Մատչելիության հղումներ

Իրանի շուրջ պատերազմը կարող է բարդացնել Թրամփի կովկասյան միջանցքի ծրագիրը. Թոմաս դե Վաալ

Հայաստանը հայտարարում է, որ Միացյալ Նահանգների աջակցությունը վայելող տրանսպորտային նախագիծն արդեն իսկ գաղափարից իրականության է վերածվում: Իրանի շուրջ լարվածության սրումը, սակայն, կարող է արագորեն դանդաղեցնել առաջընթացը՝ մեծացնելով անվտանգության ռիսկերը և հետ պահելով ներդրողներին, «Ազատություն» ռադիոկայանին ասել է Կովկասի հարցերով հայտնի վերլուծաբան Թոմաս դե Վաալը:

«Քարնեգի Եվրոպա»-ի ավագ գիտաշխատողը փաստել է՝ քանի դեռ Իրանի դեմ ռազմական գործողությունները շարունակվում են, այդ երկրի սահմանի մոտ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների տեղակայումը՝ ուսումնասիրությունների, անվտանգության ապահովման կամ վերահսկողության իրականացման նպատակով, դժվար կլինի։ Սա, իր հերթին, հարցականի տակ է դնում նախագիծն արագորեն հայտարարություններից գործնական փուլ տեղափոխելու ծրագրերը։

«Ազատություն». - Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական մթնոլորտը, ի՞նչը կարող է իրատեսորեն դանդաղեցնել կամ խափանել TRIPP-ի իրականացումը մոտ ապագայում։

Թոմաս դե Վաալ. - Կարծում եմ՝ առաջին փուլում TRIPP-ի շուրջ մեծ եռանդ կար, քանի որ ամերիկացիները առաջ էին մղում այն։ Այնուհետև հունվարին Վաշինգտոնում կարևոր համաձայնագիր կնքվեց, դրան հաջորդեց Ջեյ Դի Վենսի այցը տարածաշրջան, որը ամրապնդեց Վաշինգտոնի հարաբերությունները երկու երկրների հետ։ Հիմա մենք հասել ենք իրականացման փուլին, և կարծում եմ, որ հիմնական խոչընդոտները մեծ մասամբ վերացված են։

Նպատակն է երկաթուղին կառուցել կամ դրա կառուցումը մեծ մասամբ ավարտել մինչև Թրամփի երկրորդ ժամկետի ավարտը՝ 2028 թվականին։ Ակնհայտ է, որ դրա համար կա քաղաքական ցանկություն։ Ցավոք, կարծում եմ, որ Իրանում պատերազմը բարդացնում է իրավիճակը երկու պատճառով։ Նախ, դժվար կլինի տեղակայել ամերիկացիներին Իրանի սահմանի մոտ՝ ուսումնասիրություններ կատարելու կամ աշխատանքները վերահսկելու նպատակով։ Դա պարզապես չափազանց վտանգավոր է, քանի դեռ կա հակամարտություն Իրանի հետ։

Երկրորդ՝ նրանք ցանկանում են մասնավոր միջոցներ ներգրավել TRIPP-ի իրականացման շրջանակներում։ Ամերիկյան նախնական ներդրումը կազմում է մոտ 400 միլիոն դոլար, բայց նրանց անհրաժեշտ են նաև մասնավոր ներդրումներ։ Մինչդեռ, հիմա դժվար կլինի ներդրողներ ներգրավել այնպիսի նախագծի համար, որը իրականացվում է Իրանի հարևանությամբ։

Այսպիսով, կարծում եմ՝ շատ բան կախված է նրանից, թե ինչպես կընթանա Իրանի շուրջ հակամարտությունը։ Որքան երկար այն շարունակվի, այնքան ավելի շատ կլինեն այս նախագծի մրցակիցները, օրինակ՝ ռուսները։ Վերջին շաբաթվա ընթացքում մենք ակնհայտ տեսանք Բաքվի և Մոսկվայի միջև որոշակի հաշտեցման սկիզբ, ինչը, կարծում եմ, պատահական չէ, և ակնհայտ է, որ Վրաստանը դեռևս հիմնական տարանցիկ ուղին է։ Եվ գուցե նաև պատահական չէ, որ [Ադրբեջանի նախագահ Իլհամ] Ալիևը վերջերս այցելել էր Վրաստան։

«Ազատություն». - Իրանն ի սկզբանե դեմ է եղել TRIPP-ին։ Գործնականում ի՞նչ կարող է Թեհրանն անել՝ նախագծին խոչընդոտելու համար, և արդյո՞ք շարունակվող պատերազմը փոխել է նրա լծակները կամ գործելու պատրաստակամությունը։

Թոմաս դե Վաալ. - Մենք տեսանք, թե ինչ ազդեցություն ունեցան տարածաշրջանի վրա Նախիջևանի օդանավակայանի մոտ ընկած ընդամենը մի քանի անօդաչուները։ Վտանգի տպավորություն ստեղծելու համար անհրաժեշտ է ընդամենը մեկ կամ երկու հրթիռ, և դա արդեն իսկ խնդիրներ է առաջացնում։

Իրանի շուրջ զարգացումների բազմաթիվ սցենարներ կան․ Միացյալ Նահանգների հետ հակամարտության շարունակությունը, կամ կոշտ ռեժիմի պահպանումը, կամ անկայունության առաջացումը, նույնիսկ ներքին անկարգություններ։ Կարծում եմ, որ TRIPP-ի առումով այդ բոլոր սցենարները մարդկանց մոտ ավելի շատ մտահոգություններ կառաջացնեն։

«Ազատություն». - Իսկ ի՞նչ կասեք Ռուսաստանի մասին։ Ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը TRIPP-ի հարցում այս պահին։

Թոմաս դե Վաալ. - Ռուսաստանը դիտարկում է յուրաքանչյուր պահը և փորձում է դրանից լավագույնը ստանալ։ Եթե TRIPP-ը իրագործվի, Ռուսաստանը կցանկանա օգտագործել այն և համագործակցել ամերիկացիների հետ։ Վստահ եմ՝ նրանք քննարկում են դա։
Եթե խնդիրներ լինեն, Ռուսաստանը կարող է ասել. «Դուք կարող եք ապավինել մեզ, մենք ավելի լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ»։ Այսպիսով, Ռուսաստանը դիտարկում է բոլոր տարբերակները։

«Ազատություն». - Ըստ որոշ հաղորդագրությունների՝ Միացյալ Նահանգների ուշադրությունը շեղվում է TRIPP-ից, քանի որ ԱՄՆ-ն զբաղված է Իրանով: Ինչ ե՞ք կարծում, արդյոք Վաշինգտոնի հանձնառությունը թուլանում է։

Թոմաս դե Վաալ. - Ոչ, ես դա չեմ տեսնում: Այս համաձայնագիրը շատ կարևոր է Թրամփի վարչակազմի և անձամբ Դոնալդ Թրամփի համար: Այն կրում է նրա անունը, ուստի նաև հեղինակության հարց է: Ամերիկյան կողմի համար մեծ խթան կա այն իրականացնելու համար:

«Ազատություն»․ - Իսկ ի՞նչ կասեք ֆինանսավորման մասին: Կա՞ արդյոք վտանգ, որ TRIPP-ի ֆինանսավորումը բավարար չլինի:

Թոմաս դե Վաալ. - Հարավային Հայաստանով՝ Սյունիքով դեպի Նախիջևան ձգվող երկաթուղին ընդամենը 42 կիլոմետր է: Կարծում եմ, որ դրա համար գումար կարելի է գտնել տարբեր աղբյուրներից՝ տարածաշրջանային դերակատարներից, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան, Պարսից ծոցի երկրները, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և միջազգային բանկերը:

Ավելի խնդրահարույց են TRIPP-ից դուրս՝ այլ նախագծերը: Օրինակ՝ Կարս-Դիլուջու երկաթուղին կարող է արժենալ մոտ 2.5 միլիարդ դոլար, և այդ նախագծի ծախսը կարող է է՛լ ավելի բարձրանալ լեռնային տեղանքի և թունելներ կառուցելու անհրաժեշտության պատճառով: Այնպես որ, այստեղ հարցականներ կան, բայց ես բավականին վստահ եմ, որ բուն TRIPP երկաթուղու համար ֆինանսավորումը կարելի է գտնել:

«Ազատություն». - Հունիսի 7-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը ձգտելու է վերընտրվել վարչապետի պաշտոնում Մոսկվայի հետ հարաբերություններում տարիներ շարունակ լարվածության և Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ ներքին քննադատության ֆոնին։ Արդյո՞ք Արևմուտքը բավարար միջոցներ է ձեռնարկում Հայաստանի ընտրություններից առաջ ռուսական ազդեցությանը հակազդելու համար։

Թոմաս դե Վաալ. - Կարծում եմ՝ Արևմուտքը ձեռնարկում է բավարար միջոցներ։ Աշխատանքի մեծ մասը կատարվում է կուլիսներում, այդ թվում՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող անվտանգության ոլորտի աջակցությունը՝ Փաշինյանին հնարավոր վտանգներից ֆիզիկապես պաշտպանելու համար։

Ես Ռուսաստանի ջանքերը Հայաստանում շատ հաջող չեմ համարում։ Արդյունավետ լինելու համար ռուսներին անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն, որի հետ նրանք կարող են աշխատել, իսկ նման ընդդիմություն իրականում գոյություն չունի։

Կա նաև հետաքրքիր հարց Ադրբեջանի տեսանկյունից. արդյո՞ք Ադրբեջանում նախընտրում են ուժեղ ղեկավարություն Հայաստանում։ Ոմանք Ադրբեջանում ասում են՝ այո, մյուսները մտահոգված են, որ ավելի ուժեղ Փաշինյանը կլինի ավելի անկախ և ավելի մոտ Արևմուտքին և խնդիր կստեղծի նրանց համար։ Բայց ընդհանուր առմամբ, ես կզարմանամ, եթե Փաշինյանը վստահ հաղթանակ չտանի։

Հարցազրույցը խմբագրվել է հակիրճության և պարզության նպատակով:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG