Մատչելիության հղումներ

Ծառուկյանը վարչապետի պաշտոն չի ուզում, բայց 3 թեկնածու ունի՝ «մեկը մեկից ուժեղ ու գրագետ»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարչապետի միանգամից 3 թեկնածու ունի: Մեծահարուրստ գործարարը հայտարարում է՝ 4 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններում ինքն անձամբ երկրի ղեկավարի պաշտոնին չի հավակնում, բայց արդեն պոտենցիալ թեկնածուներին ընտրել է:

«Ես վարչապետի պաշտոնի թեկնածու, իհարկե, ունեմ, մեկի տեղը երեքն ունեմ, մեկը մեկից գրագետ, մեկը մեկից ուժեղ, պատրաստված», - հայտարարել է նա:

Թե ովքեր են ԲՀԿ առաջնորդի վարչապետի թեկնածուները, Ծառուկյանն առայժմ հրաժարվում է փակագծեր բացել՝ չցանկանալով նաև մանրամասնել, թե արդյոք նրանք նախկին, թե ներկա իշխանության մաս են կազմում. «Մենք պետք է մոռանանք նախկիններ, ներկաներ, խոսում ենք ապագայից, ապագայի վարչապետ է: Մեր երկրին պետք է ապագա, այնպես որ նախկինն ու հին ու նորը մոռանանք: Խոսենք ապագայի մասին»:

Իր նախընտրական ծրագրերի մասին ԲՀԿ 69-ամյա առաջնորդը նախընտրել է խոսել մի քանի տասնյակ երիտասարդների հետ հարցուպատասխանի ձևաչափով առանց լրագրողների: Հայտարարել է, որ ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով և «Առաջարկ Հայաստանին» ծրագրով:

Ծառուկյանն անակնկալներ է խոստանում

Կուսակցությունո՞վ, թե՞ դաշինքով կգնա ընտրություններին, ԲՀԿ առաջնորդն ասաց՝ մինչ այս պահը մտածված չի խոսել այդ մասին, բայց և անակնկալներ խոստացավ:

Ընտրություններին Ծառուկյանի հետ միասին մասնակցելու մասին հայտարարած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն օրերս «Ազատությանն» ասել էր, որ այս պահին քաղաքական կոնսոլիդացիա է տեղի ունենում ԲՀԿ առաջնորդի շուրջ։

«Ազատության» տեղեկություններով՝ ամենայն հավանականությամբ, ԲՀԿ առաջնորդին կմիանա նաև «Մայր Հայաստանը»: Այս կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը փոխանցեց՝ քննարկումների ավարտից հետո ընտրություններին մասնակցելու ձևաչափի մասին հայտարարություն կանեն:

«Այսօր իմացեք՝ պարտադիր չէ, որ ԲՀԿ անդամ լինի, որ մեզ հետ մասնակցի, հին ու նոր չկա, պետք է մարդիկ համախմբվեն, էս վիճակից դուրս գան։ Ես մոտ ժամանակներս ձևաչափը կներկայացնեմ՝ շատ գեղեցիկ, անակնկալներով, այնպես որ շատ չի մնացել։ Կներկայացնեմ, բոլորն էլ թող տեսնեն, հանգստանան, տեսնեմ, թե դրանից հետո ինչ են ասում», - նշել է նա:

«Ո՞ւր էր Ծառուկյանը անցած տարիներին»

Շուրջ մեկ ժամ տևած և միայն բուռն ծափահարություններով ընդհատվող հարցուպատասխանի ընթացքում երիտասարդները խորհրդարանական սպասվող ընտրություններից բացի, նաև հետաքրքրվում էին, թե որտեղ էր Գագիկ Ծառուկյանն անցած տարիներին, երբ Հայաստանը տարբեր արհավիրքների միջով էր անցնում։

44-օրյա պատերազմի օրերին՝ 2020-ի սեպտեմբերին, ԲՀԿ առաջնորդը կալանավորվեց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքի գործով և մոտ մեկ ամիս անցկացրեց անազատության մեջ։ Մեկ անգամ էլ նա ձերբակալվեց և երկու օրից ազատ արձակվեց արդեն պատերազմից հետո։ 2021-ի ընտրություններում շուրջ 50 հազար ձայն հավաքելով և խորհրդարանից դուրս մնալուց հետո Ծառուկյանը դադարեցրեց ակտիվ քաղաքական գործունեությունը։

«Ո՞ւր էի։ Հայաստանում՝ ձեր կողքին, ժողովրդի կողքին, լավ ու վատ օրերով ձեզ հետ եմ եղել», - պատասխանեց նա:

Խոսելով արդեն պատերազմից հետո՝ 2021-ի ընտրություններում ԲՀԿ-ի պարտության մասին՝ Ծառուկյանն ասաց, թե իր թիմն այդ ժամանակ լավ չաշխատեց, չկարողացավ ժողովրդին տեղեկացնել իրենց ծրագրերի մասին։ Ըստ մեծահարուստ գործարարի՝ ովքեր լավ են աշխատել և խորհրդարանում հայտնվել, նրանք էլ այսօր պետք է ժողովրդի առաջ պատասխան տան։

«Էս հարցը էն մեծ-մեծ խոսացողներին էլ տվեք, որ նրանք ի՞նչ են արել», - ասաց Ծառուկյանը:

«Քրիստոսից հետո հայ կնոջ արձանը կլինի»

Քաղաքականությունից դուրս երիտասարդները նաև հարցեր էին տալիս Ծառուկյանին հոգեհարազատ թեմաներից՝ գյուղատնտեսությունից, Հատիսի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումից ու նաև ապագայում կառուցվելիք արձաններից։

Հարցին, թե Հիսուս Քրիստոսի արձանի ավարտից հետո հաջորդն ո՞ւմ արձանը կկառուցեր նման մտադրության դեպքում, Ծառուկյանն արձագանքեց. «Առանց երկար մտածելու պատասխանեմ՝ կկառուցեի հայ կնոջ արձանը»:

Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվող Գագաիկ Ծառուկյանն այս պահին 3 գործով է անցնում, 3-ն էլ արդեն դատարանում են: 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ իր կուսակցության օգտին 90 միլիոն դրամ ընտրակաշառք տալու համար գործը դատարանում քննվում է դեռ 2023-ից, գործարարը մեղքը չի ընդունում: Ծառուկյաններն անցնում են նաև ապօրինի ծագման գույքի գործով, օրերս էլ դատարան է ուղարկվել ևս մեկ գործ, որով ԲՀԿ առաջնորդն ու կինը մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար: Դատախազությունը պնդում է, որ ԲՀԿ առաջնորդը վաճառել է արգելանքի տակ գտնվող գույքը, ինչի իրավունքը չուներ:

XS
SM
MD
LG