Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրահանգել է բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ, հաղորդում է պետականամետ Fars-ը՝ իր աղբյուրներին հղում անելով: Ըստ գործակալության նույն աղբյուրների՝ բանակցությունները նվիրված կլինեն բացառապես Իրանի միջուկային ծրագրին:
Իշխանական Tasnim-ն էլ հաղորդում է, որ բանակցությունները կարող են սկսվել առաջիկա օրերին, թեև դրանց անցկացման օրն ու տեղը դեռ որոշված չէ: Իրանից բանակցություններին կարող է մասնակցել արտգործնախարարը, իսկ ԱՄՆ-ից՝ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
Մինչ այդ Միացյալ Նահանգների նախագահը հույս էր հայտնել, որ դեռ հնարավոր է Իրանի հետ համաձայնության հասնել երկրի միջուկային ծրագրի շուրջ այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրեց, որ երկրի վրա ԱՄՆ հնարավոր հարձակումը կարող է ավելի լայն հակամարտության հանգեցնել։
«Իհարկե նա այդպես պիտի ասեր։ Բայց Իրանին շատ մոտ են մեր նավերը, որոնք աշխարհի ամենամեծ, ամենահզոր նավերն են։ Եվս մի քանի օր, և հուսով եմ՝ կկնքենք համաձայնագիր։ Եթե չկնքենք, ապա կիմանանք՝ նա ճի՞շտ էր, թե՞ ոչ», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանն անմիջապես բանակցությունների նստի իր միջուկային ծրագրի շուրջ և հրաժարվի միջուկային զենք ստեղծելու մտադրությունից, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ ուրանը խաղաղ նպատակներով է հարստացնում:
Իրանի գերագույն առաջնորդն էլ մինչ այդ հայտարարել էր, որ պատերազմ սկսելու ԱՄՆ սպառնալիքները նոր չեն և Իրանին չեն վախեցնում: Այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Իրանը կոշտ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի իր վրա, ապա հավելել՝ եթե ԱՄՆ-ն պատերազմ սկսի, այս անգամ դա տարածաշրջանային պատերազմի կվերածվի։
«Իրանցիները չեն վախենում արդար բախումից։ Մենք չենք նախաձեռնողները և չենք ցանկանում հարձակվել որևէ երկրի վրա, բայց իրանական պետությունը կոշտ հարված կհասցնի յուրաքանչյուրին, ով կհարձակվի իր վրա և կհետապնդի իրեն», - ասել էր Խամենեին:
Իրանի արտգործնախարարն, իր հերթին, CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը չի ցանկանում պատերազմ, թեև լիովին պատրաստ է դրան, ընդ որում՝ շատ ավելի լավ, քան անցած տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ:
Աբբաս Արաղչին նշել է, որ «որոշ տարրեր» ակնհայտորեն ցանկանում են Դոնալդ Թրամփին ներքաշել պատերազմի մեջ՝ իրենց շահերից ելնելով, ապա համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ նախագահը բավականին խելացի է, որպեսզի ճիշտ որոշում կայացնի:
Նրա խոսքով՝ Իրանը կորցրել է վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ, որը 2018-ին միակողմանի դուրս եկավ միջուկային ծրագրի շուրջ գործարքից, իսկ անցած հունիսին էլ Իսրայելի հետ հարվածեց Իրանին՝ այն դեպքում, երբ Թեհրանը ցանկանում էր բանակցել: Բանակցելու համար նաև պետք է վերականգնվի Իրանի վստահությունը, ասել է արտգործնախարարը:
«Մենք ամերիկացիների հետ բանակցելու լավ, դրական փորձառություն չունենք: Իմաստալից բանակցություններ սկսելու համար մենք պետք է հաղթահարենք այս անվստահությունը», - ընդգծել է Արաղչին:
Ըստ նախարարի՝ նոր բանակցություններ հնարավոր են, եթե ամերիկյան թիմը կատարի այն, ինչ Թրամփը գրել էր սոցցանցում՝ հասնել արդար և հավասար պայմաններով գործարքի: «Եթե այդպես է, վստահ եմ՝ կարող ենք համաձայնության հասնել», - ասել է նա։
Արտգործնախարարության խոսնակն էլ այսօր հայտարարել է, որ Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի հետ լարվածությունը կարգավորելու՝ դիվանագիտական տարբեր խողովակներով ընթացող գործընթացների մանրամասները և արդյունքներ է ակնկալում առաջիկա օրերին։ Թեհրանը նաև ցանկանում է, որ շուտափույթ վերացվեն պատժամիջոցները, ասել է Էսմայիլ Բաղային։
«Իրանի միջուկային ծրագրի շուրջ մտահոգությունների հետ կապված վստահության ամրապնդման և պատրվակները վերացնելու դիմաց, անկասկած, մեր պահանջն է չեղարկել վերջին տարիներին Իրանի ժողովրդի նկատմամբ կիրառված անարդար պատժամիջոցները», - նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Reuters-ը իրանցի երեք աղբյուրի հղումով հայտնում է, որ անցած շաբաթ Թրամփը երեք նախապայման է առաջ քաշել բանակցությունների վերսկսման համար՝ Իրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից, սահմանափակի բալիստիկ հրթիռների ծրագիրը և դադարեցնի տարածաշրջանում իր պրոքսիներին աջակցությունը:
Իրանը վաղուց մերժել է բոլոր երեք պահանջները՝ պնդելով, որ երեքն էլ իր ինքնիշխանության անընդունելի խախտում են: Սակայն երկու իրանցի պաշտոնյաներ գործակալությանն ասել են՝ հոգևոր իշխանությունը համարում է, որ եթե ուրանի հարստացման դեպքում զիջումները հնարավոր են, ապա հրթիռային ծրագիրը սակարկելի չէ: