Մատչելիության հղումներ

Ընտրություն փորձառության և «անփորձների» միջև. Ռոբերտ Քոչարյանի մեսիջը ընտրողներին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ըստ էության, առաջարկում է ընդդիմության շարքերից ընտրություն կատարել նախընտրական լավ ծրագրեր ներկայացնող, բայց դեռևս քաղաքականության մեջ իրեն չդրսևորած ուժի և իր՝ երկրի կառավարման 10-ամյա փորձով գործչի միջև:

Առանց անուններ տալու՝ 2-րդ նախագահն ակնհայտորեն համեմատություն էր անցկացնում իր և քաղաքականության մեջ անփորձ և առաջին քայլերն անող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի միջև:

«Եվ հիմնական հարցը՝ իսկ ո՞վ դա կարող է անել, մարդ, որը ապացուցել է, որ կարող է դա անել, ընդունակ է, քաղաքական թիմ, որը ապացուցել է, որ պայքարող է, թե՞ լրիվ նոր մարդիկ, որոնք այդ ցանկությունը ունեն, բայց դեռ չունեն փորձ և դեռ որևէ պրակտիկ տեսնակյունից քաղաքական պայքարի մեջ չեն դրսևորվել», - ընդգծեց նա:

Քոչորյանը թեև դեռ պաշտոնապես չի հայտարարել, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն, սակայն շաբաթ օրը հրապարակված փոդքասթից ակնհայտ է դառնում, որ հենց ինքն է առաջնորդելու «Հայաստան» դաշինքն առաջիկա ընտրություններում: Ինչպես 2-րդ նախագահն էր պնդում՝ կարող է ևս մեկ անգամ երկիրը դուրս բերել ճգնաժամային վիճակից, ինչպես որ դա արեց 90-ականների վերջին և 2000-ականների սկզբին:

«Հիմա մենք պետք է դիրքավորենք մեզ որպես մի քաղաքական ուժի և ես ինքս որպես մի առաջնորդ, որը ընդունակ է, արել է մի երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավականին լուրջ հաջողությունների հասել է և կարող է դա անել երրորդ անգամ: Սա պետք է մեր մեսիջը լինի մեր ընտրողներին», - ասել է Քոչարյանը:

Թիմակիցների հետ քննարկման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ընդունեց՝ 2021-ի ընտրություններից հետո, իր իսկ ձևակերպմամբ, ինչ-որ չափով «մաշեցրել» են իրենց, բայց և պնդեց՝ անցած 5 տարիների ընթացքում իրենց հաջողվել է նաև «մաշեցնել» Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ այդ կերպ տեղ բացելով նոր ուժերի համար:

«Մեզ մաշեցնելով դաշտ ենք բացել մյուս քաղաքական ուժերի համար»

«Համարենք, որ մեր փողոցային պայքարը, մեր ջանքերը հիմա լավ հնարավորություն են ստեղծել իշխանափոխության՝ որոշ չափով մեր մաշեցման գնով», - նշել է Քոչարյանը:

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ը նախորդ շաբաթվա վերջին հրապարակեց փետրվարին անցկացված հարցումների արդյունքները, համաձայն որոնց, եթե խորհրդարանական ընտրությունները նշանակված լինեին հաջորդ կիրակի՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր ընտրողների 24 տոկոսը, միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի օգտին՝ 9 տոկոսը:

Ըստ այս հարցումների՝ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը կստանար 3 տոկոս, ըստ էության, դուրս մնալով խորհրդարանից: Դաշինքով ընտրություններին մասնակցելու դեպքում, Քոչարյանի ուժը պետք է ավելի քան 8 տոկոս ձայն հավաքի:

Այն, որ երկրորդ նախագահի առաջնորդած ուժը չի լինելու հաջորդ խորհրդարանում, IRI-ի հարցումների հրապարակումից օրեր առաջ պնդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով իրենց աշխատանքային հարցումներին: 2-րդ նախագահի գրասենյակը, սակայն, հակադարձել էր Փաշինյանին՝ իրենց իսկ հարցումներով կասկածի տակ դնելով իշխանության պնդումները:

Հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցումները կտրուկ տարբերվում են նաև «Ուժեղ Հայաստանի» այսօր հրապարակած հարցումների արդյունքներից: Ըստ միլիարդատեր գործարարի թիմի պատվիրած հարցումների՝ Սամվել Կարապետյանի օգտին պատրաստ է քվեարկել 35 տոկոսը, Նիկոլ Փաշինյանի օգտին՝ ավելի քիչ՝ 34 տոկոս:

Գագիկ Ծառուկյանը կասկած տակ է դնում IRI -ի հարցումները

«Թույլ մարդիկ, իրենց վրա ոչ վստահ մարդիկ, օդի մեջ դատարկ -դատարկ թվեր են ասում», - Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները ակնհայտորեն դուր չէին եկել նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

Համաձայն այդ հարցումների քաղաքական «Նոյյատն տապան» կառուցող Ծառուկյանի ԲՀԿ -ի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3 տոկոսը, ինչը նշանակում է, որ այս ուժը այս պահի դրությամբ ևս դուրս է մնում խորհրդարանից, քանի որ կուսակցությունների դեպքում անցողիկության շեմը 4 տոկոս է:

Ծառուկյանը, սակայն, նախօրեին «Հրապարակի» հետ զրույցում, ըստ էության, կասկածի տակ էր դնում IRI -ի հարցումները, պնդելով, որ տեղյակ են եղել դրանցից, ավելի դրանք պետք է ավելի շուտ հրապարակվեին. «Էդ հարցման պատասխաններն էլ գիտեին, որ պետք է լիներ 20 օր առաջ, էդ թվերն էլ գիտեինք, դա մեզ պետք չի, կարևորը մենք գիտենք մեր աշխատանքի արդյունքը, ժողովրդի վստահությունը, միամիտ մարդ չկա, գիտեն՝ ով ինչ կարա անի, ինչի է ընդունակ»:

Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած և քաղաքական «Նոյյան տապան» կառուցող ԲՀԿ առաջնորդը առայժմ չի հրապարակել, թե ով է լինելու իր ուժի վարչապետի թեկնածուն, միայն վստահեցրել է, թե ինքն այդ պաշտոնին չի հավականում:

Ի դեպ, քննադատության ենթարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը, Ծառուկյանը պնդում էր՝ իրենց իշխանության գալու դեպքում Հայաստանում երաշխավորված խաղաղություն է լինելու, իսկ այն, ինչ առաջարկում է Փաշինյանը, ամենևին խաղաղություն չէ:

«Այսօր խաղաղություն չկա, ինչ ասեմ են՝ պետք է կատարեն, 300 հազար ադրբեջանցի Հայաստանում գա, բնակվի, իսկ մեր փախստական ժողովուրդը տները թողած, իրավունք չունեն.... սա՞ է խաղաղությունը, եթե մեկը ասի՝ այո, կասեմ՝ հալալ է քեզ», - ասաց Ծառուկյանը:

30 տոկոսը ընտրություններից 3 ամիս առաջ դեռ մնում է չկողմնորոշված

Ի դեպ, Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումներ համաձայն, քաղաքացիների 30 տոկոսը ընտրություններից 3 ամիս առաջ դեռ մնում է չկողմնորոշված, դժվարանալով պատասխանել հարցին, թե ո՞ւմ օգտին կքվեարկեն առաջիկա ընտրություններում:

Հենց այս չկողմնորոշված ընտրազանգվածի դիրքորոշումն էլ էական ազդեցություն կունենա ընտրությունների վերջնական արդյունքների վրա:




XS
SM
MD
LG