Ո՞ւմ սոցհարցումներ են իրական՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի իրականացրածը:
Վարչապետը երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ երկրորդ նախագահի առաջնորդած «Հայաստան» դաշինքը խորհրդարան չի անցնելու: Ավելին՝ նկարագրեց հունիսի 7-ի ընտրություններից հետո ձևավորվելիք նոր խորհրդարանի պատկերը, նշելով, թե Ազգային ժողովում կլինեն երկու ընդդիմադիր ուժեր, բայց ոչ Քոչարյանի առաջնորդած ուժը:
«Ձեր կեսի չափով տենց, կեսի չափով մի հատ ուրիշ խմբակցություն ա ըլնելու, մեկ էլ ընդեղ բանով, երրորդ ուժն էլ, ինչպես ասում են՝ բանով, դավեսկայով մի հատ էլ երրորդ ուժ ա ըլնելու, որը դուք չեք ըլնելու», - համոզմունք հայտնեց Փաշինյանը:
Այսօր արդեն Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը տեղեկացրեց՝ այս պնդումն արել է՝ հիմնվելով իրենց կողմից իրականացված հարցումների վրա. - «Այո, ես տիրապետում եմ հարցումներին և ինֆորմացիայի, բնականաբար, և առանց դրա չէի կարող նման բան հայտարարել»:
Ե՞րբ են արվել այդ հարցումները, ինչպիսի՞ ընտրանքով՝ Փաշինյանը չմանրամասնեց, միայն շեշտեց, թե դրանք հրապարակման ենթակա չեն, քանի որ արվել են իրենց աշխատանքային նպատակների համար:
Երկրորդ նախագահի գրասենյակը, մինչդեռ, հակադարձում է՝ վերահաստատելով՝ իրենց կողմից վերջերս իրականացված հարցումները տրամագծորեն հակառակ պատկերն են ցույց տալիս: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց՝ հունիսի 7-ից հետո կերևա, թե ով էր ճիշտ ասում, իսկ ով՝ ստում:
«Մեր հարցումները ցույց են տալիս տրամագծորեն հակառակը, մնացածը հունիսի 7-ից հետո կարելի է հարցնել Փաշինյանին՝ ինչո՞ւ էիք հերթական անգամ խաբում, այս դեպքում արդեն՝ ձեր թիմակիցներին», - հայտարարեց Միկոյանը
Ավելի վաղ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հարցումների մասին ակնարկել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պնդելով, որ երկրորդ նախագահի թիմը հաջորդ խորհրդարան անցնելու խնդիր ունի:
Խորհրդարանի խոսնակը նախօրեին արդեն կոնկրետ թվերով է արձագանքել Ռոբերտ Քոչարյանին. - «Քոչարյանի գրասենյակին խորհուրդ եմ տալիս ավելի զուսպ լինել և մեծ-մեծ չխոսել, քանզի այս պահին նրա անձնական վարկանիշը՝ որպես գործիչ, 3 տոկոսի շրջանակներում է։ Իրեն 2021 թվականին քվեարկածների շուրջ 34 տոկոսն այլևս իրեն չի քվեարկելու, իսկ եթե ընտրությունները լինեն այս կիրակի, ապա հնարավոր ձայների քանակը` ներառյալ ՀՅԴ-ն, ամբողջ արքունիքը հաշված, օգնականներն ու իր գրասենյակի աշխատակազմը ու շենքը միասին, մոտ 4 տոկոս է»:
Փաշինյանը պատրաստ է Սամվել Կարապետյանին «ապահովել» հեռախոսով և ինտերնետով՝ ուղիղ եթեր մտնելու համար
Իշխանության վարկածով՝ եթե Ռոբերտ Քոչարյանն ու Դաշնակցությունը դուրս են մնալու հաջորդ խորհրդարանից, ապա միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը և Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան»-ը կմրցեն ընդդիմադիր առաջին ուժ լինելու համար:
Ինչո՞ւ այդ դեպքում իշխանությունը ազատ չի արձակում տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանին, որպեսզի նա էլ Փաշինյանի նման հավասար պայմաններում մասնակցի նախընտրական պայքարին, լրագրողներն այսօր հետաքրքրվեցին վարչապետից:
Մեծ քաղաքականություն նոր մտած միլիարդատեր գործարարին Փաշինյանը հուշեց, թե ինչպես նա կարող է քրեական գործի բերումով ստեղծված այդ անհավասար մրցակցության խնդիրը շրջանցել:
«Իմ պայքարի և հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը, օրինակ, իմ սոցիալական ցանցերի էջերն են և ուղիղ եթերները, և կարծում եմ՝ որևէ բան, արդեն Պրոբացիայի ծառայության պարզաբանումից հետո հասկացանք, չի խանգարում, որ ուղիղ եթեր մտնի ձեր նշած մարդը: Եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունի, կարող ենք աջակցել, նույնիսկ ինտերնետը և հեռախոսի չիպը ապահովել», - հայտարարեց վարչապետը:
Իշխանական Civic-ի հարցմանն ի պատասխան՝ անցած ամիս Պրոբացիոն ծառայությունը նշել էր, թե Սամվել Կարապետյանին չի արգելվում հրապարակային տեսաուղերձներ հղել և հաղորդագրություններ տարածել:
Մինչդեռ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը պնդել էր, թե պետք է անտեսել Պրոբացիոն ծառայության այդ գրությունը, քանի որ, ըստ նրա, «նման հարցերով զբաղվում է Քննչականն ու Դատախազությունը»: Գործարարի փաստաբաններն ավելի վաղ ասել էին, որ Կարապետյանին դատարանն արգելում է հրապարակային հայտարարություններ անել:
Ընտրություններին ընդառաջ իշխանություն - ընդդիմություն լարվածությունն օր-օրի ավելի է մեծանում, իսկ բառապաշարն՝ ավելի կոշտ երանգներ ստանում:
Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն այսօր խորհրդարանում խոստանում էին հունիսի 7-ի ընտրություններում ոչ միայն հաղթել, այլև սահմանադրական մեծամասնություն կազմել և ետ բերել «նախկինների թալանածը»: Ընդդիմությունը, մինչդեռ, զգուշացնում էր՝ հունիսի 7-ին ժողովուրդը վերջ է դնելու ՔՊ -ի «ստի և ատելության» իշխանությանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 7-ին պետք է ստանա սահմանադրական մեծամասնություն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը իր այդ 200 միլիոնը, երբ որ դատարանում ապացուցվի, որ ապօրինի ձեռք բերված է, վերադարձնի բյուջե», - հայտարարեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին գնալու ա ընտրատեղամաս ու բոլորիդ՝ հատ առ հատ, ըլնեք դուք՝ Քոչարյանի դեմքով, որ չգիտեմ որտեղից էկավ միլիոնատեր դառավ, ըլնի էն կալուգացին, որ չգիտես որտեղից էկավ ու որոշեց, որ պետք ա Հայաստանի անկախությունը մատաղ անի, եսիմ, իրա շեֆի առաջ, ըլնի Սերժը՝ իրա Թաթոյանով, իրա էն մեկով, իրա էն մեկով, իրա էն մեկով, ըլնի էն մի մականունավորը, որ մեկդ էլ ըլնեք, բոլորիդ ուղարկելու ա Դոնբաս՝ հանգստի», - իր հերթին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Լավ, այո, հունիսի 7-ը հեռու չի, և ժողովուրդը իր խոսքը պետք է ասի, պետք է վերջ տա էս ստին ու կեղծիքին, էս ատելությանը, որ դուք սերմանել եք, էս թաքնված կոռուպցիային, որ դուք ամեն Աստծո առավոտ, գործադիրից մինչև ամենավերջին հանրային ծառայողը, փորձում եք ներթափանցել էդ համակարգի մեջ», - հակադարձեց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը: