Ռուսաստանը հնարավորություն ունի ձևակերպել իր դիրքորոշումն ու առկա խողովակներով շարունակելու բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի Մայամի կատարած այցի արդյունքները ստանալուց հետո: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է խոսել փաստաթղթերի վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի մասին՝ ասելով, որ նման հարցերի վերաբերյալ Կրեմլը չի պատրաստվում լրատվամիջոցների միջոցով հաղորդակցվել։
Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ արդյունավետ և կառուցողական է գնահատել Մայամիում հանգստյան օրերին Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ ունեցած առանձին հանդիպումները, որոնց ժամանակ քննարկվել է խաղաղության ամերիկյան պլանի փոփոխված տարբերակը: Ուիթքոֆն ասել է, Ռուսաստանը ցանկանում է խաղաղության հասնել:
«Ռուսաստանը շարունակում է հանձնառու լինել Ուկրաինայում խաղաղության հասնելուն։ Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերն ու աջակցությունը ուկրաինական հակամարտության կարգավորման և համաշխարհային անվտանգության վերականգնման գործում», - նշել է նա:
Մայամիի բանակցությունները դրական և արդյունավետ է գնահատել նաև Ուկրաինայի նախագահը: