Մատչելիության հղումներ

Վարչապետն օրակարգը չի փոխում, ընդդիմությունը համախմբվում է. կգնա՞ իշխանությունը հրաժարականի, եթե հանրաքվեն տապալվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում, արխիվ

Մինչ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը համախմբվում է նոր Սահմանադրության ընդունումը տապալելու շուրջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է՝ ընդդիմադիր ամենամեծ ուժի բարձրացրած հարցերին պատասխանելու օրակարգը մնում է ուժի մեջ: Փաշինյանն այսօր այդ հարցերն անվանեց «խելամիտ», դրանից առաջ էլ «լեգիտիմ» որակումն էր օգտագործել:

«Մենք որևէ բան չենք անում ընդդիմության համար, պարզապես ընդդիմությունը հարց է հնչեցրել, որը մեզ թվացել է խելամիտ, և մենք պետք է գնանք էդ հարցի պատասխանը գտնելու, ձևակերպելու և վերադառնալու: Եվ քանի դեռ էդ հարցի պատասխանը չկա, ես չեմ կարող էդ հարցին պատասխանել, ակնհայտորեն», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետը՝ շարունակելով. - «Այսինքն՝ մենք շարունակելու ենք անկախ ամեն ինչից, որովհետև դա կարևոր հարց է: Իսկապես դա կարևոր թվաց և ակնհայտորեն կարևոր հարց է, և մենք կգնանք էդ պատասխանի [հետևից]: Ոչ, մեր պլաններում ոչ մի բան չի փոխվել»:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ը, մասնավորապես, հարցրել էր՝ եթե խաղաղությունը հաստատված է, ինչո՞ւ Ադրբեջանը չի ստորագրում պայմանագիրը, և ի՞նչ երաշխիք կա, որ Սահմանադրությունը փոխելուց հետո Բաքուն նոր պահանջներ չի ներկայացնի:

Անցած շաբաթ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում խոստացել էր պատասխանել այս հարցերին, հավելելով՝ ընդդիմությանը նաև առաջարկ կներկայացնի, որից հրաժարվել չեն կարողանա: Նա փակագծեր չէր բացել, բայց լուծման մի տարբերակ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր ներկայացրել ընդդիմադիրներին՝ հորդորելով նրանց կողմ քվեարկել նախագիծը հանրաքվեի դնելուն և վստահեցնելով, որ դրա տապալման դեպքում իշխանությունը հրաժարական կտա.

«Նորից եմ անում քաղաքական առաջարկ. եկեք մենք բերենք Սահմանադրության նախագիծը, դուք հելեք ստեղից ասեք՝ «մենք էս Սահմանադրության նախագիծը դատապարտում ենք, սա վատն է», գնանք Սահմանադրության հանրաքվեի: Գնանք, դա ձեր համար առիթ է, մեզ ժողովուրդը կասի «չէ» Սահմանադրությանը, մենք էլ հրաժարական կտանք, կգնանք: Վատ բան ե՞մ ասում: Սիրելի ժողովուրդ, լուծում եմ առաջարկում, պահանջեք, թող բան լինի ... Չէ, ասում եմ դնում ենք, հո բան չի՞: Սխալ ե՞մ ասում, պարոն վարչապետ»:

«Ձեր մոտեցումը, որը առաջարկում եք, վստահության հանրաքվեն է՞», - Ազգային ժողովի ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանի այս հարցին Արարատ Միրզոյանը պատասխանեց. - «Չէ, Սահմանադրության հանրաքվե»:

«Այսինքն՝ բայց դրա հետ զուգահեռ դուք դնում եք ձեր վստահության հանրաքվե՞ն», - Վարդևանյանի այս դիտարկմանն էլ արտգործնախարարն արձագանքեց. - «Դե մենք պատասխանատու ուժ ենք»:

Ոչ թե «հեռանալ», այլ «հրաժարական»

Արարատ Միրզոյանից այսօր «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ արդյոք ուժի մե՞ջ է իշխանությունից հեռանալու նրա առաջարկը, եթե ընդդիմության աջակցությամբ նախագիծը դրվի հանրաքվեի ու չանցնի: Արտգործնախարարն ընդգծեց՝ ինքը ոչ թե «հեռանալու», այլ «հրաժարականի» մասին է խոսել: Իսկ դիտարկումից, թե Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ նման սցենարի դեպքում իր առաքելությունը Հայաստանում գուցե ավարտվի, Միրզոյանը վրդովվեց:

«Վարչապետն հարցրեք ուրեմն, տիկին Գալստյան: Ես ասում եմ՝ դասագրքային քաղաքագիտական իրավիճակ է. երբ որ Կառավարությունը բերում է Սահմանադրության նախագիծ, քվեարկվում է, անցնում է՝ դա մի իրավիճակ է, չի անցնում՝ դրանից, որպես կանոն, դրան հետևում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ, կամ նախագահական, եթե նախագահական է: Ո՞վ է ասել չմասնակցենք, խի՞ պիտի չմասնակցենք», - ասաց արտգործնախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու շաբաթ է՝ տարբեր առիթներով խոսում է նոր Սահմանադրության ընդունման և ընդդիմությունից պակասող ձայները ստանալու հնարավոր սցենարներից: Սակայն եթե քննարկումների սկզբում նա անդրադառնում էր նաև այն տարբերակին, որ հանրաքվեի տապալման դեպքում իր «քաղաքական առաքելությունը Հայաստանում կավարտվի», վերջին տասն օրվա ընթացքում այս թեմայով լռություն է պահպանում՝ առավել շատ կենտրոնանալով ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում գործադրելու վրա:

«Հիմա կոնկրետ օրակարգ կա՝ մենք, ժողովրդի, քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների խնդիրն է ձևավորել և արտահայտել ժողովրդի կամքը», - ասաց Փաշինյանը:

Հայաստանում նոր Սահմանադրության ընդունմանը սպասում են Բաքվում: Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ առանց Մայր օրենքից Անկախության հռչակագրին հղումը հանելու խաղաղության պայմանագիր չի ստորագրի: Հայաստանի իշխանությունը, սակայն, պնդում է, թե հռչակագրից հրաժարվում է ոչ թե Բաքվի պահանջով, այլ որովհետև այն համարում է հակապետական: Ընդդիմությունը դեմ է՝ կոչ անելով տապալել «ալիևյան սահմանադրության» ընդունումը: Տնտեսական հանցագործությունների մեղադրանքով Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո նրա առաջնորդած «Ուժեղ Հայաստան»-ից պնդեցին, թե իշխանությունը սկսել է ճնշումներ գործադրել՝ նոր Սահմանադրության շուրջ իրենց կոշտ դիրքորոշման պատճառով:

Ընդդիմադիր ուժերի հավաք. մերժում են «ալիևյան սահմանադրությունը»

Երեկ ուշ երեկոյան ընդդիմադիր մի շարք ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո ընդունվեց միասնական հայտարարությունը, որով, ինչպես ձևակերպել էին, մերժում են «ալիևյան սահմանադրությունը»:

«Այստեղ հավաքվել են հայկական քաղաքական դաշտի պատվարժան ներկայացուցիչներ, և մենք գիտենք, որ հայկական քաղաքական դաշտը միշտ շատ բարդ է միավորվում, բայց այսօր, առերեսվելով մեր երկրի առջև ծառացած խնդիրների բարդությանը, մենք եկել ենք մի համոզմունքի, որ ունենք շատ տարաձայնություններ, ունենք տարբեր անցած ճանապարհներ, բայց մի քանի կետի շուրջ պետք է ունենանք վերջնական դիրքորոշում, որպեսզի կարողանանք էֆեկտիվ պայքարենք մեզ հրամցվող, մեզ պարտադրվող զիջումների դեմ», - հայտարարեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

«Փորձում են քողարկել իրենց թալանը»

Վարչապետ Փաշինյանի կարծիքով՝ ընդդիմադիրներն այսպես փորձում են քողարկել իրենց թալանը:

«Եթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը էդտեղ, մեկը կարա՞ ինձ բացատրի, կամ ի՞նչ կապ ունի որևէ ուրիշ բան: Բայց կապ ունի ուրիշ բան՝ որ մենք ի վերջո մեր այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք: Ասենք՝ 64 միլիարդ, էլի եմ ասում, դա դատական գործընթացը, իհարկե, ընթացք տեղի կունենա, և իրավական գնահատականները՝ ըստ այդմ», - հայտարարեց Փաշինյանը:

Այս ամիս կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը, թե ինչքան կտևեն տեքստի շուրջ քննարկումները ու երբ այն կհասնի խորհրդարան, հայտնի չէ:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG