Եվրամիությանը միանալու դեպքում Հայաստանը կկորցնի ՀՆԱ-ի մոտ 23 տոկոսը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Ընդհանուր առմամբ, ամենահամեստ և պահպանողական հաշվարկներով, ԵՄ-ին միանալը Հայաստանին կարժենա ՀՆԱ-ի մոտ 23 տոկոս, իսկ աշխատաշուկայի զանգվածային կրճատումն ու գնաճը կհանգեցնեն կենսամակարդակի զգալի անկման։ Ներքին սպառումը կնվազի ավելի քան 20 տոկոսով։ Ակնկալվում է նաև էներգակիրների գների աճ», - հաղորդում է Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը՝ մեջբերով Շևցովին։
Նա հիշեցրել է, որ Հայաստանը չի կարող ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր կնքել՝ լինելով ԵԱՏՄ անդամ, և որ Երևանը նախ պետք է դուրս գա այդ կազմակերպությունից։ «Իսկ դուրս գալ նշանակում է առաջին հերթին արտահանման սահմանափակումների վերադարձ, ապրանքների և ծառայությունների միասնական պահանջների կիրառման դադարեցում, ամբողջական մաքսային վերահսկողության վերականգնում, Հայաստանից միգրանտների նկատմամբ արտոնյալ ռեժիմի վերացում, ինչպես նաև բեռների փոխադրման համար ստանդարտ սակագների կիրառում»,- նշել է Շևցովը։
Այս դեպքում գյուղատնտեսները նույնպես ստիպված կլինեն նոր շուկաներ փնտրել, քանի որ մաքսատուրքերի պատճառով նրանց ապրանքները կկորցնեն մրցունակությունը։ Կաճեն բեռնափոխադրումների ծախսերը, կնվազեն ներդրումները, և չեն լինի էներգակիրների արտոնյալ մատակարարումներ։
Շևցովի կարծիքով՝ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալը կհանգեցնի նաև զգալի տնտեսական անկման։
«ՀՆԱ-ն, ամենապահպանողական գնահատականներով, կնվազի 15.1 տոկոսով, ներքին սպառումը՝ 14.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրությունը՝ 26.3 տոկոսով»,- հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Ապրիլի սկզբին Մոկսվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր՝ Հայաստանը գիտի, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը անդամակցությունն անհամատեղելի է։
«Ինչ վերաբերում է Եվրամիությանը, մենք գիտենք, որ սկզբունքորեն երկու միավորումներին անդամակցությունն անհամատեղելի է, սակայն ըստ մեր ներկայիս օրակարգի՝ դրանք համատեղելի են, դա փաստ է։ Եվ քանի դեռ այս օրակարգերը համատեղելու հնարավորություն կա, մենք դա կանենք, իսկ երբ գործընթացները զարգանան այն աստիճանի, որ անհրաժեշտ լինի որոշում ընդունել, վստահ եմ, որ մենք, այսինքն՝ ՀՀ քաղաքացիները, կընունենք այդ որոշումը»,- ասել է Փաշինյանը։
Երկաթուղու կառավարումը հանձնելու հայկական կողմի հայտարարությունները տարօրինակ են. Շևցով
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը «Երևանի կողմից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարումը զիջման հանձնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները տարօրինակ է որակել։
«Առնվազն տարօրինակ են թվում հայկական կողմի հայտարարությունները, թե «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը իբր ստեղծում է որոշակի մրցակցային կորուստներ երկրի համար, ինչպես նաև առաջարկները՝ այդ կոնցեսիան փոխանցել երրորդ երկրներին», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ ասել է Շևցովը՝ հավելելով՝ պայմանագիրը կնքվել է Հայաստանի համար առավել բարենպաստ պայմաններով։
Հայաստանի Վարչապետ Փաշինյանը ապրիլի 1-ին Մոսկվա մեկնելուց առաջ հրապարակային հայտարարել էր՝ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը:
Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը ՏԱՍՍ–ին հայտնել է, որ նախնական գնահատականներով՝ կոնցեսիան հնարավոր գնորդներին կարժենա առնվազն 250 մլն դոլար՝ իրավունքների գնման և փոխհատուցումների համար։ Բացի այդ, տարեկան շուրջ 40 մլն դոլար պետք է ծախսվի շահագործման վրա, մոտ 400 մլն դոլար՝ Իջևանի ավերված հատվածի վերականգնման համար, մոտ 200 մլն դոլար՝ Վանաձոր–Ֆիոլետովո հատվածի համար, ինչպես նաև շուրջ 40 մլն դոլար՝ Թուրքիայի և Նախիջևանի սահմանամերձ հատվածների վերականգնման համար։
«Ամեն դեպքում տեսությունը միշտ կարելի է ստուգել գործնականում, և չի բացառվում, որ արդյունքները կարող են նույնիսկ գերազանցել սպասումները, իսկ Հայաստանի սոցիալ-տնտեսական կորուստները ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող են ավելի մեծ լինել, քան կանխատեսվում է», - ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին լարված խոսակցությունից հետո օրեր առաջ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չէր թաքցրել՝ երկաթուղու հարցով համաձայնություն Ռուսաստանում ձեռք չի բերվել, ինչպես փոխվարչապետն է ասել՝ «չկա կոնկրետություն»:
Հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցով Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան - Պուտին բանակցություններից հետո կողմերը թեև համաձայնության չեն հասել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո հայտարարել էր՝ երկաթուղու կառավարման պայմանագիրը միակողմանի խզելու ծրագիր չունեն: