Մատչելիության հղումներ

Թրամփը կրկին խոսում է Ուկրաինայում ընտրությունների մասին. Զելենսկին արձագանքում է


Արխիվ
Արխիվ

Ուկրաինան Միացյալ Նահանգներին է փոխանցել ամերիկյան խաղաղության պլանի փոփոխված տարբերակը, հայտնում են Bloomberg-ն ու Axios-ը: Կիևը պաշտոնապես դեռ չի հաստատել, թեև երեկ նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել էր, որ կփոխանցեն:

Երեկ նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները ԱՄՆ նախագահի հետ տեսակապով քննարկել են խաղաղության ամերիկյան պլանը: Գերմանիայի կառավարության խոսնակն ասել է, որ խաղաղության ծրագրի վրա ինտենսիվ աշխատանքը կշարունակվի առաջիկա օրերին:

Քննարկումից հետո Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կոշտ խոսակցություն է ունեցել եվրոպացի առաջնորդների հետ և խոստովանել, որ որոշ տարաձայնություններ կան: ԱՄՆ նախագահն ասել է, որ եվրոպացի ղեկավարներն առաջարկել են շաբաթավերջին հանդիպում կազմակերպել՝ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ: Սակայն, Սպիտակ տան ղեկավարը նշել է՝ որոշում կկայացնի եվրոպացիներից պատասխան ստանալուց հետո միայն, քանզի չի ցանկանում ժամանակ վատնել:

«Նրանք ցանկանում էին, որ մենք այս շաբաթավերջին հանդիպենք Եվրոպայում։ Եվ մենք որոշում կկայացնենք՝ կախված նրանից, թե ինչ կներկայացնեն մեզ։ Մենք չենք ուզում ժամանակ վատնել», - ասել է Թրամփը:

Նա հավելել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է իրատեսորեն նայի իրավիճակին, և հիշեցրել է, որ Ուկրաինայում պետք է նախագահական ընտրություններ անցկացվեն, ապա ասել, որ երկրում «լայնածավալ կոռուպցիա» կա։

Ու մինչ Թրամփը կրկին խոսում է ընտրությունների մասին, Զելենսկին Գերագույն ռադայի ներկայացուցիչների հետ քննարկել է հարցը, ապա հայտարարել է, որ սպասում է պատգամավորների առաջարկներին։ Երեկոյան ուղերձում Զելենսկին ասել է, որ թույլ չի տա որևէ շահարկում Ուկրաինայի դեմ, ու եթե Կիևի գործընկերները, այդ թվում՝ գլխավոր գործընկեր ԱՄՆ-ն, այդքան շատ են խոսում ռազմական դրության պայմաններում ընտրությունների անհրաժեշտության մասին, ապա Ուկրաինան պետք է պատասխանի յուրաքանչյուր հարցի և կասկածի։

«Դա հեշտ չէ, անշուշտ, բայց մեզ այս հարցում ճնշում պետք չէ։ Ես ակնկալում եմ, որ Ուկրաինայի խորհրդարանականները կներկայացնեն իրենց տեսակետը: Անվտանգության խնդիրները կախված են գործընկերներից, առաջին հերթին՝ ԱՄՆ-ից, քաղաքական և իրավական հարցերը Ուկրաինայի տիրույթում են», - նշել է նա:

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ տեսակապով քննարկել են Ուկրաինայի տնտեսական վերականգնման հարցերը, նաև խաղաղության 20 կետանոց շրջանակային համաձայնագիրը, որի մաս է կազմում երկրի վերականգնումը: Զելենսկին արդյունավետ է որակել քննարկումը, որին ամերիկյան կողմից մասնակցել են ֆինանսների նախարարն ու ԱՄՆ նախագահի փեսան։


Այս ֆոնին Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան դեռ ծանոթ չէ ամերիկյան ծրագրի ընթացիկ բովանդակությանը և ցանկանում է, որ համաձայնեցվի այնպիսի փաթեթ, որը հիմք կդառնա երկարաժամկետ և կայուն խաղաղության համաձայնագիր կնքելու համար, նաև անվտանգության երաշխիքներ կապահովի բոլոր կողմերին: Սերգեյ Լավրովը կրկնել է՝ ցանկացած գործարք պետք է վերացնի հակամարտության հիմնապատճառները. «ԱՄՆ նախագահի և նրա թիմի հետ մեր բանակցությունները կենտրոնացած են հենց այս ճգնաժամի արմատական պատճառները վերացնելու համար երկարաժամկետ լուծում գտնելու վրա»:

Լավրովը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի վերջին այցից հետո Ուկրաինայի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև որևէ «թյուրըմբռնում» չկա:

The Wall Street Journal-ը, իր աղբյուրներին հղումով, հայտնում է, որ ԱՄՆ-ն մի քանի փաստաթուղթ է փոխանցել Եվրոպային, որոնցում ուրվագծվում է հետպատերազմյան շրջանում Ուկրաինայի վերականգնման և համաշխարհային տնտեսությանը Ռուսաստանի վերաինտեգրման իր տեսլականը։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է օտարերկրյա ներդրումների համար:

Այս ընթացքում ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է Օդեսայի էներգետիկ ենթակառուցվածքներին:

Ռուսական կողմը հայտարարել է, որ Ուկրաինան անօդաչուներով խոշոր հարձակում է գործել, այդ թվում՝ Մոսկվայի վրա: «Դոմոդեդովո» և «Վնուկովո» օդանավակայանները աշխատում են սահմանափակումներով:

Ուկրաինական կողմը հայտարարել է, որ Սև ծովում հարվածել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս կազմող նավթատարի: Ուկրաինական զինուժն առաջին անգամ հարվածել է Կասպից ծովում նավթ արդյունահանող ռուսական հարթակի:

XS
SM
MD
LG