Մատչելիության հղումներ

TRIPP-ով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահներին հանդիպելո՞ւ են. վարչապետի մեկնաբանությունը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ չի պատասխանում հարցին՝ TRIPP-ով անցնելիս ադրբեջանցիները հայ սահմանապահներին հանդիպելո՞ւ են, թե՞՝ ոչ:

«Տեքստը տալիս է ձեր բոլոր հարցերի պատասխանները՝ ասելով, որ մաքսային, սահմանային ոլորտներում Հայաստանի սուվերեն գործառույթները անքննարկելի են», - այսօր ասաց նա:

Նախօրեին հրապարակված TRIPP-ի գործնական կիրառության հայ-ամերիկյան փաստաթղթում գրված է, որ կներդրվեն թվային գործիքներ՝ «անխոչընդոտ կապը դյուրացնելու համար»:
Ըստ դրա՝ հաճախորդների առերես սպասարկումը, այսինքն՝ շփումը, կիրականացվի մասնավոր ընկերության աշխատակիցների միջոցով: Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես:

Հայաստանցի սահմանապահներին ու մաքսավորները, ըստ ընտրված մոդելի, վերջնական որոշումների ու ձևակերպումների, անվտանգության ստուգման, զննման լիազորություններ ունեն: Եթե մասնավոր ընկերության օպերատորին ընդունարանում՝ այսպես կոչված ֆրոնթ օֆիսում աշխատելու դերն է վերապահվելու, պետական մարմինների աշխատակիցները գործելու են բեք օֆիսում:

Արդյոք «ֆրոնթ օֆիս-բեք օֆիս» մոդելի ընտրությունն չի նշանակում, որ հայ մաքսավորներն ու սահմանապահները երկրորդ պլանո՞ւմ են լինելու, օրինակ, ինչպես հիմա «Զվարթնոցում» է, TRIPP-ի վրա հայ սահմանապահները անձամբ չե՞ն ստուգելու մեկնող-ժամանողներին, այսօրվա ճեպազրույցում հարցրին վարչապետին:

«Փաստաթղթում հստակ նշված է, որ ֆրոնտ օֆիսը կամ ընդունարանը չի որոշում, որոշումներ կայացնում են Հայաստանի պետական համապատասխան մարմինները, այսինքն՝ բեք օֆիսը: «Զվարթնոց» օդանավակայանի կարգավորումները գործում են արդեն շատ երկար ժամանակ, և դրանից Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը հենց «Զվարթնոցի» հետ կապված կարգավորումներով որևէ կերպ չի տուժել, և հետևաբար այն, ինչ տեղի է ունենում «Զվարթնոց» օդանավակայանում, նույնը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած այլ տարածքում, և դա մեզ համար ընդունելի է», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստի հենց սկզբում վարչապետն արդեն հայտարարեց՝ Ադրբեջանին Սյունիքով անցնող TRIPP-ով անխոչընդոտ անցում տրամադրելու մասին. «Տրամադրված եմ և միանշանակ գնալու ենք դրան, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու այն սկզբունքներով, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Մեր տրամադրությունն այն է, որ այստեղ էլ մենք պետք է հակամարտության տրամաբանությունից դուրս գանք և գանք արդեն նորմալ, խաղաղությանը հարիր մթնոլորտի և տրամաբանության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG