Թեև գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, իր խոսքով, վաղուց աճեցված ձուկ չի ուտում, բայցևայնպես Կառավարությունն այսօր որոշեց աջակցել ռուսական պատժամիջոցների տակ հայտնված ձկնարտադրողներին:
Էկոնոմիկայի նախարարը նիստում տեղեկացրեց, որ աջակցություն կտրամադրվի 135 տնտեսություններին, որոնք զբաղվում են իշխանի և թառափի բուծմամբ, ինչպես նաև բեղմնավորված ձկնկիթի ու խավիարի արտադրությամբ:
Ընդահանուր 450 միլիոն դրամի փոխհատուցումից օգտվելու համար, սակայն, նախապայմաններ կան. նախ՝ ընկերությունները պետք է լինեն ավելացված արժեքի հարկ վճարողներ, և հետո ձկնարտադրողի ձեռք բերած կերը պետք է լինի սերտիֆիկացված՝ ԵԱՏՄ և ԵՄ չափանիշներին համապատասխան:
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ 2026 թվականի առաջին կիսամյակում ձեռք բերված ձկան կերի մեկ ամսվա միջին գնի 20 տոկոսի չափով։ Կառավարությունը հաշվարկել է, որ 1 կգ ձկան արտադրության համար ծախսվում է միջին հաշվով 1.25 կգ կեր, իսկ ձկան կերի մեկ կիլոգրամը 900 դրամ է: Այս հաշվարկներով էլ փոխհատուցումը կտրվի:
Փոխհատուցման որոշումից առաջ, սակայն, Փաշինյանը որոշեց խոսել ոլորտի խնդիրների մասին։ Օրինակ՝ որակի: Շեշտեց, թե, իհարկե, ոչ բոլորի մասին է խոսքը, բայց որակական ստանդարտի խնդիր կա։
«Ես օրինակ, իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկ չեմ օգտագործում, շատ վաղուց: Որովհետև ինձ համար ակհայտ է, որ էդտեղ խնդիր կա», - հայտարարեց վարչապետը:
«Որովհետև նախ պատահում է անբնական, ինչ-որ, ճարպ՝ ձկան հետ առնչվում ես, տենում ես ճարպերը սենց հոսում են վրայից, ինչ-որ, տարօրինակ և անտրամաբանական: Ասենք, սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնանք: Եվ մենք, այո, Հայաստանի ներսում էս սննդի որակի հետ կապված խնդիրներին պետք է անդրադառնանք», - ասաց Փաշինյանը:
Ձկնարտադրությամբ զբաղվող «Մաքս Ֆիշ» ընկերության ղեկավար Արմեն Կարապետյանը հակադարձում է ՝ մարդկանց մեծ մասը հարավորություն չունի վայրի սաղմոն կամ Արկտիկայից բերված թանկարժեք ձկնամթերք ուտել: Հետևաբար, ըստ գործարարի, երկրի բնակչության մեծ մասը ստիպված է նախընտրել աճեցված ձկնամթերք:
«6 միլիոն ձուկ է հենց հիմա ինձ մոտ լողում, եթե էդ 6 միլիոնից մի հատ ցույց կտաք տենց ճարպեր լողացող ... », - ասաց Կարապետյանը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ վարչապետը չի հավանում աճեցված ձկները, նա արձագանքեց. - «Դե ուրեմն ուրիշի մոտից են գնել, ես չեմ կարող ասել՝ ինչի համար»:
«Մաքս Ֆիշ»-ի տնօրենն ասում է, որ, իհարկե, շնորհակալ է Կառավարությունից 20 տոկոս փոխհատուցման որոշման համար, թեև նշում է, որ Էկոնոմիկայի նախարարության հետ պայմանավորվել էին 30 տոկոսի մասին, և պետք է հաշվարկվեր ոչ թե 2026-ի առաջին կիսամյակի, այլ 2025-ի 12 ամիսներին օգտագործված կերի միջինացված թիվը:
«Եթե 20 տոկոս տալիս են, ես շատ շնորհակալ եմ, էլի, որ չտային, ի՞նչ պետք է անեինք», - նշեց Կարապետյանը:
Կառավարության այս փոխհատուցումը, սակայն, ըստ ձկնարտադրողի, իրենց սնանկությունից չի փրկելու: Անհրաժեշտ է լուծել արտահանման հարցը: Ծիածանափայլ իշխանի և սիբիրյան թառափի արտադրությամբ զբաղվող «Մաքս Ֆիշ»-ի տնօրենն ասում է, որ այս պահին հազար տոնա ձուկ ունեն արտահանելու, բայց դեռ չգիտի՝ ուր:
Ընկերության հիմնական շուկան Ռուսաստանն էր, որը հունիսի սկզբից արգելել է հայաստանյան ձկնամթերքի ներմուծումը։ Այժմ փորձում են ելքեր փնտրել՝ եվրոպական շուկաներ դուրս գալու համար, բայց դրա համար ժամանակ է պետք:
«Դա լուծում չի, որովհետև արտահանումը եթե չեղավ, ոլորտը փակվելու է», - ընդգծեց Արմեն Կարապետյանը:
Ձկնամթերքի որակից բացի, վարչապետն այսօր Կառավարության նիստում բարձրացրեց ընդհանրապես այս ոլորտի արդյունավետության հարցը՝ համեմատության մեջ դնելով բնությանը հասցված վնասներն ու ստացված օգուտները:
Փաշինյանը Պետեկամուտների կոմիտեից է պարզել՝ երկրի անգին ռեսուրսը՝ արտեզյան ջրերը սպառելով, ձկնաբուծական ոլորտը տարեկան միայն 2.5-ից մինչև 3 միլիարդի հարկ է վճարում. - «Շատ լավ է, որ աջակցում ենք, աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ՝ ինչի՞ է տարեկան հարկային եկամուտը 2.5-ից 3 միլիարդ դրամ»:
Վարչապետը չբացառեց՝ գուցե այս ոլորտում ստվե՞ր կա: Հետևաբար՝ փոխհատուցումը կտան, բայց ստվերի հետևից էլ կգնան:
«Էս հարցերին մենք պետք է առերեսվենք, ընկերներ: Կամ ստեղ ահավոր մեծ ստվեր կա, մենք էդ ստվերի հետևից պետք է գնանք», - ասաց Փաշինյանը:
Ձկնարտադրությամբ երկար տարիներ զբաղվող «Մաքս Ֆիշ»-ի տնօրենն ասում է, որ չի կարող խոսել ներքին շուկայի ստվերի մասին, ինքն իր ապրանքը ամբողջությամբ արտահանում է և մեծ հարկեր վճարում: Միայն անցած տարի 800 միլիոն դրամի հարկ է վճարել. - «Անցած տարի՝ 800 միլիոն , նորմա՞լ է»:
Զարգացնելով ձկնաբուծության ոլորտին առնչվող բնապահպանական թեման՝ վարչապետ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հիշեցրեց, որ արտեզյան ջրերը փակ համակարգով օգտագործելու մասին Կառավարությունը նախորդ տարի որոշում էր կայացրել, սակայն դատարանի միջոցով ձկնաբույծները զորայցրեցին իրենց այդ որոշումը: Արդյունքում, ըստ վարչապետի, շարունակվում է արտեզյան ջրերը հանելու և դրենաժով դրանք Հայաստանից դուրս ուղարկելու գործընթացը:
Փաշինյանը շեշտեց՝ ինքը դեմ է աջակցել մի ոլորտի, որը չի զարգանում և տեղում կանգնած է:
«Մարդիկ գալիս են մեր մոտ, Կառավարության մոտ ցույց են անում, մենք էլ կարանք ավելի հաճախ գնանք իրանց մոտ, ցույց չենք անի, գնանք տեսնենք ոնց են աշխատում», - նշեց վարչապետը:
Ձկնարտադրողները, սակայն, այս հարցում էլ համաձայն չեն Կառավարության հետ, պնդում են՝ եթե անգամ արտեզյան ջրերը իրենք չօգտագործեն, դրանք, միևնույն է, նույն ձևով հոսելու են Հայաստանից դուրս: Եթե այդ ջրերը փակեն, ի՞նչ են անելու, հարցնում է գործարարը:
Ինչ վերաբերում է ձկնաբուծության փակ համակարգին անցնելու և ավելի քիչ ծավալով ջուր օգտագործելու Կառավարության դիրքորոշմանը, ապա Կարապետյանը վստահեցնում է՝ եթե ջրի ծավալները քչացվեն , ձկան որակը ընկնելու է, և այն այլևս չի սպառվելու:
«Ի՞նչ են պատրաստվում իրենց ասած համակարգով պահելու: Թող մեզ ժամանակ տան, բանկրոտ անեն, գրավի առարկան իմ տունն է, տունն էլ կտամ իրենց՝ բանկերին, ինչ ունեմ, գոնե ձուկը թույլ տան՝ վաճառենք, և մեր վեշերը հավաքենք էս երկրից», - ասաց «Մաքս Ֆիշ»-ի տնօրենը:
Ի դեպ , փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր Կառավարության նիստին տեղեկացրեց, որ ջրօգտագործման իրավունքները տնտեսվարողներին տրված են կոնկրետ ժամկետով, և ձկնարտադրողներին արդեն տեղեկացրել են, որ այդ ժամկետի ավարտից հետո նրանք այլևս նույն ծավալով ջուր օգտագործելու հնարավորություն չեն ունենա: Այսինքն՝ առաջիկայում ձկնարտադրողներին կտրվեն ավելի քիչ ծավալով ջրօգտագործման իրավունքներ՝ արտեզյան ջրի սպառումը կրճատելով շուրջ 36 տոկոսով: Թե ընդհանուր այս միտումը ինչպես կազդի ոլորտի զարգացման վրա, փոխվարչապետը չհստակեցրեց։