Ազգային ժողովի ընտրությունները նշանակվեցին հունիսի 7-ին

Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի հերթական ընտրությունը հունիսի 7-ին նշանակելու մասին:

Հրամանագիրը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, որին հղում է արված հրամանագրում, խորհրդարանի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 60, և ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ 93-րդ հոդվածով՝ ԱԺ հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է հանրապետության նախագահը:

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն էլ, որին ևս հղում է արված հրամանագրում, «Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահը հրապարակում է հրամանագիր քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 90 օր առաջ»:

Անցած տարվա հունիսի 7-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամում գրել էր, որ Ազգային ժողովի հաջորդ ընտրություններն անցկացվելու են ուղիղ մեկ տարի հետո՝ 2026 թվականի հունիսի 7-ին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հետհաշվարկը սկսված է». Ալեն Սիմոնյանը 2026-ի համապետական ընտրությունների օրն է հրապարակել