Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ կրկին Վաշինգտոնում էին՝ երկու երկրներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից ընդամենը մի քանի օր անց։ Սպիտակ տունը նրանց Վաշինգտոն հրավիրելու քայլը որակել է «Խաղաղության խորհրդի» շրջանակում իրականացվող քայլ՝ ուղղված հակամարտության պաշտոնական կարգավորման ուղղությամբ առաջընթացի ամրապնդմանը։
Արտաքուստ դա ապշեցուցիչ էր թվում. երկու առաջնորդները, որոնց երկրները վերջին հինգ տարում երկու անգամ պատերազմել են, 2025-ի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումից հետո միասին հայտնվեցին ԱՄՆ հովանու ներքո։
Նախորդ հանդիպմանը կողմերը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիր, ստորագրեցին համատեղ հռչակագիր, որով հաստատեցին իրենց հանձնառությունը՝ հարգելու միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և հայտարարեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի մասին: Սա ԱՄՆ աջակցությամբ իրականացվող նախաձեռնություն է, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կապում է իր էքսկլավ Նախիջևանի հետ:
Սակայն գրեթե վեց ամիս անց գլխավոր հարցը մնում է անպատասխան՝ արդյոք քաղաքական առաջընթացը վերածվե՞լ է անշրջելի խաղաղության:
«Դա վերջնակետ չէ»
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերը փետրվարի 20-ին Հուդզոնի ինստիտուտում ունեցած ելույթում օգոստոսյան այս հանդիպումը որակեց որպես «վճռորոշ պահ Հարավային Կովկասի համար»։
«Այդ գագաթնաժողովը վերջնակետ չէր։ Այն նոր գլխի սկիզբն էր»,- ասաց նա՝ հավելելով, որ Վաշինգտոնն այդ ժամանակվանից ի վեր կենտրոնացել է դիվանագիտական առաջընթացը «տեղում կայուն առաջընթացի» վերածելու վրա։
Քոուլթերն ընդգծեց, որ երկու կառավարություններն էլ «կոնկրետ քայլեր են ձեռնարկել հարաբերությունները կարգավորելու, առևտրի և տարանցման ուղիները բացելու, ինչպես նաև խաղաղությունը կայուն դարձնելու նպատակով ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծելու ուղղությամբ»։
Նա վարչակազմի քաղաքականությունը ձևակերպեց տնտեսական համատեքստում։ «Եթե առաջնորդներն ընտրեն խաղաղությունը, մենք նրանց կաջակցենք այն գործիքներով, որոնք խաղաղությունը կվերածեն բարգավաճման»,- ասաց նա՝ հիշատակելով ներդրումները, անվտանգության ոլորտում համագործակցությունը և ինքնիշխանությունն ու տնտեսական անկախությունն ամրապնդելուն ուղղված ծրագրերը։
Այդ մոտեցման կենտրոնում TRIPP նախագիծն է, որը, ամերիկյան կողմի ձևակերպմամբ, մշակվել է տարածաշրջանում «մարդկանց, ապրանքների, էներգիայի և գաղափարների» տեղաշարժը հեշտացնելու և նվազեցնելու համար հակամարտության վերսկսման խթանները:
Վերջերս Երևան և Բաքու կատարած այցի ժամանակ Վենսը Հայաստանում ասաց, որ «խաղաղությունը չի հաստատվում զգուշավոր մարդկանց կողմից» և «հաստատվում է այն մարդկանց կողմից, որոնք կենտրոնացած են ապագայի վրա»։ Քոուլթերն ասաց, որ այդ մոտեցումն ու տրամադրվածությունն արտացոլում են երկու երկրների հետ ԱՄՆ փոխգործակցության տոնը:
Տնտեսական և անվտանգության խթաններ
Քոուլթերը ներկայացրեց Վենսի ուղևորության ընթացքում հայտարարված մի քանի նախաձեռնություններ։
Դրանց թվում էր TRIPP-ի շրջանակում հիմնադրամի ստեղծումը (TRIPP Enterprise Fund), որի համար նախատեսված է մոտ 200 միլիոն դոլար: Հիմնադրամի նպատակն է Կասպից ծովի միջանցքի երկայնքով մասնավոր կապիտալի ներգրավումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, լոգիստիկան, էներգետիկան և հազվագյուտ հանքանյութերը։
Հայաստանում Միացյալ Նահանգները հաստատեց Nvidia-ի չիպերի վրա հիմնված մեծ հզորությամբ սերվերների և դրանց հետ կապված տվյալների կենտրոնի սարքավորումների արտահանման արտոնագրերը, ինչը, պաշտոնյաների խոսքով, Հայաստանի ՏՏ ոլորտում նախատեսված բազմամիլիարդ դոլարանոց ներդրումների մի մասն է: Երկու երկրներն ավարտեցին նաև քաղաքացիական նպատակներով միջուկային ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ ճանապարհ բացելով ԱՄՆ-ից փոքր մոդուլային ռեակտորային տեխնոլոգիաներ բերելու և երկարաժամկետ գործընկերության համար:
Վաշինգտոնը նաև հայտարարեց Հայաստանի հետ ռազմական ոլորտում իր առաջին գործարքի մասին, որով ԱՄՆ-ն Հայաստանին 11 միլիոն դոլարի հետախուզական անօդաչու թռչող սարքեր է վաճառել մի ծրագրի շրջականում, որն ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ աջակցություն է Հայաստանի պաշտպանական վերափոխմանը։
Ադրբեջանում Վենսը ստորագրեց ռազմավարական գործընկերության կանոնադրություն, որը ներառում է համագործակցություն անվտանգության, էներգետիկայի, թվային զարգացման և առևտրի ոլորտներում: Նա նաև հայտարարեց, որ Ադրբեջանի ափամերձ պահպանության համար կմատակարարվեն չորս պարեկային նավակներ և զրահաբաճկոններ: Այցի ընթացքում Բաքու էր մեկնել ԱՄՆ առևտրային պալատի պատվիրակությունը՝ առևտրային կապերն ուսումնասիրելու համար:
«Այս նախաձեռնությունները վերացական չեն,- ասաց Քոուլթերը, - Դրանք կոնկրետ գործիքներ են, որոնք ապահովում են կայուն խաղաղություն»։
Ընտրությունների գործոնը
Նույնիսկ այն դեպքում, երբ Վաշինգտոնը շեշտը դնում է տնտեսական ինտեգրացիայի վրա, վերլուծաբանները նշում են, որ խաղաղության գործընթացը, մասնավորապես, Հայաստանում, պայմանավորված կլինի ներքաղաքական հարցերով:
Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի ներկայացուցիչ Էնդրյու Դ’Անիերին «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Քոուլթերի կողմից TRIPP Enterprise Fund-ի մասին հիշատակումն ուշագրավ է՝ այն անվանելով «ֆինանսական ամենահասանելի հնարավոր միջոցը», որը կարող է օգնել միջանցքի հետ կապված շինարարությունը սկսելու համար:
Սակայն նա նշեց, որ ամենակարևոր գործոնը Հայաստանում առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններն են:
«Այս պահին ամենամեծ հարցը վերաբերում է Հայաստանում կայանալիք ընտրություններին»,- ասաց նա՝ նշելով, որ Փաշինյանի կուսակցությունը պետք է ևս մեկ անգամ մանդատ ստանա՝ իշխանության մնալու համար։
Դ’Անիերին հավելեց, թե շատերն ակնկալում են, որ Ռուսաստանը կփորձի ազդել քվեարկության վրա՝ բացատրելով, թե Մոսկվան քննադատաբար է մոտենում խաղաղության պրագմատիկ ուղեգիծ իրականացնելու Փաշինյանի ջանքերին։
«Խաղաղության հեռանկարների մասին մենք շատ ավելին կիմանանք հունիսյան ընտրություններից հետո»,- ասաց նա։
Արտաքին ճնշում
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև հարաբերությունները քաղաքական մակարդակում, կարծես, կայունացել են։
«Հարաբերությունները, կարծես, կայունացել են և ղեկավարության մակարդակով դրական վիճակում են»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա՝ նշելով, որ Վաշինգտոնում վերջերս կայացած հանդիպումը երկու առաջնորդներին թույլ տվեց ցույց տալ, որ համագործակցում են ԱՄՆ հովանու ներքո։
Այնուամենայնիվ, նա նշեց, որ սա դեռ չի հանգեցրել խաղաղության պայմանագրի վերջնական կնքմանը։
Միևնույն ժամանակ, Կոզլարիչը զգուշացրեց, որ ավելի լայն աշխարհաքաղաքական լարվածությունը կարող է բարդացնել առաջընթացը։ ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության պայմաններում, նրա խոսքով, Թեհրանը կարող է փորձել հակազդել Հարավային Կովկասում ամերիկյան ազդեցությանը ընդլայնմանը, որը, նրա ընկալմամբ, իրականացվում է, մասնավորապես, TRIPP նախաձեռնության միջոցով։
Նա նաև հիշատակեց Մոսկվայի աճող դիմադրությունը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ԱՄՆ գործունեությանը, այդ թվում՝ ԱՄՆ և Հայաստանի միջև միջուկային համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի մտահոգությունների մասին հայտարարությունները:
«Չեմ ակնկալում, որ Իրանը կամ Ռուսաստանը կհամակերպվեն Հարավային Կովկասում ԱՄՆ-ի հեշտ հաղթանակի հետ»,- ասաց Կոզլարիչը՝ հավելելով, որ Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-Ռուսաստան ավելի լայն բանակցությունները կարող են անուղղակիորեն ազդել տարածաշրջանում իրադրության վրա։
Ի՞նչ կլինի հետո
Հիմա Թրամփի վարչակազմը ձգտում է ամրապնդել խաղաղությունը ենթակառուցվածքների, առևտրի և անվտանգության ոլորտներում համագործակցության միջոցով՝ պնդելով, որ ընդհանուր տնտեսական շահերը կարող են օգնել՝ կանխելու հակամարտության վերսկսումը։
Առաջիկայում սպասվող հիմնական քայլերից են համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, ընտրություններից հետո Հայաստանում քաղաքական կայունության ապահովումը և TRIPP-ի հետ կապված տարանցիկ և տրանսպորտային նախագծերի տեսանելի աշխատանքների մեկնարկը։
Արդյոք ներկայում նկատվող առաջընթացը կշարունակվի՞, թե՞ ոչ, կարող է կախված լինել ոչ այնքան Վաշինգտոնում հնչող հայտարարություններից, որքան Երևանում և Բաքվում տեղի ունեցող իրադարձություններից, ինչպես նաև նրանից, թե ինչպես դրանց կարձագանքեն տարածաշրջանային տերությունները։
Ինչպես Քոուլթերն ասաց իր ելույթի վերջում՝ մեջբերելով Վենսին. «Մենք ոչ միայն ցանկանում ենք խաղաղություն հաստատել, այլև ցանկանում ենք համոզվել, որ խաղաղությունը երկարատև լինի»։