Մատչելիության հղումներ

Ըստ Մեդվեդևի՝ արևմտյան միջամտությունը ՀՀ վերջին ընտրություններին «աննախադեպ» էր

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «աննախադեպ» է որակել հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին «արևմտյան միջամտությունը», փոխանցում է TACC գործակալությունը։

Նա մասնավորապես մատնանշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հետապնդումը՝ համարելով, որ «իշխող շրջանակների համար ընդդիմության անցանկալի անդամների նկատմամբ ճնշման նոր փուլ» է սկսվել։

«Արևմտյան երկրների կողմից սա լիակատար լռության է արժանանում։ Նրանց միջամտությունը վերջին ընտրարշավին աննախադեպ էր», - ասել է ՌԴ երրորդ նախագահը։

Մեդվեդևի համոզմամբ՝ «Հայաստանը Արևմուտքի համար միայն գործիք է Ռուսաստանի դեմ»․ «Արևմուտքը ամենից շատ շահագրգռված է քաղաքական դաշտը մաքրել բոլոր այն ուժերից, որոնք կոչ են անում առողջ հարաբերություններ պահպանել Երևանի և Մոսկվայի միջև», - նշել է նա։

Ռուս պաշտոնյան նախազգուշացրել է՝ Երևանի կողմից Ռուսաստանի հետ ավանդական կապերը խզելու ցանկացած քայլ անխուսափելիորեն լուրջ հետևանքներ կունենա հայ ժողովրդի համար։

Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների մտադրությունների մասին կդատի նրանց գործնական քայլերից, ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։

Խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանից դեռ չեն շնորհավորել, փոխարենը՝ Մոսկվայից տարբեր պնդումներ են հնչում, թե Հայաստանում ընտրությունները խախտումներով են անցել:

Վարչապետ Փաշինյանը հունիսի 11-ին հույս էր հայտնել, որ շնորհավորանքը կստանա:

Ընտրություններին ընդառաջ Մոսկվան փաստացի տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Հայաստանի նկատմամբ՝ հորդորելով արագ կողմնորոշվել՝ մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, թե՞ գնում է Եվրոպական Միություն։ Երևանից վստահեցնում են՝ առայժմ հնարավոր է համատեղել ԵԱՏՄ անդամակցությունը և դեպի ԵՄ ձգտումները։


XS
SM
MD
LG