«Պաշտպանության նախարարությունը մանիպուլյացիայի դիմեց, որպեսզի թաքցնի փաստը, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքում ամռանը նոր դիրք է կառուցել», այսպես են հետաքննող լրագրողներն ու «Միասնության թևեր» նախաձեռնությունն արձագանքում ռազմական գերատեսչության տարածած հերքմանը: Նախարարության պատրաստած տեսանյութում լրագրողների ներկայացրած փաստերին ոչ մի հակափաստարկ չի տեսել թեման ուսումնասիրած «Հետք»-ի լրագրող Վահե Սարուխանյանը:
«2 գիծ ցույց տվեցին՝ մեկը «google earth»-ով կամ «google maps»-ով, մյուսը 75 թվականի քարտեզով, որը Գլխավոր շտաբը հիմք է ընդունում, դրանից այն կողմ իրենք ցույց տվեցին ադրբեջանական դիրք, բայց ոչ թե ադրբեջանական դիրքի իրական պատկերը, արբանյակային պատկերը այդ քարտեզի վրա, այսինքն՝ կոպիտ ասած՝ արտատպված այդ քարտեզի վրա, այլ ընդամենը դիրքի տարբերանշան, որը կիրառվում է ռազմական քարտեզներում։ Այդ դիրքի տարբերանշանը ընդամենը բրդել էին սահմանագծից այն կողմ՝ Ադրբեջանից այն կողմ»,- ասում է լրագրող Վահե Սարուխանյանը։
Ռազմական գերատեսչությունը երեկ ուշ երեկոյան «Հերքում» վերնագրով մի տեսանյութ հրապարկեց՝ պնդելով, թե ամիսներ առաջ Ադրբեջանի կառուցած նոր դիրքը Հայաստանի տարածքում չէ։
«Նիկոլ Փաշինյանը չէ՞ր ասում, որ Հայաստանի և Ադրբեջանի մեջ սահմանազատում չկա։ Հիմա ինչպե՞ս է նա ասում, որ սահման գոյություն ունի, էդ ի՞նչ սահման է։ Ստացվում է՝ այս մարդիկ ինչ է, որ իրենց սուտը չհանրայնացվի, ժողովուրդը չիմանա, որ իրենք հերթական անգամ սուտ են խոսացել ու Հայաստանի տարածքները Ադրբեջանն է զավթել, պատրաստ են այդ տարածքները նվիրել Ադրբեջանի՞ն»,- ասում է «Միասնության թևեր» քաղաքական միավորման ներկայացուցիչ Նարեկ Պարոնյանը։
Որ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ուղղությամբ Բաքուն նոր դիրք է կառուցել, անցած շաբաթ հայտարարեց նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը: Հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շատ կտրուկ արձագանքեց. «Ձեր նշած անձնավորությունը [Արման Թաթոյանը] ստում է, նման բան չկա, սիրելի հայրենակիցներ»:
Փոխադարձ այս մեղադրանքներին զուգահեռ փաստեր ստուգող լրագրողները ուսումնասիրեցին Թաթոյանի ներկայացրած տվյալները և պարզեցին՝ հուլիս-օգոստոսին Բաքուն Հայաստանի տարածքում նոր դիրք է կառուցել: Չհերքելով ադրբեջանական դիրքի առկայությունը՝ Պաշտպանության նախարարությունից շեշտում են՝ Զինված ուժերը առաջնորդվում է 1975 թվականին իրավական հիմք ունեցող քարտեզներով:
«Այն քարտեզն է, որը հաստատվել է պետական գեոդեզիական վերահսկողության, Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ քարտեզը, որտեղ դեղին գծանշումով ցուցադրված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանագիծը»,- նշել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Այս համեմատությունից տարակուսած է Արման Թաթոյանի թիմակից Նարեկ Պարոնյանը.
«Տոպոգրաֆիկ քարտեզը կարելի է համադրել միայն տոպոգրաֆիկ քարտեզի հետ, իսկ արբանյակային լուսանկարները կարելի է համադրել և ճշգրտումներ անել միայն արբանյակային լուսանկարների հետ։ Գիտեք՝ ինչ տրամաբանությամբ է Պաշտպանության նախարարությունն առաջնորդվում, կոպիտ ասած՝ մենք ներկայացնում ենք ֆոտո, իրենք ներկայացնում են ռենտգեն լուսանկար»։
Ե՛վ Արման Թաթոյանը, և՛ փաստեր ստուգող լրագրողները ներկայացված տվյալները հիմնավորում են արբանյակային լուսանկարներով:
Վահե Սարուխանյանը նշում է՝ թե՛ ինքը, թե՛ թեման լուսաբանած մյուս հետաքննող լրագրողներն օգտվել են ոչ միայն Google Maps-ի, այլև «Պլանետ» հարթակի տվյալներից: Ասում է՝ եթե առաջինի դեպքում շեղումներ կարող են լինել, ապա երկրորդի տվյալները ճշգրիտ են:
««Պլանետ»-ի պարագայում կարող եմ ասել, որ այն ավելի շատ է համապատասխանում իրականությանը, ինչո՞ւ, շատ պարզ պատճառով. երբ արվեց Կիրանցի սահմանազատումն ու սահմանագծումը, «Պլանետ»-ի տվյալներն ուսումնասիրելով տեսնում ենք, որ նույն այն գծերն էր, գրեթե ամբողջությամբ, գրեթե 100 %-ով այն գծերն էր, ինչ ներկայացվեց և ինչ գծերով, որ սահմանազատվեց Կիրանցում, ի տարբերություն «google maps»-ի։ «Google maps»-ը այս առումով իսկապես խնդիրներ ուներ, բայց երբ մենք նայում ենք «Պլանետ» հարթակով, տեսնում ենք, որ, այո՛, էս պարագայում ևս ադրբեջանական դիրքը՝ 73,75, մի քիչ ավել, մի քիչ պակաս մի քանի տասնյակ մետր մտել է մեր տարածք»,- շեշտում է հետաքննող լրագրող Վահե Սարուխանյանը։
Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքի գերակշիռ մասը Ադրբեջանն օկուպացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Իշխանականները նշում են, որ այդ տարածքների հարցը կլուծվի սահմանազատմամբ։ Ըստ լրագրողական տարբեր հետաքննությունների՝ զավթված հայկական հողերում Բաքուն նաև ամրապնդվել է՝ դիրքեր և այլ ենթակառուցվածքներ կառուցելով: Այս մասին հայկական կողմը պաշտոնական տեղեկություն գրեթե չի հաղորդել:
Իսկ թեման լուսաբանող լրագրողներին հաճախ իշխանությունից մեղադրել են կեղծիք տարածելու մեջ՝ առաջարկելով հետևել միայն պաշտոնական լրահոսին: Երեկ էլ նախարարության խոսնակը կրկնեց հորդորը: Լրագրող Վահե Սարուխանյանը նաև երեկվա հերքումը հաշվի առնելով շեշտում է՝ բազմաթիվ հիմքեր կան պաշտոնական տեղեկատվությանը չհավատալու համար:
Լրագրողի խոսքով.- «Իմ համար՝ որպես փաստեր ստուգող, որը նաև տեսել է, թե իշխանությունները նախկինում որքան են մանիպուլացրել թեման նույն դիրքերի հետ կապված, 22 թվականի ներխուժումները կլինի, 21 թվականի ներխուժումները կլինի, էլ չեմ ասում 20 թվականի պատերազմի մասին, երբ մենք 44 օր շարունակ հաղթում էինք, հետո հանկարծ մի օր զարնեցինք, տեսանք, որ պարտված ենք, այդքանից հետո ես շատ հիմքեր ունեմ կասկածելու պաշտոնական տեղեկատվությանը, Առավել ևս, որ փաստերը ևս դրա մասին են խոսում»։
Այս պատմության ֆոնին ՔՊ-ական Լիլիթ Մինասյանն ու նախարար Սուրեն Պապիկյանը ցանկություն ունեն հեղինակել օրենսդրական մի այնպիսի մեխանիզմ, որ սահմանային իրավիճակների հետ կապված իրավասու մարմնի՝ այս դեպքում պաշտպանության նախարարության հերքումից հետո լրագրողները թեմային այլևս չանդրադառնան, անդրադառնալու դեպքում՝ ենթարկվեն պատասխանատվության: