Հայաստանն ու Ադրբեջանն իրենց ինքնիշխան տարածքներում կարող են իրականացնել այդ թվում՝ ամրաշինական աշխատանք, այսպես է վարչապետն արձագանքում վերջին օրերի աղմկոտ թեմային, որ Հայաստանի տարածքում Բաքուն ամռանը նոր դիրք է կառուցել:
Այս մասին նախ հայտարարել էր «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, հետո փաստեր ստուգող լրագրողներն էին նույնը պարզել, պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքել էր՝ պնդելով, թե այդ դիրքը Հայաստանի տարածքում չէ: Այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր տարակուսեց՝ ի՞նչն է խնդիրը:
«Ամբողջ խնդիրը նրանում է, որ կա հստակ սահմանագիծ և գիտենք՝ որտեղ է Հայաստանի Հանրապետությունըմ և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունըմ և որտեղ չի Հայաստանի Հանրապետությունըմ և Հայաստանի պետական մարմինների լիազորությունից դուրս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարին հարցրեցինք՝ երբ ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ամրաշինական աշխատանք իրականացնում են իրենց ինքնիշխան տարածքներում, նշանակում է, որ Բաքուն 2020-ից հետո Հայաստանից զավթած հողերում դիրքեր և այլ ենթակառուցվածքներ չի՞ կառուցել: Նիկոլ Փաշինյանը նախընտրեց ուղիղ չասել, որպեսզի, ինչպես բացատրեց՝ խաղաղությանը չվնասի:
Վարչապետի խոսքով.- «Ես նախկինում այդ թեմային անդրադարձել եմ, որ մենք ունենք սահմանազատման հետ կապված խնդիրներ, ես չեմ կարող հարցը դիտարկել մի հարթության մեջ, որովհետև եթե ձեր հարցին արդարորեն պատասխանեմ, պետք է պատասխանեմ երկու կողմերի մասին, դրա համար դուք գիտեք ճշմրատությունը, ես մեկնաբանություն չեմ անում, հիմա փաստն այն է ,որ երկուստեք մենք խուսափում ենք նման բաներից»։
Հայաստանից տարածքներ օկուպացնելուց հետո ադրբեջանցիները ամրապնդվել են գրեթե բոլոր հատվածներում, պնդում է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավարը: Արման Թաթոյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը, որ կրծքին ամրացրել է Հայաստանի քարտեզը, առավել կարևորում է իր քաղաքական շահը, հենց դրա համար էլ հրաժարվում է խոսել ոչ միայն օկուպացված տարածքներից, այլև դրանցում ադրբեջանցիների իրականացրած ինժեներական աշխատանքներից:
«Հայաստանի իշխանությունը, հանուն նրա, որ ասի՝ խաղաղություն է եղել, որ ադրբեջանական ներխուժումների մասին չխոսի, հանուն նրա, որ հիմա քաղաքական ինչ-որ դիվիդենտներ փորձի շահել, այո՛, մեր տարածքները ստացվում է, որ զիջում է Ադրբեջանին, Պաշտպանության նախարարության վերջին մանիպուլյացիոն հրապարակումը դրա մասին էր, և հիմա կարծես թե հետևյալ պրոցեսն է գնում՝ որքան չխոսենք, անտեսենք, մոռացության տրվի, հետո մեկ է էլ ոչ մեկ չի խոսի դրա մասին»,- նշում է «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
Վարչապետն այսօր դարձյալ պնդեց՝ տարածքների հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն սահմանազատմամբ: Մոտ երկու տարի առաջ այս ամիսներին Տավուշի հատվածում Ադրբեջանին վերադարձվեց չորս գյուղ, որից հետո սահմանազատման այլ աշխատանք գործնականում չի արվել: Երեկ ԵԽԽՎ ամբիոնից վարչապետը պնդեց՝ եթե այդ այդ որոշումը չկայացվեր, Հայաստանն այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը՝ արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։
Արման Թաթոյանի խոսքով. «Սահմանազատման հանձնաժողովով այս հարցը չի լուծվի։ Այս աստիճան ամրացումներ, ոչ միայն նոր դիրքեր են կառուցում, այլ ճանապարհներ, դրանցում արևային պանելներ, հրաձգային ու խոշոր տրամաչափի կրակային կետերով և այլն, որևէ մեկը, միամիտը կարող է գալ ասել, սա ինչ-որ հանձնաժողովով լուծվելո՞ւ է, իհարկե չէ, սահմանազատման պրոցեսը կեղծիք է»։
Սահմանազատման օրակարգից նորություն չկա, իսկ կա՞ նորություն հայ-ադրբեջանական խաղաղության նախաստորագրված համաձայնագրի ստորագրումից: Դիվանագետները լուռ աշխատում են, ասաց Փաշինյանը, ինքը կասկած չունի՝ կգա այդ օրը:
«Հիմա կստորագրվի ապրիլի, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ, դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի»,- ասաց վարչապետը։
Ստորագրման համար Ադրբեջանի նախագահն ասել էր՝ Հայաստանը «տնային աշխատանք ունի անելու»: Ալիևը նկատի ունի Սահմանադրության փոփոխությունը և դրանից Անկախության հռչակագրի հեռացումը: Այդ փաստաթուղթը, ըստ Ադրբեջանի, տարածքային պահանջ է պարունակում իր նկատմամբ: Նոր Սահմանադրության տեքստը այս ամիս պիտի պատրաստ լինի, իսկ ի՞նչ կլինի Անկախության հռչակագրի հետ: Նիկոլ Փաշինյանն այսօր վերահաստատեց դիրքորոշումը. «Նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Ասեմ՝ ինչու, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»։
Այնքան էլ լավ նորություն վարչապետն այսօր չուներ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող «TRIPP» ծրագրի շուրջ: Ասաց՝ գոնե այսօր՝ ԱՄՆ-Իրան շարունակվող պատերազմի պայմաններում այն ամերիկյան վարչակազմի առաջնահերթություններից չէ: