Մատչելիության հղումներ

Զելենսկի. Տարածքային զիջումների հարցը պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը՝ հանրաքվեով

Լրացված

Տարածքային զիջումների հարցը, որը նախատեսվում է խաղաղության ամերիկյան պլանով, պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով, հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ Դոնեցկի ապագա կարգավիճակի և Զապորոժիեի ատոմակայանի նկատմամբ վերահսկողությունը երկու հիմնական վիճելի հարցերն են, որոնց շուրջ դեռ բանակցում են:

Վլադիմիր Զելենսկիի խոսքով՝ ԱՄՆ-ն առաջարկում է Դոնբասի այն հատվածը, որտեղից ուկրաինական բանակը պետք է դուրս գա, դարձնել «ազատ տնտեսական գոտի», իսկ Ռուսաստանն ուզում է այնտեղ ստեղծել «ապառազմականացված գոտի»։

Ըստ պլանի՝ Դոնեցկից ուկրաինական զորքի դուրս գալուց հետո ռուսական զորքը չպետք է մտնի այնտեղ: Ռուսաստանն իր զորքը դուրս չի բերի Դոնեցկում, Խերսոնում և Զապորոժիեում զբաղեցրած դիրքերից, փոխարենը դուրս գա Խարկովի, Դնեպրոպետրովսկի և Սումիի մարզերի այն մասերից, որոնք վերահսկում է։ Զելենսկին ասել է, որ սա չի բխում Ուկրաինայի շահերից:

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ երեկ տեսակապով կառուցողական քննարկում են ունեցել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Մենք աշխատում ենք շրջանակային փաստաթղթի վրա, և այն պետք է բավական ուժեղ լինի, որպեսզի իսկապես գործի։ Կարծում ենք՝ այս փաստաթղթերը պետք է հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Սա կնշանակի մեր երկրի համար իրական, ամուր, իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքներ»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ռուսաստանի նախագահի օգնականը չի բացառել, որ Դոնբասում չտեղակայվեն ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական զորք: Սակայն այնտեղ կլինեն Ռուսաստանի Ազգային գվարդիան, ոստիկանությունը՝ կարգուկանոնը պահպանելու համար։ Յուրի Ուշակովը պնդել է, թե ողջ Դոնբասը ռուսական տարածք է և ի վերջո կանցնի Ռուսաստանին:

«Եթե ոչ բանակցությունների միջոցով, ապա ռազմական ճանապարհով այդ տարածքը կանցնի Ռուսաստանի լիակատար վերահսկողության տակ։ Մնացած ամեն ինչ կախված կլինի դրանից», - ասել է նա:

Մոսկվայի սպառնալիքների Ֆոնին ԱՄՆ նախագահը խոստացել է օգնել Ուկրաինային անվտանգության երաշխիքների հարցում: Դոնալդ Թրամփը, սակայն, ասել է, թե հիասթափված է բանակցությունների տեմպից: Ըստ նրա, ԱՄՆ-ն կմասնակցի եվրոպացի առաջնորդների հետ շաբաթավերջին նախատեսված հանդիպմանը, եթե առաջընթաց գրանցելու լավ հնարավորություն լինի։

«Նրանք ցանկանում են, որ մենք մասնակցենք շաբաթ Եվրոպայում կայանալիք հանդիպմանը, և կմասնակցենք, եթե համարենք, որ առաջընթացի լավ հնարավորություն կա: Չենք ուզում շատ ժամանակ վատնել», - նշել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևվիթն էլ հայտարարել է, որ նախագահը հոգնել է անիմաստ հանդիպումներից և «գործողություններ է ուզում»:

Ու մինչ Վաշինգտոնն ու Կիևը բանակցում են, Ռուսաստանի կենտրոնական բանկը հայտարարել է, որ Ուկրաինային օգնելու նպատակով իր սառեցված ակտիվներն օգտագործելու ԵՄ ծրագրերն անօրինական են: Բանկը հայտնել է, որ Մոսկվայի արբիտրաժային դատարան հայց կներկայացնի բելգիական Euroclear դեպոզիտարիայի դեմ, որտեղ պահվում է այդ ակտիվների մի մասը և առանց Բելգիայի համաձայնության ԵՄ-ն չի կարող դրանք օգտագործել:

Երեկ էլ ԵՄ-ն կողմ քվեարկեց ռուսական ակտիվներն անորոշ ժամկետով սառեցված պահելու նախագծին: Բելգիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ այդ ակտիվներն ինչ-որ պահի պետք է օգտագործվեն Ուկրաինային օգնելու նպատակով, սակայն, Բելգիան «չի գնա որևէ անխոհեմ զիջման»։

«Որպես պատասխանատու քաղաքական գործիչներ՝ մենք որոշ մտահոգություններ ունենք։ Պարզ է, որ ուշադրություն ենք դարձնում սեղանին դրված առաջարկի խոցելի կողմերին, իրավական և ֆինանսական ռիսկերին», - ասել է Ֆինանսների նախարար Վինսենթ վան Պետեգհեմը:

Արտաքին դիվանագիտական այս զարգացումներին զուգահեռ Ուկրանիայի ներսում հիմնական թեման նախագահական ընտրություններն են, որոնք չեն անցկացվում երկրում սահմանված ռազմական դրության պատճառով: Նախագահ Զելենսկին երեկ կրկին ասել է, որ պատրաստ են անցկացնել, սակայն նախ պետք է հրադադար ապահովվի: Մինչդեռ ուկրաինացիներն ընտրությունների հարցում տարբեր կարծիքի են:

«Արժե անցկացնել, որովհետև մեր նախագահը հոգնել է արդեն։ Դա երևում է։ Եվ ժողովուրդը պետք է ապացուցի՝ իսկապե՞ս վստահում է Զելենսկիին», - նշել է Կիևի բնակիչներից մեկը։

«Հիմա առհասարակ դրա ժամանակը չէ։ Հատկապես, որ մարդկանց կեսը չի մասնակցի՝ նրանք, ովքեր ռազմաճակատում են, ժամանակավորապես մեկնել են արտերկիր: Սրանք կլինեն ընտրություններ, որոնք չեն արտացոլի իրական պատկերը», - ասել է մեկ այլ բնակիչ։

Այս ընթացքում Ռուսական զինուժը հարվածել է Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքներին, Պավլոգրադում կա զոհ և վիրավորներ: Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նախագահ Պուտինին զեկուցել է, որ վերցրել են Դոնեցկի մարզի Սևերսկ քաղաքը։

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Յարոսլավլում գտնվող նավթավերամշակման գործարանի: Տվերում ուկրաինական անօդաչուների հարվածից բազմահարկ շենք է վնասվել, կա յոթ վիրավոր: Ուկրաինան հայտարարել է, որ Կասպից ծովում հարվածել է երկու նավի, որոնք զենք-զինամթերք էին տեղափոխում, նաև պնդել, որ Կուպիանսկին մոտ մի քանի գյուղ է հետ վերցրել:



XS
SM
MD
LG