Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը, Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումից հետո հայտնել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի խոսնակը։
«Նախագահ Ալիևը և փոխնախագահ Վենսը քննարկել են նախագահ Թրամփի՝ Հայաստանում և Ադրբեջանում խաղաղություն հաստատելու նախաձեռնության հաջորդ քայլերը։ Նրանք կենտրոնացել են առևտրի և բարգավաճման, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, նաև խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) համար պայմանագրերի կնքման և թույլտվությունների, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան», - փոխանցել է փոխնախագահի խոսնակը։
Ամերիկյան կողմը, սակայն, չի մանրամասնել՝ ինչ արձագանք է եղել ադրբեջանական կողմից, և կան արդյոք այս հարցով պայմանավորվածություններ։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և նրա կինը՝ Ուշա Վենսը այցելել են Բաքվում գտնվող Շեհիդների պուրակ։
Պետական «Ազերթաջ» գործակալության հաղորդմամբ՝ «ԱՄՆ փոխնախագահը հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի անկախության համար զոհվածների հիշատակին և ծաղկեպսակ դրել «Հավերժական կրակ» հուշահամալիրի մոտ»։
Ադրբեջանը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել են, թե պատրաստ են համագործակցել հանքային պաշարների՝ միջազգային շուկաներ տեղափոխումը դյուրացնելու ուղղությամբ՝ Միջին միջանցքի միջոցով։ Այդ մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասվում է երկու երկրների միջև այսօր ստորագրված ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրում:
Փաստաթղթում նաև նշվում է, որ Ադրբեջանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել մարդասիրական ականազերծման ոլորտում՝ ֆինանսական աջակցության և տեխնոլոգիաների փոխանցման միջոցով, հաշվի առնելով «այն լուրջ դժվարությունները, որ ծառացել են Ադրբեջանի առջև»։
«Երեք մարդ պատմական խաղաղություն են կերտել {Թրամփը, Ալիևն ու Փաշինյանը}, և ապագայում էլ բարգավաճում կկերտեն մի վայրում որտեղ մի ժամանակ միայն կռիվ էր», - իր ելույթը շարունակել է Ջեյ Դի Վենսը՝ հավելելով՝ ուրախ եմ գտնվել Բաքվում:
«Նախքան ժամանելս աշխատակազմիս ասում էի, որ նախագահ Թրամփից հետո մյուս առաջնորդը, որ լավ հարաբերություններ ունի և՛ թուրքերի, և՛ իսրայելցիների հետ, նախագահ Ալիևն է: Դա երկու բան է նշանակում՝ կա՛մ տեղական խոհանոցը շատ համով է, կա՛մ էլ նա [Ալիևը] շատ «աստղով» մարդ է:
Կարող եմ հաստատել, որ իսկապես շատ աստղով մարդ է, մի քիչ հետո էլ ուտելիքը կստուգենք», - ասել է ամերիկացի պաշտոնյան:
Իր ելույթում Վենսը կատակներ նաև արեց. «Ինչպես հասկանում եմ՝ այստեղ փոխնախագահը նախագահի կինն է: Հույս ունեմ, որ դա Ուշայի (Վենսի տիկինը-խմբ.) գլխում մտքեր չի ծնի»:
Վենսը նաև հայտարարել է, որ TRIPP նախագիծն արդեն իրականացվում է, և այն Ադրբեջանի համար լրացուցիչ տնտեսական հնարավորություններ կստեղծի՝ թույլ տալով բնական պաշարներն ավելի հեշտ արտահանել։
«Ես առաջիններից մեկն եմ, որ թռչել է «Թրամփի ուղու» վրայով, և մենք հույս ունենք, որ այն կհանգեցնի տնտեսական, բնական պաշարների, հազվագյուտ հանքանյութերի ոլորտում համագործակցության և իսկապես կամրապնդի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը», - ասել է նա:
«Մենք բարեկեցություն կստեղծենք այնտեղ, որտեղ նախկինում եղել է հակամարտություն», - հավելել է Վենսը՝ շարունակելով՝ հակամարտություններն ու պատերազմները կանխելու կարևորագույն գործոններից մեկն այն է, որ երկու ժողովուրդները միասին աշխատեն և հասնեն մեծ բարեկեցության։
Նա շեշտել է՝ առանց նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի առաջնորդության խաղաղության համաձայնագրին հնարավոր չէր լինի հասնել:
«Խաղաղությունը ստեղծվել է Միացյալ Նահանգների նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից։ Համատեղ ջանքերի արդյունքում խաղաղություն է հաստատվել այնտեղ, որտեղ նախկինում պատերազմ էր։ Ապագայում մենք բարեկեցություն կստեղծենք այն վայրերում, որոնք երբևէ նշանավորվել են միայն մարտերով և հակամարտությամբ», -ըստ ադրբեջանական APA-ի՝ ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։
«Մենք շարունակելու ենք սերտորեն համագործակցել Միացյալ Նահանգների հետ անվտանգության հետ կապված հարցերի շուրջ», - Բաքվում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ մամուլի համար հայտարարության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
APA-ի փոխանցմամբ՝ Ալիևն ասել է, որ այն խարտիան, որը սահմանել են որպես համատեղ աշխատանքի հիմք, ընդգրկում է համագործակցության տարբեր ուղղություններ։
«Մենք շարունակելու ենք սերտ աշխատանքն անվտանգության ոլորտի հարցերով, ինչպես նաև էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրների շուրջ», - հայտարարել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը հայտնել է համագործակցության նոր էջ բացելու մասին, այդ թվում՝ պաշտպանական սարքավորումների վաճառքի ուղղությամբ։
ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը երկար տարիներ կարևոր ռազմավարական համագործակցություն են իրականացրել: «Գուցե շատերը չգիտեն, բայց Ադրբեջանը Աֆղանստանից վերջինը հեռացած երկրներից էր։ Մենք բարդ պայմաններում իրականացրել ենք գործողություններ և կարողացել ենք այդ ընթացքում պահպանել մեր հեղինակությունը», - ըստ APA-ի՝ ասել է Վենսը։
Ալիևն իր ելույթում նշել է, որ Թրամփ-Վենս վարչակազմի ամենակարևոր արդյունքներից մեկը «Թրամփի ուղին» է, որը ոչ միայն Ադրբեջանի երկու մասերն է կապելու իրար, այլև «կլինի շատ հուսալի, անվտանգ, մեծածավալ տրանսպորտային միջանցք, որը կկապի Ասիան Եվրոպայի հետ Ադրբեջանի, Հայաստանի տարածքով»:
«Մենք նաև պաշտպանական ոլորտում առևտրի, ինչպես նաև արհեստական բանականության տվյալների կենտրոնների էջ ենք բացում», - հավելել է նա:
«Թրամփի երթուղին» ոչ միայն կմիացնի Ադրբեջանի երկու հատվածները, այլև կդառնա խոշոր տրանսպորտային միջանցք՝ շատ հուսալի և անվտանգ ձևով։ Այն Ադրբեջանի տարածքով կմիացնի Ասիան Եվրոպային, և դրան կմասնակցեն նաև Հայաստանը և այլ հարևան երկրներ», - APA-ի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ։
Ալիևը հայտարարել է, որ այս նախագիծը ընդհանուր առմամբ կխթանի խաղաղությունը տարածաշրջանում։
Իլհամ Ալիևն ու Ջեյ Դի Վենսը ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական համագործակցության կանոնադրություն ստորագրեցին:
Ադրբեջանի նախագահը հայտնեց, որ Բաքուն ու Վաշինգտոնը վեց ամիս աշխատել են փաստաթղթի վրա: Ալիևը երախտագիտություն հայտնեց Թրամփ-Վենս վարչակազմին՝ Ադրբեջանի նկատմամբ «շատ դրական» վերաբերմունքի համար:
«Մեծ պատիվ է լինել աշխարհի ամենահզոր երկրի ռազմավարական գործընկերը», - հայտարարեց Ադրբեջանի նախագահը:
ԱՄՆ փոխնախագահը Բաքվում տեղական ժամանակով ժամը 17:47 է ժամանել նախագահական պալատ, որտեղ նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահը։
Ընդլայնված կազմով երկկողմ հանդիպման ընթացքում Վենսը և Ալիևը կարճ հայտարարություններով են հանդես եկել տեսախցիկների առջև։
Ալիևը նշել է, որ մեծ պատիվ է հյուրընկալել Վենսին Ադրբեջանում։ Նա ասել է, որ վերջին վեց ամիսներին երկու հանդիպում է ունեցել Դոնալդ Թրամփի հետ, և ընդգծել է փոխադարձ շահերի առկայությունը։
Վենսը փոխանցել է, որ նախագահ Թրամփը հղում է իր լավագույն մաղթանքները և երախտապարտ է գործընկերության համար։
Փոխնախագահը չի արձագանքել հնչեցված հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում կբարձրացնի Ադրբեջանում բանտարկված տասնյակ ակտիվիստների և լրագրողների խնդիրը։ Լրագրողներին սրահից ուղեկցելիս Վենսը և Ալիևը ծիծաղել են։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի միջև սահմանափակ կազմով հանդիպում է սկսվել, հայտնում է ադրբեջանական APA-ն: