Մատչելիության հղումներ

Փաշինյան. Հանրային ճնշում կգեներացնենք, եթե ընդդիմությունը հնարավոր չդարձնի Սահմանադրության հանրաքվեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասամբ բացահայտեց նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում հաստատելու իշխանության պլանը։ Ծրագրում են ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ հանրային ճնշում գեներացնել, եթե նրանք դեմ քվեարկեն նախագծին։ Բայց մինչ այդ աշխատելու են ստանալ ընդդիմության բարձրացրած հարցերի պատասխանները:

«Իրանք շատ, ես չգիտեմ՝ դիտավորյալ արեցին, թե, տենց, պատահական՝ չիմացության բերումով, բայց իրանք երեկվա հարցուպատասխանի արդյունքներով հնարավորություն տվեցին, որպեսզի մենք պրոցեսը տանենք էնպես, որ ընդդիմության վրա մեծ հանրային ճնշում գեներացվի, որպեսզի նրանք իրենց քվեարկությամբ հնարավոր դարձնեն նոր Սահմանադրության հանրաքվեն», - այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը մանրամասնեց՝ հանրային ճնշում կգեներացնեն, երբ ունենան ընդդիմության հարցերի պատասխանները, առաջարկն անեն, բայց դրանից հետո խորհրդարանական ընդդիմությունը միևնույն է հրաժարվի աջակցել իշխանությանը: Այդ ժամանակ, ըստ վարչապետի, կտրվի քաղաքական պրոցեսի մեկնարկը:

«Շատ տարօրինակ բան տեղի կունենա, որ սովորաբար խորհրդարանի առաջ ընդդիմությունն է ցույց անում, բայց կարող է էս անգամ իշխանությունը ցույց անի, մի անգամ տենց բան եղել է՝ 2019 թվի հոկտեմբերին, և ժողովուրդը պահանջի, որ կողմ քվեարկեն, որ թողեն, որ ինքը որոշում կայացնի», - ասաց Փաշինյանը:

Խորհրդարանական ընդդիմությունից «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները վերջին շաբաթներին պարբերաբար ՔՊ-ական տարբեր պաշտոնյաների հարց են ուղղում, թե ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը նոր Սահմանադրության ընդունումից հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը: Նույն հարցը նրանք բարձրացրին նաև երեկ՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ինչից հետո արտգործնախարար Արարատ Միրզոյանը ընդդիմությանն առաջարկեց կողմ քվեարկել նոր Սահմանադրության նախագծին ու գնալ հանրաքվեի:

«Եկեք մենք բերենք Սահմանադրության նախագիծը, դուք հելեք ստեղից ասեք՝ «մենք էս Սահմանադրության նախագիծը դատապարտում ենք, սա վատն է», գնանք Սահմանադրության հանրաքվեի: Գնանք, դա ձեր համար առիթ է, մեզ, ժողովուրդը կասի «չէ» Սահմանադրությանը՝ մենք էլ հրաժարական կտանք, կգնանք: Վատ բան ե՞մ ասում: Սիրելի ժողովուրդ, լուծում եմ առաջարկում, պահանջեք, թող բան ըլնի», - հայտարարեց նախարարը:

«Պատասխանները Հայաստանից դուրս են»

Արարատ Միրզոյանի առաջարկից հետո Նիկոլ Փաշինյանը նախ երեկ, ապա նաև այսօր ընդգծեց, որ առաջիկայում իր գլխավոր անելիքը լինելու է ընդդիմության հարցերի պատասխանները գտնելը: Նա այսօր, առանց փակագծեր բացելու, միայն ակնարկեց, որ այդ պատասխանները Հայաստանի սահմանից դուրս են՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով, որ բարձրացված հարցերը քննարկելու է Ադրբեջանի նախագահի հետ:

«Եթե իրադրությունը լինի էնպիսին, որ ես ասեմ՝ այո, երաշխավորում եմ, էդ Սահմանադրությանը դեմ քվեարկելը կնշանակի դեմ քվեարկել խաղաղությանը, այսինքն՝ կողմ քվեարկել պատերազմին այդպիսով... Ես հենց էդ նկատի ունեի, որ ասում էի, որ կփորձեմ, կփորձեմ, որովհետև ես էսօր չունեմ էդ հարցի պատասխանը, որովհետև էդ հարցի պատասխանը արդեն դուրս է Հայաստանի ինքնիշխան տարածքից և լիազորություններից Հայաստանի կառավարության: Եվ էդ հարցի պատասխանը երբ որ ստանամ, կգամ կասեմ՝ երաշխավորում ե՞մ, թե՞ չեմ երաշխավորում: Բայց ես էսօր էդ հարցի պատասխանը չունեմ», - հայտարարեց վարչապետը:

Արտահերթը տեղի կունենա միայն մի դեպքում

Նոր Սահմանադրության նախագիծը խորհրդարանում հաստատելու համար իշխող ուժին պակասում է առնվազն 6 ձայն: Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ հայտարարում էր, թե այն անցկացնելու համար կփորձի համոզել ընդդիմությանը, իսկ չհաջողելու դեպքում չէր բացառում անգամ արտահերթ ընտրությունները: Այսօր, սակայն, նշեց, թե ընդդիմության երեկվա հարցերից հետո առաջ կշարժվի այդ նոր ծրագրով, և գուցե բանը չհասնի արտահերթին։ Այդ նոր պլանը, որը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ, Փաշինյանը դարձյալ կապեց իր՝ իշխանության մնալ-չմնալու հարցի հետ:

«Երբ որ էդ հարցը հնչի, ես հստակ ասեմ՝ այո, երաշխավորում եմ և որպես երաշխիք դնում եմ իմ քաղաքական վստահելիությունը և մանդատը, որ այո, էդպես է: Բայց էլի եմ ասում՝ քանի որ մենք Սահմանադրության հարցը ընդհանրապես արտաքին միջավայրում չենք քննարկել, հիմա ընդդիմությունը քանի որ հարցը դնում է էդ տեսակետից, և մեզ պետք է, որ ընդդիմությունը կողմ քվեարկի, եթե մենք գնանք և աշխատենք և բերենք երաշխիքներ... Ես դրա համար եմ ասում՝ երեկ իրադրությունը փոխվել է», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այսօր վարչապետն իրավիճակն այնպես ներկայացրեց, որ նոր Սահմանադրության հարցին տարածաշրջանային նշանակություն ընդդիմությունն է տվել՝ այն կապելով խաղաղության օրակարգի հետ: Բայց թե՛ վարչապետը, թե՛ Կառավարության այլ անդամներ բազմիցս են պնդել, որ նոր Սահմանադրության ընդունումն ունենալու է տարածաշրջանային նշանակություն: Ավելին՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի նախապայմանն է, որ ստորագրի խաղաղության պայմանագիրը:

Ինչ վերաբերում է արտահերթին, Փաշինյանն ասաց՝ այն ստեղծված իրավիճակում արդեն տեղի կունենա միայն մի դեպքում. - «Էդ նշանակում է, որ մենք կգնանք արտահերթ ընտրությունների մի պայմաններով, երբ որ 100 տոկոսով երաշխավորված է, որ էսօրվա խորհրդարանի ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում չի լինի: Երբ որ 100 տոկոսով կերաշխավորվի, որ էսօրվա ընդդիմությունը հաջորդ խորհրդարանում չի լինի, և նաև զուգահեռ հանրային ճնշում գեներացված կլինի, էսօրվա խորհրդարանի ընդդիմադիր մասը ոչ միայն հանրային ճնշմամբ, այլև ինքնապահպանման բնազդից ելնելով կողմ կքվեարկի»:

Արձագանքներ խորհրդարանական ընդդիմությունից դեռ չկան:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG