Պետեկամուտների կոմիտեի նախագահն այսօր վերահաստատեց՝ TRIPP ուղում աշխատանքներ կիրականացնի Հայաստանի մաքսային ծառայությունը։ Էդուարդ Հակոբյանը, սակայն, այդպես էլ չհստակեցրեց՝ ի վերջո, հայ մաքսավորներն ադրբեջանցիներին ֆիզիկապես ստուգելու գործառույթ ունենալո՞ւ են, թե՞ ոչ։ Պաշտոնյան շեշտեց՝ TRIPP նախագծի համար քննարկում են այս ճանապարհով անցնող անձանց հետ շփումները հնարավորինս նվազագույնի հասցնելու տարբերակները։
«Մենք շատ շուտով ունենալու ենք մոնիթորինգի կենտրոն, որը միանալու է այդ կենտրոնը ցամաքային կետերում մեր ռենտգեն համակարգերին, թույլ է տալու հեռավար տարբերակով վերլուծել անցնող բեռները, այսինքն՝ բեռը անցնելու է համապատասխան ռենտգենի միջով, և այդ համակարգը կա՛մ վերլուծողի, կա՛մ արհեստական բանականության գործիքով ապագայում վերլուծելու է, և այդ թիրախները ընտրի, թե ինչն է պետք զննել»,- ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, շարունակելով.-«ժամանակի ընթացքում, պատկերացրեք մի ապագա, որտեղ դրանք զննելու արդյունքում ոչինչ չի բացահայտվում և այդտեղ կարիք չկա միջամտելու: Բայց եթե ինչ-որ մի տեղ բան կբացահայտվի, իհարկե, կարիք կա միջամտելու, այսինքն՝ «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» ասվածը նաև այս տրամաբանությունը ունի։ Դա ինչ է նշանակում, որ դու բեք օֆիսային աշխատանք ես անում, ռիսկերը թիրախավորում ես, նոր հետո քո ֆրոնտ օֆիսի տեսուչը կամ աշխատակիցը դուրս է գալիս համապատասխան վայր և անում է զննում կամ այլ գործառույթներ։ Հիմա նույնը ռիսկերի համակարգին է վերաբերում։ Մենք գիտեք, որ մաքսային համակարգում գործում են ռիսկերի համակարգ, պարզապես բեռները կամ մեքենաները չեն անցնում սահմանները»,- շեշտեց Պեկ նախագահը:
TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան փաստաթղթում նշվում է, որ հաճախորդների առերես սպասարկումն իրականացվելու է մասնավոր ընկերության աշխատակիցների կողմից: Այսինքն՝ ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես: Թե որ ընկերությունն է զբաղվելու այդ աշխատանքներով, հայկական կո՞ղմն է ընկերության ընտրությամբ զբաղվելու, թե հայ-ամերիկյան ընկերությունը, ինչ պարամետրերով է լինելու ընտրությունը, ՊԵԿ նախագահն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց.
«Դեռ հայտնի չէ այն, ինչ Դուք հարցնում եք, այսինքն՝ ինչ կազմակերպություններ են լինելու, նույն այդ ֆրոնտ օֆիսը ինչ կազմակերպություն է սպասարկելու, բայց այդ աշխատանքային խումբը, որը կա, որին մենք ակտիվ մասնակցում ենք, այդ հարցերի պատասխանները ժամանակի ընթացքում կունենա։ Ու ոնց ես այսօր շատ բաց ու անկեղծ խոսեցի նրա մասին, ինչն այս պահին հստակ է և հրապարակման ենթակա է, այդ նույն տրամաբանությամբ մենք շարունակենք ձեր հետ շփվել և կիսվել»,- ասաց Էդուարդ Հակոբյանը:
Պաշտոնյան շեշտեց նաև, որ ամերիկյան կողմի հետ իրականցվող երթուղում ԵԱՏՄ կանոնակարգերն են գործելու։
Շաբաթներ առաջ լրագրողները վարչապետից էին հետաքրքվել՝ արդյոք «ֆրոնտ օֆիս-բեք օֆիս» մոդելի ընտրությունը չի՞ նշանակում, որ հայ մաքսավորներն ու սահմանապահները երկրորդ պլանում են լինելու, օրինակ, ինչպես հիմա «Զվարթնոցում» է, TRIPP-ի վրա հայ սահմանապահները անձամբ ստուգելո՞ւ են մեկնող-ժամանողներին։
«Փաստաթղթում հստակ նշված է, որ ֆրոնտ օֆիսը կամ ընդունարանը չի որոշում, որոշումներ կայացնում են Հայաստանի պետական համապատասխան մարմինները, այսինքն՝ բեք օֆիսը: «Զվարթնոց» օդանավակայանի կարգավորումները գործում են արդեն շատ երկար ժամանակ, և դրանից Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հենց «Զվարթնոցի» հետ կապված կարգավորումներով որևէ կերպ չի տուժել, և հետևաբար այն, ինչ տեղի է ունենում «Զվարթնոց» օդանավակայանում, նույնը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած այլ տարածքում, և դա մեզ համար ընդունելի է»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը:
TRIPP նախագծին հայաստանյան այցի ընթացքում անդրադարձել է նաև ԱՄՆ փոխնախագահը: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է՝ ԱՄՆ-ը շատ դրական և կառուցողական դեր է խաղալու այս գործում։ Ջեյ Դի Վենսի կարծիքով, ներդրողների պակաս չի լինելու, սակայն ծրագրի հաջող ընթացքը Ամերիկայի փոխնախագահը կապել էր խաղաղության համաձայնագրի ապագայի հետ: Ջեյ Դի Վենսը նաև հնարավոր ներդրումների թիվ չէր նշել: