Մատչելիության հղումներ

ՊՆ-ն հերքում է ՀՀ-ում ադրբեջանական նոր դիրք տեղակայելու մասին լուրերը

Պաշտպանության նախարարությունը կեղծ, իրականությանը չհամապատասխանող է որակել տեղեկությունները, թե 2025թ. ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր դիրք են տեղակայել:

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը նշում է, որ այս ամենը փաստում են նաև արբանյակային լուսանկարները:


Նախկին ՄԻՊ, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն էր օրերս հայտարարել, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքներում ավելի են ամրապնդվել ու տեղ-տեղ էլ առաջ եկել: Նա ասածը հիմնավորել էր արբանյակային լուսանկարներով: Արման Թաթոյանին նույն օրը խորհրդարանում կտրուկ ու շատ կարճ էր արձագանքել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ դա սուտ է:

Ըստ ՊՆ մամուլի խոսնակի՝ Google Earth տիեզերական լուսանկարների կապակցումն իրականության հետ ունի շեղումներ, և սահմանագիծն իրավական հիմք չունի։ Նա նկատել է՝ ՊՆ-ն առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ տեղագրական քարտեզներով. «Այն ունի իրավական ուժ և հաստատվել է Պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից»:

Թորոսյանը հավելել է՝ ԽՍՀՄ քարտեզով Ադրբեջանի դիրքը չի հատում ՀՀ պետական սահմանագիծը և գտնվում է Ադրբեջանի տարածքում

Այսօր «Միասնության թևերն» ակցիա է իրականացրել ՊՆ-ի մոտ՝ ներկայացնելով վերոնշյալի վերաբերյալ լուսանկարներ ու փաստաթղթեր:

Պաշտպանության նախարարի և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամների այս փոխադարձ մեղադրանքներին զուգահեռ «Սիվիլնեթն» ու «Ֆակտոր Թիվի»-ն ստուգել էին Արման Թաթոյանի հայտարարությունները և պարզել, որ ամռանը Սոթքի հատվածում ադրբեջանցիները նոր դիրք են կառուցել, որի «մի հատվածն էլ Հայաստանի սուվերեն տարածքում է»:


XS
SM
MD
LG