ԱՄՆ-ն նախագահի՝ Իրանին ուղղված սպառնալիքներից ժամեր անց Թեհրանից հայտարարում են, որ մտադիր են երկու-երեք օրվա ընթացքում պատրաստել ԱՄՆ-ի հետ հնարավոր միջուկային համաձայնագրի նախագիծը: MS NOW-ի հետ հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձևավորված ճգնաժամը դիվանագիտությամբ է հնարավոր կարգավորել, այն ռազմական լուծում չունի։
«Այն, ինչի շուրջ հիմա խոսում ենք, այն է, թե ինչպես համոզվել, որ Իրանի միջուկային ծրագիրը, այդ թվում՝ հարստացումը, խաղաղ բնույթ է կրում և միշտ կմնա խաղաղ», - ասել է նա։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, թե իր երկրի միջուկային կարողությունները չեն կարող վերացվել հարվածների միջոցով, պնդելով, թե ԱՄՆ-ից անցած տարի չհաջողվեց դա անել, երբ հարվածեց միջուկային օբյեկտներին. «Ես հրահանգել եմ իմ տեխնիկական ու դիվանագիտական թիմերին, որ նրանք աշխատեն հնարավոր գործարքի տարբեր ասպեկտների վրա։ Ես ուղիղ կապի մեջ եմ Ռաֆայել Գրոսսիի հետ՝ լսելով նրա խորհուրդները։ Ես նաև կապի մեջ եմ Սթիֆ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Երբ էլ անհրաժեշտ լինի, մենք կարող ենք նստել միասին՝ մեկ անգամ ևս տեսնելու, թե ինչպես կարող ենք գալ արդար գործարքի։ Ինչպես նախագահ Թրամփն է նշել, արդար գործարքը հնարավոր է»:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երեկ դարձյալ սպառնացել էր Իրանին «վատ» հետևանքներով, եթե Թեհրանը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության չգա։ Թրամփի այս հայտարարությունը հաջորդում է միջուկային ծրագրի վերաբերյալ շաբաթասկզբին տեղի ունեցած բանակցությունների երկրորդ փուլին, որի ընթացքում կողմերը շոշափելի արդյունքի մասին չեն հայտնել։
Սպիտակ տնից հայտնել էին, թե Ժնևում Իրանի հետ անուղղակի բանակցություններում փոքր առաջընթաց է գրանցվել, բայց շատ հարցեր դեռ համաձայնեցված չեն. «Մենք կա՛մ գործարք ենք կնքելու, կա՛մ էլ հասնելու ենք գործարքի այս կամ այն կերպ»:
Դոնալդ Թրամփը չէր հստակեցրել, թե ինչպես է ԱՄՆ պատրաստվում գործարքին հասնել՝ ռազմակա՞ն, թե՞ այլ տարբերակով։ Ավելի վաղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Reuters-ին հաստատել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ժնևի բանակցություններից հետո Վաշինգտոնը Թեհրանից գրավոր առաջարկի է սպասում փակուղուց դուրս գալու վերաբերյալ. «Ես չեմ պատրաստվում խոսել ձեզ հետ այդ մասին: Բայց մենք կա՛մ գործարք կունենանք, կա՛մ դա նրանց համար շատ վատ հետևանքներ կունենա»:
ԱՄՆ նախագահն սպառնալից այս հայտարարություններն արել էր Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ուժերի զանգվածային կուտակումների ֆոնին, ինչը տարածաշրջանում լայնածավալ պատերազմի վախեր է առաջացրել։ Ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ ԱՄՆ-ն այնքան զորք ու ռազմական տեխնիկա է տեղակայել Մերձավոր Արևելքում, որ «պատրաստ է շաբաթավերջին Իրանին օդային հարվածներ հասցնել», եթե Թրամփը նման հրաման տա։
New York Times-ը գրել էր՝ չնայած ավելի վաղ Թեհրանի հասցեին ուղղված սպառնալիքներին, ԱՄՆ նախագահը հստակ որոշում չունի այս հարցում։
Երեկ Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում մեկնարկեցին Ռուսաստանի և Իրանի համատեղ ռազմածովային զորավարժությունները։
Բանակցությունների երկրորդ փուլից առաջ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել միջուկային ծրագրի շուրջ։ Նա կարծիք էր հայտնել, թե Թեհրանը չի ցանկանում անցյալ տարվա իրավիճակի կրկնությունը, երբ ԱՄՆ-ն հարվածեց իրանական միջուկային օբյեկտներին։
ԱՄՆ նախագահը միջուկային գործարքի հասնելու հնարավոր վերջնաժամկետ է նշել՝ առավելագույնը 15 օր:
Ամերիկյան լրատվամիջոցները նախօրեին գրել էին, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան զինուժին է միանում նաև աշխարհի ամենամեծ ավիակիր «Ջերալդ Ֆորդի» գլխավորած նավերի խումբը: ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայից իր ռազմական ինքնաթիռները տեղափոխել է Իրանին ավելի մոտ, նաև հակահրթիռային պաշտպանության լրացուցիչ համակարգեր է տեղակայել տարածաշրջանում։ Ամերիկացի փորձագետները չեն բացառում՝ Միացյալ Նահանգները կարող է թիրախավորել իրանական կարճ և միջին հեռահարության հրթիռները, միջուկային օբյեկտները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին առնչվող օբյեկտները։
ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների ֆոնին այսօր հեռախոսազանգ են ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները։ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին, ըստ ռուսական կողմի, քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը։