին ներկա էին մի շարք այլ ընկերությունների ներկայացուցիչներ, բայց հրաժարվեցին խոսել տեսախցիկի առջև, պնդելով՝ խնդիրները բոլորի մոտ նույնն են։ «Ազատությանը» չհաջողվեց կապ հաստատել նաև ԱՄԷ 60 տոննա ձուկ արտահանած ընկերության հետ։ Մյուսներն, ըստ Ձկնաբույծների միության նախագահի, դեռ սպասում են, որ ՍԱՏՄ-ն համապատասխան կոդերը տրամադրի, առանց որի չեն կարող արտահանում իրականացնել։

Գոռ Գրիգորյանի խոսքով՝ ոլորտը շարունակում է մնալ «կայուն ծանր վիճակում», խնդիրները հատկապես խորացել են ռուսական շուկայում հայկական ձկնեղենի արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումներից հետո։

«Ոլորտը փոխկապակցված են իրենցով, և եթե արտահանում չկա, կապ չունի էս դեպքում՝ մեծ ես, միջին, թե փոքր», - ընդգծեց նա:

Ձկնաբույծները հուլիսի կեսերին էին բողոքի ակցիայով Կառավարության շենքի մոտ հավաքվել, դրանից հետո Կառավարությունն աջակցության երկու ծրագիր հաստատեց՝ մեկը՝ ձկան արտահանման սուբսիդավորման, ըստ որի՝ իշխան ձկան դեպքում պետությունը 1 կգ-ի համար 820 դրամ, իսկ թառափի դեպքում՝ 1250 դրամ կտրամադրի, մյուսը ձկան կերի արժեքի մասնակի փոխհատուցման ծրագիրն է։

Ձկնաբույծներն ասում են՝ սկզբում խոստացել էին կերի արժեքի 30 տոկոսի փոխհատուցում, բայց հետո այդ չափը նվազեցվել է մինչև 20 տոկոս։ Մինչդեռ, ըստ Ձկնաբույծների միության նախագահի, երկու ծրագրերից որևէ մեկով աջակցություն տնտեսվարողները դեռ չեն ստացել. արտահանման սուբսիդիան տրամադրվում է արտահանումից հետո, իսկ արտահանում, ասաց, դեռ չկա՝ բացի այդ մեկ ընկերությունից։ Ձկան կերի փոխհատուցման վճարումներն էլ դեռ չեն սկսվել:

Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակը հայտնեց՝ շուրջ 60 դիմում են ստացել, որոնք դեռ ամփոփվում են:

«Արտահանման սուբսիդիան, պահպանման ծախսերը, կարծում եմ, պետք է պահպանել, գոնե լճացված վիճակը, էսպես ասած, վեց ամսվա չարտահանված ձկան ծավալները իջնեն, և ապրանքը բալանսավորվի արդեն տեղական շուկայում», - ընդգծեց Ձկնաբույծների միության նախագահը:

«Մաքս Ֆիշ»-ի սեփականատերն ասում է՝ իրենք ինքնուրույն են պայմանավորվածություններ ձեռք բերել, առաջիկայում նախատեսում են նմուշներ ուղարկել ԱՄՆ՝ արտահանման հնարավորությունը գնահատելու համար, բայց այստեղ էլ լոգիստիկ խնդիրներ կան՝ ճանապարհը երկար է, արտահանումը՝ թանկ, դա էլ ապրանքի վերջնական գնի վրա է ազդում։ ԱՄԷ-ի ուղղությամբ ևս ընկերությունը փորձնական արտահանման տարբերակներ ունի. առաջին փուլում նախատեսում է փոքր խմբաքանակ ուղարկել օդային ճանապարհով, հետո շուկայի արձագանքից կախված՝ ավելացնել ծավալները։

«Մենք էդ բոլոր ստանդարտներին համապատասխանում ենք, նստած Եվրամիության հրավերին ենք սպասում, նույնիսկ առաջին երկու ավտոյի արդեն պատվերներն են գցել. ինչ քաշի ձուկ, այսինքն՝ խոսքը մոտ 50 տոննա լողացող ձկան մասն է, ու դա գնալու է ամեն շաբաթ։ Խոսք տվեցին եվրոնոմերը արագացնեն, ամեն ամիս երկարացնում են. «հուլիսին կտանք», հուլիսին չհանեցինք, հիմա՝ «օգոստոսին կտանք», օգոստոսին էլ չունենք եվրոնոմեր, հիմա սեպտեմբերի մեջ ենք, սեպտեմբերին էլ կտա՞ն էդ 140 տոննայի համար: Մեր արտադրանքի 3, 4 [տոկոսը], Հայաստանի մի շաբաթվա արտադրանքն է: Փոքր-փոքր քանակներով կգումարվի ինչ-որ մի բան, գոնե գոյատևենք», - նշեց Կարապետյանը:

«Մաքս Ֆիշ»-ի սեփականատերը պատմեց՝ պետական մարմինները ձկնաբույծներին ծանոթացրել են արտասահմանյան մի շարք ընկերությունների հետ, գոհ են, բայց նոր շուկաներ գտնելու հարցում Կարապետյանը հույսն իր կապերի վրա է դնում։

«Կանադայից բռնած, Եվրոպայից բռնած, ԱՄԷ-ից, բոլորին կոչ են արել օգնել մեզ: Տարբեր ոլորտների մարդիկ են եղել, մեկը աթոռի արտադրություն ունի, եկել է, ասում է՝ «ինձ հանձնարարություն են տվել ձեզ օգնել»։ Հիմա տենց, ես էլ միլիոն բարեկամ ունեմ, կարող եմ ասել գա ձեզ օգնի՝ նկարահանի, մեր ընկերոջը [նկատի ունի «Ազատության» օպերատորին. - խմբ.] փոխարինի, բայց ինչքանո՞վ կարա փոխարինի մեր ընկերոջը բարեկամ Գագիկը, որը հաց է թխում Ֆրանսիայում», - ասաց Արմեն Կարապետյանը: