Փաշինյան-Պուտին մոսկովյան վերջին լարված խոսակցությունից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր չի թաքցրել՝ երկաթուղու հարցով համաձայնություն Ռուսաստանում ձեռք չի բերվել, ինչպես փոխվարչապետն է ասել՝ «չկա կոնկրետություն»:
Փոխվարչապետի «Ազատության» հարցուպատասխանը՝ ստորև.
«Ազատություն».- Եթե ռուսական կառավարումը Հայաստանի շահերից չի բխում, ի՞նչ է անելու հայկական կողմը։
Մհեր Գրիգորյան.- «Պիտի լուծումներ գտնենք»։
«Ազատություն.- Նախնական ինչ-որ քննարկումներ կա՞ն։
Մհեր Գրիգորյան.- «Ես չեմ կարող հիմա ասել։ Դուք գիտեք, դա բավականին բարդ հարց է, հնարավոր չի սենց պահի տակ ասել՝ այ սենց լուծում կարելի է տալ, դա լուրջ չի լինի»։
«Ազատություն».- Եթե ամբողջական կառավարման իրավունքի հարց պետք է բարձրացվեր, ինչո՞ւ էր Հայաստանը այդ դեպքում առաջարկում կառուցել այն 2 հատվածները։
Մհեր Գրիգորյան.- «Ես կարծում եմ, այն, ինչ պաշտոնապես տեղի է ունեցել, այո, մենք առաջարկել ենք կառուցել 2 հատվածները, որպեսզի երկաթգիծը, ի վերջո, լիարժեք լինի և պատրաստ լինի ապաշրջափակման գործընթացի։Դա շատ կոնկրետ, ֆորմալ գործընթաց է և, այո, նման առաջարկ եղել է, մնացած հարցերն ուղղակի քննարկվում են, որևէ կոնկրետություն չկա այս պահին։ Ամեն դեպքում այդ լրանորոգումը պիտի արվի։
«Ազատություն».- Իսկ այդ հարցով կա՞ համաձայնություն։
Մհեր Գրիգորյան.- «Պատրաստակամության վերաբերյալ, այո, հայտարարություն եղել է, որ, այո, պատրաստ են դա անել, բայց ուզում են լրացուցիչ հաշվարկներ և հետազոտություններ»։
Հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցով Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան - Պուտին բանակցություններից հետո կողմերը թեև համաձայնության չեն հասել, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո հայտարարել էր՝ երկաթուղու կառավարման պայմանագիրը միակողմանի խզելու ծրագիր չունեն:
Վարչապետ Փաշինյանը Մոսկվա մեկնելուց մեկուկես ամիս առաջ հրապարակային հայտարարել էր՝ հայկական երկաթուղու ռուսական կառավարման պատճառով տարածաշրջանային ապաշրջափակման ընդհանուր համատեքստում Հայաստանը կորցնում է մրցակցային առավելությունը: