Արտադրանքի զգալի մասը տարիներ շարունակ հիմնականում Ռուսաստան արտահանող հայաստանցի բիզնեսմեններն ու բեռնափոխադրողներն են արձագանքում Փաշինյան-Պուտին երեկվա հանդիպմանը: Հույս ունեին, որ հայկական ապրանքների արտահանման խնդիրների ու վերջին ամիսներին առաջացած սահմանափակումների մասին քննարկում կլինի, բայց հրապարակային հատվածում այդ մասին խոսք չեղավ:
Հայկական գյուղմթերք արտահանող «Ֆրեշ Լայն» ընկերության համար, ռուսական շուկան տարիներ շարունակ արտահանման հիմնական ուղղությունն է եղել։ Մայիսից, երբ Ռուսաստանը փուլային սահմանափակումներ սկսեց հատկապես հայկական գյուղմթերքի ուղղությամբ, այս ընկերությունը նույնպես ֆինանսական խնդիրների առաջ կանգնեց: Ընկերության հիմնադիր Գևորգ Ղուկասյանն ասում է՝ պետության տրամադրած սուբսիդիոն աջակցությամբ կարողանում են իրենց արտադրանքն արտահանել Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա և Լեհաստան:
«Կարծում եմ՝ նույնիսկ երբ Ռուսաստանը բացվի մեր համար, պետությունը կպահի էս սուբսիդիայի պայմանները և այլն, որպեսզի մենք վաղը, մյուս օրը դիվերսիֆիկացիան ավելի զարգացնենք», - ասաց Ղուկասյանը:
Ռուսական շուկան, սակայն, ավելի հարմար էր ոչ միայն այս ընկերության, այլև ձկնաբույծների համար, որոնք անցած ամիս բողոքի ակցիա էին անում կառավարության առջև: «Մաքս Ֆիշ» ընկերության հիմնադիր Արմեն Կարապետյանը, որ նաև ձկնաբույծների ասոցիացիայի վարչության անդամ է, Փաշինյան-Պուտին հաջորդ հանդիպումից է լավ լուր սպասում:
Կարապետյանն ասաց՝ փաստաթղթերի ձևակերպման փուլն անցել են, շուտով իր ընկերության շուրջ 50 տոննա ծիածանափայլ իշխանը կուղարկեն եվրոպա՝ միջնորդ կազմակերպության աջակցությամբ, բայց սա չի նշանակում, որ իրենց վիճակը լավ է. սրանք վերակենդանացման թույլ նշաններ են:
«ՄԱՊ» ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը հիշեցնում է՝ գինու և կոնյակի մի քանի ընկերություն է ընկել ռուսական սահմանափակումների տակ, թեև ըստ նրա՝ «ՄԱՊ»-ն այդ ցանկում չկա, բայց ապրանքը Մոսկվա հասցնելու լուրջ խնդիրներ կան:
Պետրոսյանը պատմեց՝ Վրաստանը շարունակում է իր սահմանով Ռուսաստան գնացող հայկական խմիչքից նմուշներ վերցնել ու շաբաթներով սպասեցնել, խնդիրների մի մասն էլ ծագում է Լարսի անցակետում։ Ըստ նրա՝ եթե նախկինում կոնյակի մեկ մեքենան Հայաստանից Ռուսաստան էր հասնում 3-5 օրում, այժմ դա շաբաթներ է տևում, հաճախ հասնելով 1 ամսվա:
Պետրոսյանն այս խնդիրները քաղաքական չի համարում. «Կարան լիդերների մակարդակով քննարկվեն այն հարցերը, որոնք քաղաքական են, բայց խոչընդոտներ են սրանք: Դեմ չեմ լինի, որ երկրի ղեկավարները քննարկեն նաև խոչընդոտների հարցը: Բայց գտնում եմ, որ երկրների ղեկավարների մակարդակով կարող է փոքր հարց է կամ հաշվի առնելով հայկական կոնյակագործության կարևորությունն ու խաղողագործության կարևորությունը, այո, կարող է և հարցն այնքան կարևոր լինի, որ քննարկեն»:
«Ազատության» հարցին՝ իսկ գյուղմթերքի արտահանումների սահմանափակումները քաղաքակա՞ն են, նա պատասխանեց. «Տրամաբանությունը դրա մասին է: Մասնավորի կարծիք որպես, այո, ես համարում եմ քաղաքական խնդիր»:
Հայկական ապրանքները շուրջ երեք տասնամյակ Ռուսաստան տեղափոխող բեռնափոխադրողը, որը գերադասում է չներկայանալ, հույս ունի, որ Ռուսաստանը Հայաստանի համար իր շուկան ամբողջությամբ չի փակել։
Ռուսաստանի սահմանափակումները հայկական գյուղմթերքի մեծ մասի նկատմամբ սկսվեցին Հայաստանում անցկացված երկու եվրոպական բարձր մակարդակի գագաթնաժողովներից հետո, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը:
Պաշտոնական վիճակագրությամբ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու արտահանումների հիմնական ուղղությունը: Այս տարվա առաջին կեսի տվյալներով Հայաստանից արտահանումների շուրջ 36 տոկոսը կամ ավելի քան 1.2 միլիարդ դոլարը ռուսական շուկա է մտել: Դեպի Եվրամիություն արտահանման ծավալները թեև զգալի զիջում են, բայց 2025-ի առաջին կիսամյակի համեմատ՝ արտահանումների ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ անցնելով կես միլիարդ դոլարի շեմը: