TRIPP-ի հատվածում երկաթուղին կառավարելու է «TRIPP» ընկերությունը, այսօրվա ճեպազրույցին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցի:
«Այդտեղ ընդհանրապես երկրորդ կարծիք չկա»,-ասաց նա։
Նա նշեց, որ այդ հատվածը միանալու է Հայաստանի ընդհանուր երկաթուղային ցանցի հետ:
«Ես մեր դիրքորոշման մասին ասել եմ, և մեր դիրքորոշումը մնալու է դա», - ասաց Փաշինյանը:
Վարչապետ Փաշինյանը ապրիլի 1-ին Մոսկվա մեկնելուց առաջ հրապարակային հայտարարել էր՝ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը: Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին լարված խոսակցությունից հետո Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չէր թաքցրել՝ երկաթուղու հարցով համաձայնություն Ռուսաստանում ձեռք չի բերվել:
Փաշինյանն այսօր ասաց, որ այդ հարցում նորություն չկա, կա աշխատանք:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը երեկ ասել է, որ Երևանի կողմից «Հարավկովկասյան երկաթուղու» կառավարումը զիջման հանձնելու անհրաժեշտության մասին հայտարարությունները տարօրինակ են: