Մատչելիության հղումներ

Հաջիևը, Սահմանադրությունն ու խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանն արձագանքում է ընդդիմությանը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյան

Խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկմանը մասնակցող արտգործնախարարն պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում այսօր անդրադարձավ նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ձգձգմանը և Սահմանադրության փոփոխության հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը։

«Մեզ որ ասում եք խաղաղություն չկա, չկա, բացվում ա թեման մենք ասում ենք՝ էս կա, էն կա, էն կա... մեզ ասում են՝ ինչի չեք ստորագրում, մենք էլ ասում ենք, եթե շատ պարզունակ ասեմ, եկեք վավերացնենք, էն մյուս կողմն էլ ասում է՝ դե գիտեք մեր ընկալումն այն է, որ էս սահմանադրությունով մենք չենք ստորագրելու»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ մինչև փաստաթղթի իրականություն դառնալը Երևանը շարունակելու է Ադրբեջանի հետ խաղաղությունից բխող և խաղաղությունն ավելի ամրապնդող քայլերի և համագործակցության ուժեղացումը, ընդլայնումը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանն ու Քրիստինե Վարդանյանն էին պնդում, որ Արարատ Միզրոյանը հստակ բացատրություններ ներկայացնի այս թեմայով:

Ընդդիմադիր Վարդանյանը նաև խնդրեց նախարար Միրզոյանին պարզաբանել՝ խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ անց՝ ի՞նչ հրատապ անհրաժեշտություն էր առաջացել, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը այցելել էր Դիլիջան, և ինչպե՞ս ստացվեց, որ այդ օրերին Տավուշում էր նաև վարչապետ Փաշինյանը:

«Սեղմ պրես ռելիզից հասակացանք, որ քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Ես ավելի ուղիղ հարց տամ՝ [Բաքվի մոտ] հա՞րց էր առաջացել՝ ոնց ա Հայաստանում Սահմանադրություն փոխվելու, եթե մեծամասնություն դուք չունեք։ Եթե էդ չի, ապա ի՞նչ էր։ Ու շատ պատահաբար այդ օրերին Տավուշի մարզում Նիկոլ Փաշինյանն էր»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։

Նախարարը նախ ասաց, որ կճշտի՝ արդյո՞ք վարչապետը եղել է այդ օրերին Տավուշում, հետո հիշեցրեց, որ Տավուշը Փաշինյանի ծննդավայրն է, ու հավելեց՝ այդ ընթացքում հայ-ադրբեջանական փոխադարձ այցեր էին լինում՝ քաղհասարակության, փոխվարչապետերի, փորձագետների, ԱԽ քարտուղարների մակարդակով:

Ի դեպ, Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ անձամբ է հանձնարարել Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ Ադրբեջանի նախագահի օգնականի հետ քննարկել հանդիպելու անհրաժեշտությունը։


Ընդդիմադիր Վարդանյանը նաև նախարար Միրզոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հայկական կողմը բանակցությունների ընթացքում չի օգտագործում այն խաղաքարտը, որ Ադրբեջանի Սահմանադրությունն էլ պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ։

«Էն որ իրանց սահմանադրությունը կարող է խնդիր ունենալ, մեր սահամանդրությունը կարող ա խնդիր լինի, դա մենք ենք ասել։ Բայց մենք ունենք թուղթ, որտեղ բոլոր հարցերը հասցեագրված են, և դա խաղաղության համաձայնագիրն է, և ասել ենք, որ եկեք գնանք ստորագրենք, վավերացնենք և էդ խնդիրը կհամարենք լուծված։ Մեր մոտեցումը հստակ է»,- հարցին ուղիղ չպատասխանեց Միրզոյանը՝ նշելով միայն, որ Հայաստանի նոր Սահմանադրությունը «ներքին թեմա լինելուց զատ նաև աշխարհաքաղաքական, անգամ փիլիսոփայական հարց է»։

Ընդդիմադիր խմբակցությունները կառավարության մշակած նոր Սահմանադրությունն անվանում են «ալիևյան» և հայտարարում, որ չեն աջակցի իշխանությանը՝ խորհրդարանում փաստաթուղթը հանրաքվեի դնելու որոշումն ընդունելու համար:

Նոր Սահմանադրության նախագծում չկա հղումն Անկախության հռչակագրին, իսկ այն Հայաստանի մայր օրենքից հանելը Բաքուն նախապայման է դարձրել՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG